VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լեւոն Քոչարյանը երեկ չբացառեց, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ իրեն կրկին կալանավայր ուղարկելու համար։ ՔՊ-ականներն այս օրերին քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ` նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն, բացառում է դա, քանի որ քրեական գործում չկան նոր էական հանգամանքներ։ «Տեսականորեն դատախազությունն այդ գործառույթն ունի, բայց Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալը նույն գործով կարող է կրկին կալանավորվել միայն այն դեպքում, երբ առկա է նոր էական հանգամանք, որը մինչ այդ հայտնի չի եղել: Տվյալ դեպքում որեւէ նոր էական հանգամանքի մասին խոսք չի կարող լինել»,- ասաց նա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների խայտառակ արդյունքներին, ՔՊ-ում որոշել են շնորհակալություն հայտնել իրենց համախոհներին եւ աջակիցներին․ կան տեղեկություններ, որ վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում կուսակցական քեֆեր են կազմակերպվում, որին մասնակցում են ընտրություններին ակտիվ աշխատած եւ քվեներ բերած ՔՊ-ականները, այլ կերպ ասած՝ տասովշչիկների փարթի են անցկացնում։ Շաբաթ օրն էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվն է քեֆ-ուրախություն արել՝ «Շատո» ռեստորանում, որը նախաձեռնել է նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը, ով օրերս իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ԱԱԾ, հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել։ Քեֆին նա էլ է մասնակցել։ Ի դեպ, Բարխուդարյանը չնայած բավականին թվով ձայներ էր բերել, բայց տեղը զիջել էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ինքն էլ թաղապետի պաշտոնից ազատվելուց հետո կրկին նշանակվել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 1-ին անցկացվելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթ: Այս պաշտոնին հավակնում է գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը: Հավանաբար, Ուռուտյանը կրկին կընտրվի, քանի որ յուրայինների շրջանում հայտարարել է, որ վայելում է իշխանության վերին էշելոնների աներկբա աջակցությունը: Համալսարանից մեզ հայտնեցին, որ առաջադրվելու ցանկություն ունի նաեւ չորս պրոռեկտորներից մեկը: Ըստ երեւույթին, այս առաջադրումն արվելու է ընտրությունների մրցակցային իմիտացիան ապահովելու նպատակով: Թե ինչով է բացատրվում Ուռուտյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու ցանկությունը, առավել եւս` ինչու է իշխանությունը որոշել նրան աջակցել, շարքային քաղաքացուն եւ հատկապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմին անհայտ է, քանի որ նրա իրականացրած «բարեփոխումների» հետեւանքով վերջին 5 տարիներին շեշտակի նվազել է ուսանողների եւ աշխատողների թիվը, կան ֆակուլտետներ, որտեղ գեթ մեկ ուսանող չի դիմել: Օրինակ, միասնական քննությունների արդյունքում անցած տարի համալսարանի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 38, այս տարի առկա համակարգ՝ 54, հեռակա համակարգ՝ 26 դիմորդ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։ Վերջինս, սակայն, հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ազատման դիմում չի գրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ աշխատանքից ազատման շուրջ լուրջ խմորումներ են գնացել քաղաքապետարանում: Բանն այն է, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո բաժանումներ է արել, թե նրանցից ով որ ոլորտը պետք է համակարգի: Ըստ այդմ, փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Եւ, ահա, Լեւոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն, պահանջել է նաեւ այսուհետ իրեն ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
