25.11.2024
Փաշինյանի «թեթև ձեռքով» ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է ՀՀ անվտանգության ապահովման բեռը
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը, բայց ոչ Գուրգեն Ներսիսյանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը հրավիրել է՝ առանց հստակեցնելու նրա պաշտոնը։ Ուղարկված «հրավերի» մեջ նշված չի եղել, որ նա զբաղեցրել կամ զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնը, ընդամենը գրել են անուն-ազգանունը։ Արցախի նախագահը բոլոր հիմքերն ուներ՝ մերժելու ՔՊ-ականների հրավերը, սակայն տեղեկություններ կան, որ Շահրամանյանն ինքն ասելիք ունի, դրա համար է գնում նոյեմբերի 24-ի նիստին։ Ուշագրավ է, որ Շահրամանյանին հրավիրում են որպես պատերազմին նախորդած շրջանում ԱԱԾ-ն ղեկավարած պաշտոնյայի, ինչի մասին օրերս հստակեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ԱՀ գլխավոր դատախազ, ապա պետնախարար աշխատած Գուրգեն Ներսիսյանին չեն հրավիրում, որի ձեռքի տակով են անցել պատերազմի վերաբերյալ բոլոր գործերը։ Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանին, ապա նրա հարցով էլ հանձնաժողովը դեռ կամուկացի մեջ է։ Չնայած Անդրանիկ Քոչարյանը հաստատել էր, որ Շահրամանյանից հետո հրավիրելու են Ջալալ Հարությունյանին, սակայն խնդիրն այն է, որ Հարությունյանի նկատմամբ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական անփութության մեղադրանք կա հարուցված, իսկ հանձնաժողովն ի սկզբանե որոշել էր՝ ովքեր անցնում են քրգործով, նրանց «չհարցաքննել»։ Թե ինչու են մտքափոխվել եւ արդյոք կհրավիրե՞ն Հարությունյանին հանձնաժողով, դեռ վերջնական որոշում չկա։ Հիշեցնենք․ ընդդիմությունը կարծում է, որ այս հանձնաժողովի ժամկետն օգոստոսին լրացել է, եւ դիմել են ԱԺ նախագահին, որ դադարեցնի դրա ապօրինի գործունեությունը։ ԱԺ աշխատակազմից տեղեկացանք, որ ստացել են դիմումը, առաջիկայում կպատասխանեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրենսդրության համաձայն, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը այս ամսվա վերջին պետք է քննարկվի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում, որից հետո, անկախ նրանից, գլխադասային հանձնաժողովն ինչ եզրակացություն կտա, այն ընդգրկվելու է խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, սպասվում է բավական ներկայացուցչական մասնակցություն և քննարկում: Ի դեպ, նշենք, որ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու այսօրվա` նոյեմբերի 21-ի նիստին կմասնակցեն ավագանու բոլոր խմբակցությունները։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո, ինչպես հայտնի է, ոչ բոլոր խմբակցություններն են ներկայացել նիստերին, մասնավորապես Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն առաջին անգամ է մասնակցելու։ Մեզ ասացին՝ բավական ռադիկալ են տրամադրված։ Այս ընթացքում Թեւանյանը վայր դրեց ավագանու անդամի մանդատը, իսկ Զարուհի Փոստանջյանը պահպանեց, չնայած ոմանք շատ էին ուզում, որ նա եւս վայր դնի։ Զարուհի Փոստանջյանն ավագանիում գործելու եւ քաղաքապետերի վրա կոյուղաջրեր լցնելու հերոսական անցյալ ունի եւ որոշել է պահել մանդատը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, նա մտերմություն է անում Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ: Թիմի մյուս անդամների հետ միայն «բարեւ, ոնց ես»-ի մակարդակի են շփումները, թեեւ կոնֆլիկտ էլ չունի որեւէ մեկի հետ: Կուսակցական նիստերին ու քննարկումներին էլ հազվադեպ է մասնակցում, մասնակցելիս էլ շատ պասիվ է: Թե որն է պատճառը, ՔՊ-ականները չգիտեն, բայց այն բանից հետո, երբ այս տարեսկզբին իր կամքով հրաժարվեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլեւս կուսակցական ակտիվություն էլ չի դրսեւորում: Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանը պասիվ է նաեւ ԱԺ-ում եւ հազվադեպ է ելույթներ ունենում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում խոսակցություններ կան, որ քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը եւս վերջնական չէ։ Ասել է թե՝ քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Արդեն կար ներքին որոշում ընտրել Դավիթ Խաչատուրյանին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Անհատական բնակելի տունը 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։ Բնակարանները ձեռք են բերվել 2016 եւ 2017 թվականներին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Զեյնալյանը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված մեկ տրանսպորտային միջոց՝ 2006 թվականի արտադրության, Mercedes-Benz մակնիշի մեքենա։ Զեյնալյանը 2021 թվականին ձեռք է բերել «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնեմասը, տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքների արժեքը կազմել է 676 հազար դրամ։


Զեյնալյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 20 մլն 715 հազար դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 102 հազար դրամ եւ 1100 ԱՄՆ դոլար։ Զեյնալյանի կրիպտոարժույթները կազմել են 200 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 734 հազար դրամ։ Եկամուտներից 9 մլն 485 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 24 հազար դրամը շահաբաժին է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից, քանի որ, ինչպես նշված է հայտարարագրում, Զեյնալյանը բաժնեմաս ունի նշված բանկում։ Զեյնալյանը այլ եկամուտներ ստացել է ID Bank-ից եւ «Ինեկոբանկ»-ից։ Պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 890 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, եւ հենց այս պատճառով է, որ Զեյնալյանը ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 510 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ պատերազմի օրերին եւ դրանից հետո կազմակերպվում էին մի շարք պաշտպանական միջոցառումներ՝ «Գմբեթ» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր, կազմակերպվելու են վարժական հավաքներ, դասընթացներ եւ այլն։«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Գմբեթ 1»-ի կառուցումից հետո սկսվել էր հաջորդի կառուցումը, եւ այն կառույցները, որոնք պատրաստվում են դառնալ «Գմբեթ 2», արժեն 2 հազար 300 դոլար: Այս նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ էր 92 հազար դոլար, որը փորձում էին հավաքել տարբեր միջոցներով՝ նվիրատվությունից մինչեւ մակուլատուրա թղթերի հանձնում, որից կուտակված գումարը ուղղվելու էր ծրագրի ֆինանսավորմանը։


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «ՈՄԱ»-ն դադարեցրել է իր ծրագրերի, մասնավորապես՝ «Գմբեթ»-ի կառուցումը: Ստացվում է՝ հավաքված գումարները անհայտ ճակատագրի են արժանացել: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «ՈՄԱ» ՀԿ-ի հետ՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել. ««Գմբեթ»-ի հետ կապված՝ արդեն երկու օր է՝ աշխատանքներ չեն ընթանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով. ձյուն է եկել, այդ իսկ պատճառով էլ հնարավոր չի եղել շարունակել աշխատանքները: Հետագայում միանշանակ վերսկսվելու են աշխատանքները: Նույնիսկ տրակտորի հետ ենք խնդիր ունեցել, քանի որ ճանապարհները անանցանելի են եղել: Տեղեկությունը, թե «ՈՄԱ»-ն դրամահավաք է արել եւ աշխատանքը կիսատ թողել, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին միայն «Գմբեթ»-ի աշխատանքներն են կանգ առել, մեր մնացած ծրագրերը՝ դասընթացները, շարունակվում են, որոնց համար եւս դրամահավաք է եղել: Միայն «Գմբեթ»-ի համար չի եղել այդ դրամահավաքը»: 


Իսկ ո՞վ է վերահսկում փաստացի ռազմականացված կառույցի կամ կազմակերպության գործունեությունը: «ՈՄԱ»-ի դրամահավաքների, նախագծերի ու դասընթացների վերահսկողության մասով «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, եւ «ՈՄԱ» հասարակական կազմակերպությունը «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել: 


2023թ. օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունն աջակցել է Տ. Շահինյանին՝ «Բաղրամյան» զորավարժադաշտում տրամադրելով համապատասխան տարածք: Տ. Շահինյանը պատրաստել է կրակակետը՝ օգտագործելով 3.5մ տրամագծով 1 հատ մեծ եւ 27 հատ փոքր անվադողեր, 15-20 հատ կոճափայտ (երկաթգծի փայտե շպալ), 15-20 հատ հողակիր պարկ: Բոլոր միջոցները եղել են նախկինում օգտագործված, եւ դրանց ձեռք բերման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվել:  Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել, եւ դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է: Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ-2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023թ. սեպտեմբերին, Շահինյանից: Շահինյանը չի ներկայացել որպես «ՈՄԱ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եւ հետագայում հարցին, թե արդյոք անդամակցում է վերոհիշյալ կազմակերպությանը, պատասխանել է, որ համագործակցում է «ՈՄԱ» հասարակական կազմակերպության հետ: ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի: ՀՀ պետական բյուջեից Պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար:


«Փաստ» օրաթերթը գրում է. Մի քանի անգամ առիթ եղել է անդրադառնալու այն հարցին, որ ՏՏ ոլորտում էական խնդիրներ կան կուտակված, և որ լուրջ դժգոհություններ են հասունանում: Սակայն պարզվում է՝ այս դաշտում վիճակն անհամեմատ վատ է, քան նույնիսկ փորձագետներն են ներկայացնում: Ի մասնավորի, դրա մասին էր վկայում նաև այս տարվա հոկտեմբերին կայացած «Digitec»-ը, որն այդ տեխնոլոգիական ցուցահանդեսի պատմության մեջ ամենաաղքատիկն էր: Ավելին, ինչպես նշել ենք այդ օրերին, Նիկոլ Փաշինյանն էլ չմասնակցեց դրան՝ ինչ-ինչ վախերի պատճառով վերջին պահին չեղարկելով իր այցը: Հիմա էլ մեր հետաքննող գործընկերները պարզել են, որ կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին 10 միլիարդ դրամ պետական աջակցություն էր տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, ապա աջակցություն ստացած ընկերություններից 14-ն իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են, իսկ 4-ը լուծարման փուլում են։ Ստացվում է՝ զգալի գումարներ են փոշիացվել, ավելին՝ կան կարծիքներ, որ այստեղ կարող է և կոռուպցիոն ռիսկ լինել: Մի խոսքով, ցավալիորեն, այս իշխանությունները նաև ՏՏ ոլորտն են փորձում ավիրել՝ այն հետևողական ներքաշելով խնդիրների ու սկանդալների մեջ։ Անշուշտ, կան բազմաթիվ ընկերություններ, որոնք ամեն ինչ անում են՝ համակարգի ավանդույթները պահելու համար, ավելին՝ նրանցից մի քանիսը 1000 խոշոր հարկ վճարողների լավագույն հարյուրյակում են, սակայն, ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտի վիճակը Հայաստանում ավելի ու ավելի է վատանում։


«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Արգենտինայի նախագահական ընտրությունների վրա, որտեղ էքսցենտրիկ տնտեսագետ Խավիեր Միլեյն ընտրվեց նախագահ: Նրան շատերն անվանում են «Արգենտինայի Թրամփ» կամ «Արգենտինայի Բորիս Ջոնսոն»: Խավիեր Միլեյը մեզ՝ հայերիս նրանով է հետաքրքիր, որ եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corproation America կազմակերպության աշխատակից եւ Էռնեկյանի գլխավոր խորհրդականը՝ 2008-2021թթ․։ Հեռացել է կազմակերպությունից՝ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով: Ավելին, Միլեյը ոչ մեկ անգամ ուղեկցել է Էռնեկյանին՝ Հայաստան ճամփորդելիս: Իհարկե, Միլեյը հակասական կերպար է, սակայն Էռնեկյանը վստահ է, որ նա լավ նախագահ է լինելու, եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել: Որոշ համաշխարհային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Financial Times-ը, գրել են, որ Արգենտինայի նորընտիր նախագահի թիկունքին կանգնած է Էդուարդո Էռնեկյանը:


«Հրապարակ» թերթը գրում է. Եթե գաղտնալսումների մրցույթ կազմակերպվեր աշխարհում, ապա Հայաստանի իշխանությունները հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։ Նրանք շարունակ կատարելագործում են գաղտնալսումների համակարգերը, նոր տեխնիկա են բերում եւ նորանոր կառույցների են գաղտնալսելու հնարավորություն ընձեռում, որ խաչաձեւ ստուգումներով պարզեն, թե գաղտնալսող կառույցները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը, հակակոռուպցիոնը եւ այլն, ինչ են խոսում իրենց մասին եւ ինչքանով են ստացված տեղեկատվությունը զեկուցում իրենց։ Այս մասին, իհարկե, ՀՀ բնակչության մեծ մասը գիտի, ուստի կապի պարզ միջոցներից մարդիկ հիմնականում հրաժարվել են եւ հաղորդակցվում են կապի այլընտրանքային միջոցներով, բջջային հավելվածներով․ WhatsApp, Telegram, Viber, Signal, որոնք առավել պաշտպանված են: Վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ վերջերս ՀՀ իշխանությունը ստացել է WhatsApp հաղորդակցության միջոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, եւ այս ցանցում կատարվող բոլոր հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններն այլեւս հասանելի են պետական կառույցներին։ Այսինքն, WhatsApp-ն այժմ նույնքան հասանելի է, որքան սովորական բջջային խոսակցություններն ու հաղորդագրությունները։


«Փաստ» օրաթերթը գրում է. Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի 32 երկրպագուի: Ձերբակալության փաստը նաև միջազգային լրատվամիջոցներում էր տեղ գտել, ուելսցիներն էլ դժգոհել էին Հայաստանի ոստիկանությունից: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը «բեսպրեդելի» ունակ է, նորություն չէ ու չի էլ քննարկվում. դե, եթե ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, հետո ոչ միայն անպատիժ մնում, այլև նույնիսկ տուժածին մեղավոր կարգում, պարզ է, որ այդ ամենի թիրախում կարող են հայտնվել բոլորը: Բայց... Ամենազարմանալին մեր հանրության մի զգալի հատվածի սուր արձագանքն էր՝ վա՜յ, ամա՜ն, խայտառակ եղանք աշխարհով մեկ: Չէ, լո՞ւրջ...


Ուրեմն, խայտառակ պարտության տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, հող հանձնած իշխանությունը 2021 թվականին նորից ընտրվում է, խայտառակ չենք եղել, հիմա խայտառակ եղա՞նք: Ժողովրդավարության հնարավոր ու անհնար բոլոր նորմերը ոտնահարվում են, իրավապահ գործիքակազմը դարձել է քաղաքական պայքարի հիմնական ատրիբուտը, խայտառակ չենք լինում, բայց որ խուլիգանության համար օտարերկրացի երկրպագուներ են բերման ենթարկվել, խայտառակ եղա՞նք: Իսկ որ ուելսցի երկրպագուներն իրենց, մեղմ ասած, շատ վատ են պահել, նրանցից ոմանք էլ հարբած են եղել, ոչ միայն ոստիկանության հաղորդագրությունն է վկայում, այլև շատերն են տեսել: Ավելին, մեր լրագրողն է ականատես եղել, թե նաև Հայաստան-Ուելս խաղից հետո ինչ խայտառակ պահվածք են դրսևորել, ինչպիսի վիճակում են եղել նրանցից ոմանք: Կրկնում ենք՝ բոլորը չէ, բայց օրինակներն էլ քիչ չեն: Այստեղ ամենացավալին այն է, որ եթե հանկարծ որևէ երկրում մեր երկրպագուներին ձերբակալեին այն պատճառներով, ինչ ուելսցիներին են բերման ենթարկել մեր մոտ, եթե մեր երկրպագուները իրենց համարյա նման կերպ պահեին, մեր հանրության մեջ շատերն էլի ասելու էին՝ վա՜յ, ամա՜ն, աշխարհով մեկ խայտառակ եղանք: Իսկ այդ երկրի բնակիչները հազիվ թե վատ զգային, որ իրենց ոստիկանությունը ձերբակալել է կարգ խախտողներին: Մտքներով անգամ չէր անցնի, որ իրենք աշխարհով մեկ խայտառակ են եղել...