Միրզոյանը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել խաղաղության գործընթացին ՀՀ մոտեցումները
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:
Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարբեր ոլորտներում ընդգրկուն փոխգործակցությանն առնչվող հարցերը:
Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկայի մերժման, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթաց վերադառնալու և հանրահայտ սկզբունքներին համապատասխան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը։
Սլովակիայի գործընկերոջ հետ հանդիպման առիթով Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.
«Շատ լավ հանդիպում ունեցա Սլովակիայի իմ նոր գործընկերոջ` Յուրայ Բլանարի հետ: Օգտակար է գնահատել մեր երկկողմ օրակարգի արդյունքները` ընդգծելով տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության ոլորտում և ՀՀ-ԵՄ ձևաչափով մեր կապերի հետագա ամրապնդման պատրաստակամությունը: Ներկայացրել եմ Հայաստանի մոտեցումները խաղաղության գործընթացին` հիմնարար սկզբունքներին համապատասխան»: