Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրինագծի նպատակը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսավարող սուբյեկտների համար ավելի նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում:
«Գործող Հարկային օրենսգրքի համաձայն` երբ դրամական միջոցների տեսքով անհատույց գումարներ են ստացվում եւ ստացողն էլ համարվում է շահութահարկ վճարող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, պարտավոր է այդ գումարը ստացման տարվա ընթացքում ամբողջովին եկամուտ ճանաչել շահութահարկով հարկման նպատակով: Իսկ եթե եկամտի կողքը չկան համարժեք ծախսեր, ստացվում է` եկամուտն այդ չափով վեր է ածվում շահույթի, որն արդեն ենթակա է 18 տոկոս դրույքաչափով հարկման»,- ընդգծել է զեկուցողը` հավելելով` պետական աջակցության այդ գումարները ստացողները գործող օրենսդրության պայմաններում եւ այլ հավասար պայմաններում նաեւ հարկային հետեւանքների կրողներ են:
«Եթե, օրինակ, ինտենսիվ այգեհիմնման ծրագիր է իրականացրել որեւէ տնտեսավարող սուբյեկտ, ժամանակի ընթացքում որոշ գումարներ է ծախսել, այնուհետ հայտ է ներկայացրել` պետությունից որոշակի համաֆինանսավորման գումար ստանալու, ապա ստացման տարվա ընթացքում այդ գումարը ենթակա է շահութահարկով հարկման: Սա նշանակում է` այդ մասով պետական աջակցությունը վերջնական նպատակին ամբողջությամբ չի ծառայում»,- նշել է Արման Պողոսյանը եւ պարզաբանել` ի տարբերություն վերոնշյալի, եթե գումարները նախապես, բայց նպատակով տրվեին, եւ տնտեսավարողը սկսեր օգտագործել այդ գումարները կրկին այգեհիմնման ծրագիր իրականացնելու նպատակով, գործող կանոնների համաձայն` ստացված գումարը եկամուտ կհամարվեր ոչ թե անմիջապես ստացման տարվա ընթացքում, այլ ակտիվների ծախսագրմանը կամ կորուստ ճանաչմանը զուգահեռ` չունենալով որեւէ հարկային հետեւանք:
Ըստ փոխնախարարի` կարգապահության տեսակետից այլ հավասար պայմաններում նախընտրելի է, որ տնտեսավարող սուբյեկտն այգեհիմնման օրինակով կատարի ծախսերը, փաստաթղթավորի, այնուհետ հայտ ներկայացնի եւ պետությունից ստանա համաֆինանսավորման գումարը:
«Նախագծով առաջարկում ենք վերջում ստացվող գումարները կրկին չհարկել շահութահարկով, որպեսզի պետական աջակցության գործիքակազմի շրջանակում տրամադրված գումարները մինչեւ վերջին դրամը ծախսվեն հասցեավորված եւ նպատակին»,- մանրամասնելով նախագծի կարգավորման առարկան` ասել է զեկուցողը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արման Պողոսյանը վերահաստատել է, որ գործունեության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված` նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումը նախատեսված է միայն գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի համար:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: