Սերժ Սարգսյան. Սիրով հրավիրում ենք իրանական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում
Հայ-իրանական համաժողովներն ու ցուցահանդեսները դարձել են շատ կարևոր հարթակ՝ համախմբելով մեր երկրների պետական ու գործարար հատվածի ներկայացուցիչներին և նրանց հնարավորություն ընձեռելով քննարկելու առկա հիմնախնդիրները, մշակելու մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործուն մեխանիզմներ և ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ: Այս մասին Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ, իսկ ավելի ստույգ` այդ ներուժի ընդամենը մի չնչին մասն է օգտագործվում: Ուստի, ըստ Սերժ Սարգսյանի, անհրաժեշտ է մեր առևտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեր, որոնց հաջողված փորձն ունենք, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում։
«Պարոն Նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին՝ գալու Հայաստան և այստեղ գործ դնելու, ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին՝ նույնն անել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այստեղ ես անձնական հսկողության տակ կվերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում: Մենք ցանկանում ենք նաև, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկրների տնտեսությունների համար: Իհարկե, իրանցի շատ գործարարներ վաղուց արդեն հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում, սակայն հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի՝ դեռևս չօգտագործված ներդրումային հնարավորությունների բացահայտմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար: Թեև Հայաստանը փոքր և բաց տնտեսությամբ երկիր է և հենց դրա համար էլ շատ զգայուն է արտաքին միջավայրից եկող բացասական ազդակների նկատմամբ, այդուհանդերձ, իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ հաջողվել է երկրում ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր:
«Անշու՛շտ, պակաս կարևոր չէ երկրի գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը: Վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք բարձր են գնահատվել մեր միջազգային գործընկերների կողմից: Սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով: Այսպես, օրենսդրական բարեփոխումների շնորհիվ նախատեսված է ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում այժմ գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ հետևողականորեն կրճատվում և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։ Հայաստանում ներդրումներ կատարելու համեմատական առավելություններից մեկն էլ այն է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, իրանցի ձեռներեցները, գործունեություն ծավալելով Հայաստանում, կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ և Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից», որի հապավումը կոչվում է GSP և ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից»,- թվարկել է նա:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը, որպես Իրանին սահմանակից և բարեկամ երկիր, նաև դարպաս և լրացուցիչ տրանսպորտային միջանցք է դեպի ԵՄ և ԱՊՀ երկրներ և այդ առումով կարևոր է այսօր իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի: Նաև ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բարեկամ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:
«Կասկածից վեր է, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում, սակայն վերջինիս լիարժեք բացահայտման ճանապարհին կան խնդիրներ, որոնք մեզանից պահանջում են ամենօրյա սրտացավ վերաբերմունք և համատեղ լուծումներ: Մասնավորապես, երկու երկրների տնտեսավարողների համար շարունակում են բավականին բարդ թվալ բիզնես գործունեության և ներդրումային կանոնակարգումները: Լուծման սպասող խնդիրներից կառանձնացնեի նաև Հայաստանից Իրան և Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցման, Սյունիքի մարզում՝ Իրանին սահմանամերձ գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտու և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու միջև համագործակցության հարցերը։ Այնուհանդերձ, համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև տնտեսական սերտ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն զուտ առևտրային կապերի ամրապնդմանը, այլև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գիտելիքահենք տնտեսության զարգացմանը»,- շեշտել է երկրի ղեկավարը` ավելացնելով, որ Իրանի՝ վերջին տարիներին գրանցած հաջողությունները, օրինակ՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում, Հայաստանի հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապացուցում են, որ հնարավոր է լուրջ ձեռքբերումների հասնել բարձր տեխնոլոգիաների բնագավառում նույնիսկ արտաքին սահմանափակումների կամ սահմանափակ ռեսուրսների պարագայում։ Անկասկած, երկու հարևան և բարեկամ պետությունների գիտական և նորարարական ներուժի համախմբումը կնպաստի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և արդյունաբերության մրցունակության բարձրացմանը։
«Ուստի, անհրաժեշտ եմ համարում նորագույն և բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների միջև մշտական աշխատանքային կապերի հաստատումը: Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ որոշում է կայացվել և ստեղծվել են կոնկրետ ուղղություններով չորս ենթահանձնաժողովներ: Կարծում եմ, որ սա համագործակցության առումով աշխուժություն կմտցնի կոնկրետ ոլորտներում: Իրանցի գործարարների համար հնարավոր համագործակցության ոլորտներ կարող են լինել նաև դեղագործությունը, բժշկությունը, ոսկերչությունը, տեքստիլ արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, տրանսպորտը և այսպես կարելի է թվարկել շատ-շատ ոլորտներ»:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը մեծ ներուժ է տեսնում նաև մշակութային, առողջապահական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման համար։ Այս առումով հատկապես կարևորում է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի վերացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Սիրով հրավիրում ենք իրանական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրի պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ավարտելով պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն՝ ԻԻՀ Նախագահը գործարար համաժողովից հետո մեկնել է Երևանից: