VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են եկող տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Թեման օրակարգ է բերել իշխանությունը: Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ հերթական անգամ ձեռքի հետ սպառնացել է, թե այնքան անելու են, որ նոր ընտրություններ անցկացնեմ ու նորից վերընտրվեմ, խորհրդարանի ներկայիս պատկերն էլ ամբողջությամբ փոխեմ` բոլորովին նոր ընդդիմություն բերեմ խորհրդարան։ Քաղաքական շրջանակներում էլ չեն բացառում, որ Փաշինյանը կարող է նման ձիու քայլ անել եւ մեկ-երկու տարի առաջ ընտրության գնալ` մեկ անգամ էլ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելով ընտրվել, որ այս անգամ պողպատե մանդատի մասին ավելի վստահ խոսի: Դրա իմաստը նաեւ այն է, որ անակնկալի բերի քաղաքական դաշտը եւ հնարավորություն չտա նոր ընդդիմադիր ուժ հասունանալու»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ավարտում է և առաջիկայում հանրությանը կներկայացնի «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը: Այն, որ Արշակ Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ անհանգստացնելու էր Հայաստանի գործող իշխանություններին, ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անսպասելի: Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են Կարապետյանին և նրա հիմնադրած շարժմանը։ Ուշագրավ է, որ այս գործում հատկապես ակտիվ են Իլհամ Ալիևի ու ալիևյան կլանի անվան հետ կապ վող լրատ վամ ի ջոց ն ե ր ը (մասնավորաբար՝ «Հաքին.ազ»-ը), թեպետ Ադրբեջանում լրատվամիջոցների գերակշիռ մասը դրված է «նախագահականի» տակ: Այստեղ շատ ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ թվում՝ Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող կայքի գնահատականները գրեթե նույնական են Հայաստանի արևմտյան թևի ներկայացուցիչների, իմա՝ մերձիշխանական շրջանակների որակումների հետ, որոնք տոտալ հարձակում են գործում բոլոր նրանց ուղղությամբ, որոնք իրենց հետ նույն «ճամբարում» չեն: Ի դեպ, հետաքրքիր է, որ ցանկացած դեպքում, երբ որևէ անձից կամ ուժից առարկայական սպառնալիք է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, ադրբեջանական մամուլն անմիջապես տեղեկատվական մեծ ար շավ է իրականացրել այդ անձի դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ամիս՝ դեկտեմբերին, ամփոփիչ քաղաքական ժողով կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն կուսակցության արդեն 3-րդ քաղաքական ժողովն է: Այս օրերին ՔՊ-ում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. քննարկվում են քաղաքական ժողովի անցկացման օրվա, տեղի եւ օրակարգի հետ կապված հարցեր: Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը կրկին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել: Սա այս տարվա մեջ երկրորդ անգամ է, ինչ Վարդազարյանը հարցաքննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկահարույց զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հասկանալի էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալուն տրամադրելու համար։
Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել:
Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում մրցակցային միջավայր ձեւավորելու եւ պաշտպանելու պետական հանձնառություն ունեցող կառույցը խախտում է մրցակցային կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեկ անձից գնումներ կատարելիս բավականին ակտիվ է: Այդ կառույցի համար մերժելի սկզբունքով, օրինակ, այս տարվա օգոստոսին գնվել է 26 հատ օրատետր՝ մեկի համար վճարելով վեց հազար դրամից ավելի գումար, ընդհանուր՝ 163 հազար դրամ։ Մյուս պայմանագրով կրկին մեկ անձից գնման ընթացակարգով կառույցն այս տարվա ընթացքում ծախսել է 934 հազար դրամ եւ կրկին գնել նոթատետրեր, օրացույցեր եւ այլ գրենական պիտույքներ։
Օրինակ՝ տպագրված գրիչներ գնելու համար կառույցը վճարել է 47 հազար դրամ, թղթապանակի համար՝ 55 հազար դրամ, իսկ, ահա, 50 օրացույց գնելու համար՝ 295 հազար դրամ։ Իհարկե, պետական կառույց է, թուղթ ու գրիչի՝ թեկուզ տարբերանշանով գրիչի կարիք, բնականաբար, ունի, բայց այս երեւույթի մեջ ամենազավեշտալին այն է, որ հենց Գեղամ Գեւորգյանի ղեկավարած կառույցը մեր երկրում պետք է մրցակցային միջավայրը պաշտպանի, բայց խախտում է հենց ինքը: Մեկ անձից կատարված գնումը նշանակում է, որ այլ ընկերություններ չեն կարող մասնակցել պետական մատակարարման մրցույթին, մինչդեռ Գեղամ Գեւորգյանի գլխավորած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։ Փաստորեն, անգամ մրցակցային միջավայրի պատասխանատու մարմինը չի պահպանում մրցակցային միջավայրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 24-ին Երեւանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ տեղի կունենան: Թեեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց թեկնածուների շուրջ դեռ ակտիվ խմորումներ են գնում: Այժմ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է իմքայլական նախկին պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը. նա Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019թ.-ի հոկտեմբերին: Մինչ այդ ֆեդերացիայի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններին Մխիթար Հայրապետյանը չի պատրաստվում առաջադրվել, փոխարենը իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, որի անունը հայտնի կդառնա առաջիկայում: Իշխանությունները փնտրում են ազդեցիկ, միջոցներ հայթայթող կերպար, որպեսզի կարողանա ֆեդերացիայի մշտապես մեծ պահանջները բավարարել: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանն անվերադարձ հեռացավ Հայաստանից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դեկտեմբերի 1-ին անցկացվելու է ռեկտորի մրցույթ: Նախօրեին լրացել է ռեկտորի հավակնորդների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։ Մի քանի օր է՝ փորձում ենք բուհից տեղեկանալ, թե քանի թեկնածու է առաջադրվել ռեկտորի պաշտոնին, եւ ովքեր են նրանք։ Սակայն հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նունե Սիմոնյանը նախօրեին համառորեն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, հաջորդ օրն էլ հեռախոսին չպատասխանեց։ Ընդհատակ են անցել նաեւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ, առհասարակ, աշխատակազմի աշխատակիցները։ Ագրարայինի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում ռեկտորի պաշտոնի թեկնածու չի առաջադրվել, հետին ամսաթվով ներկայացվել են գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանի մտերիմ ընկերոջ, պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանի փաստաթղթերը, ով, ի դեպ, նախօրեին նույնպես չէր պատասխանում հեռախոսին։ Բանն այն է, որ չնայած ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը, կրկին առաջադրվելու ցանկություն է ունեցել, սակայն վերեւներից «դաբրո» չի ստացել: Բայց նա աջուձախ հայտարարել է, թե ունի իշխանությունների «դաբրոն», ուստի հավանական թեկնածուները չեն առաջադրվել։ Ուռուտյանը, ըստ մեր աղբյուրի, հակասություններ ունի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, ով վաղուց ԿԳՄՍ նախարարը չէ, բայց «ռուլիտ» է անում այս ոլորտը։ Բուհից մեզ ասացին, որ դժվար թե հոգաբարձուների խորհուրդն ընտրի Զաքոյանին, ուստի այս քաոսային վիճակի պատճառով թեկնածուներին գաղտնի են պահում, մինչեւ վերեւից հրահանգ ստանան, թե ում ընտրեն ռեկտոր»: