Պիտի արձանագրեմ, որ մեր մի շարք ընդդիմադիր գործընկերների ելույթներով կարմիր թելով էր անցնում հետևյալ միտքը. «լավ, ո՞ւմ են պետք այդ ցուցանիշները, թվերը, եթե նույնիսկ հավատանք դրանց, եթե կորցրել ենք Ղարաբաղը: Ավելի լավ չէի՞ն այն ժամանակները, երբ թվերն այսքան չէին, բայց ունեինք Ղարաբաղ, իսկ հիմա այս իշխանությունների պատճառով այլևս չունենք»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չնայած վերջին տարիներին այս թեմայով տասնյակ անգամներ խոսել ենք, բայց կարծում եմ՝ նման հայտարարությունները լավ հնարավորություն են Երրորդ հանրապետության պատմությանը կրկին անդրադառնալու, այդ պատմությունը վերագնահատելու համար: Իսկ այդ պատմության ազնիվ վերագնահատումը մեզ պիտի ասի հետևյալը՝ այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո: Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին, մինուս մեկն, ընդ որում Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա:
Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի Հանրապետության հարցն այնպես, որ դե ֆակտո և դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն:
Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց, և 1998 թվականի, 1999 թվականի, մասնավորապես հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Իսկ չէի՞նք կարող ավելի վաղ հասկանալ այս ամենն առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու: Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության, իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետև դեռևս կոմունիստական ժամանակներում ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ թույլ չպիտի տար դա անել:
Հենց հիմա Հայաստանում դա է տեղի ունենում՝ մտածողության փոփոխություն, հայրենասիրական ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը, որը փորձեցի արտահայտել 2024 թվականի պետական բյուջեի քննարկումներում բարձրաձայնած մի քանի թեզերով, մասնավորապես, «hայրենիքը պետությունն է, սիրում ե՞ս hայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ, հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ եղիր օրինապահ, հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ վճարիր հարկերդ»,- ասել է Փաշինյանը: