Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 8-ի հրամանագրով Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)։
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Վերջին մեկ տարում Նաիրի Պետրոսյանը Հայաստանի արտգործնախարարության քարտուղարության խորհրդականն էր։ Նախկինում նա զբաղեցրել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։
Նաիրի Պետրոսյանը Հայաստանի ԱԳՆ-ում աշխատում է 1998 թվականից։
Նաիրի Պետրոսյանը մի քանի տարի եղել է նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը։ Իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո Պետրոսյանը զբաղվել է արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ձևավորմամբ։
Սահակ Սարգսյանը, որը ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր, Եթովպիայում Հայաստանի դեսպան է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերին։