«Հայոց պատմություն» առարկան կդառնա «Հայաստանի պատմություն». ԿԳՄՍՆ նախագիծը
ԿԳՄՍ նախարարությունը շտապում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը:
Օրերս Փաշինյանը առաջարկել էր դպրոցներում դասավանդվող "Հայոց պատմություն" առարկան վերանվանել "Հայաստանի պատմություն": Սա քննադատությունների տեղիք էր տվել մասնագիտական շրջանակների կողմից:
Եվ ահա, շրջանառության մեջ է դրվել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հրապարակվել է e-draft հարթակում:
Հիմնավորման մեջ նշվում է.
1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի (այսուհետ՝ ՀՊՉ) 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա բովանդակային անհամապատասխանությունը վերանայելու անհրաժեշտությունից:
2. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և ներկա վիճակը առկա խնդիրները.
33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։
«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:
Հարկ է նշել, որ տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ։ Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը։
Կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես, Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ներկայացվում տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակներում (հղումներն առկա են):