Մշտապես ինքնագործունեությամբ զբաղվող Խորեն Գրիգորյանին դուր չի եկել, որ իրեն պետք է այսուհետ վերահսկի Հովհաննիսյանը, եւ նա «սպառնացել է», թե ազատման դիմում կգրի: Այդ խոսակցության ընթացքում Հովհաննիսյանի աշխատասենյակում թեժ կռիվ է սկսվել: Ավելի ուշ Տիգրան Ավինյանն իր մոտ է կանչել Լեւոն Հովհաննիսյանին եւ Խորեն Գրիգորյանին ու ասել է՝ պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները ու նորմալ աշխատեն միասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այդ օրը՝ մինչեւ ուշ ժամ, քաղաքապետարանում լարված իրավիճակ է եղել: Երկար խոսակցություններից հետո Խորեն Գրիգորյանը հետ է կանգնել իր «սկզբունքային» որոշումից: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ իրավիճակը ժամանակավորապես հարթվել է, բայց Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խոստովանում է, որ նոր չափորոշիչներով դասագրքերի տպագրման եւ ստեղծման գործընթացը, ըստ էության, տապալել է։ Ավելին՝ կառույցն այժմ փորձում է փրկել իրավիճակը։Բանն այն է, որ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Հիմնավորման մեջ կառույցը խոստովանում է. «Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ, մասնավորապես, սահմանված կարգով ուսուցչական համայնքից ընտրված մասնագետների շտեմարանից ձեւավորված մասնագիտական խմբերում գիտականությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխանությանը, ինպես նաեւ բովանդակային այլ հարցերի ուսումնասիրությունը մասնագետների կողմից որոշ դեպքերում իրականացվել է ոչ պատշաճ կերպով՝ խախտելով ընթացակարգային պահանջները:
Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն»։ Այսինքն՝ խոստովանում են, որ խախտումներ եղել են, սակայն հիմա էլ որոշել են հանձնաժողով ստեղծել, որ պատասխանատվությունը հետագա ձախողման դնեն այդ խմբի վրա։ Ըստ ամենայնի, դա էլ կտապալի նախարար Ժաննա Անդրեասյանը, պարզապես մտադիր է ի սկզբանե մեղավորներ փնտրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ցուցմունք են տվել ՀՀ քննչական կոմիտեում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ուջանի համայնքապետ Գրիգոր Հարությունյանն իր ցուցմունքում գրել է, որ, իբր, մեքենան խափանված է եղել Աշտարակի ձորի «Արեւիկ» ռեստորանի մոտակայքում, ինքը բեռնփոխադրող ընկերություն է կանչել, որ մեքենան տանեն։ Տարածքում լսել է աղմուկ ու տեսել է՝ քաղաքապետի տեղակալը վիրավորված է, օգնության է հասել ու մեքենայով տարել է։ Ասել է թե՝ նա իր ցուցմունքով փորձել է համոզել իրավապահներին, որ կռվի հետ կապ չունի։ Ուշիի համայնքապետ Մարտին Մարտիրոսյանը ընդհանրապես գրել է, որ դեպքի վայրում չի եղել ու դեպքի ժամանակ մասնակցել է Աշտարակ քաղաքում հիշատակի նվիրված արարողության։ Այսինքն՝ համայնքների ղեկավարները «գողական են գնում», ինչպես կասեր դասականը: Սակայն նախաքննական մարմինը, կարծես թե, չի հավատացել նրանց, մեղադրանք է առաջադրել ու տնային կալանքի տակ է պահում։ Մինչ օրս հարցաքննված չէ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը եւ կրակոցներից վիրավորված նրա տեղակալը. վերջինս դեռ հիվանդանոցում է։ Ինչո՞ւ են իրավապահները խնայում քաղաքապետին, արդյոք հովանավորչությա՞մբ են զբաղված։
ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին՝ վիրավորում ստացած, տարել էին հիվանդանոց: Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին (որը տնային կալանքի տակ է), Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ, այդ հողի մասով առարկություններ ներկայացրել, որից հետո հեռացել է: Ապա դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ» է լինելու: Այդպես էլ եղել է. դեպքի վայր է եկել մոտ 40-հոգանոց խումբ ու սկսել քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանել է ավտոմատը ու կրակել, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ: Դատական համակարգն էլ, ըստ էության, ուսումնասիրելով նախաքննական մարմնի միջնորդությունը, հասկացել է, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին 40-հոգանոց խմբի ճիրաններից հորը փրկելու համար է կրակել։ Այսինքն՝ իրական մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնալով ավելի մեծ քանակի էլեկտրական մեքենաներ են հայտնվում Հայաստանի փողոցներում: Ընդ որում, ժամանակի հետ մեծանում են թե՛ առաջարկը, թե՛ ընտրության սպեկտրը, թե՛ պահանջարկը: Այսուամենայնիվ, շատերի համար մտահոգիչ է մնում էլեկտրամոբիլների լիցքավորման հարցը. բանն այն է, որ ինչքան էլ անընդհատ դրանց քանակն ավելանում է, հիմնական կետերը մայրաքաղաքում են, իսկ Երևանից դուրս, մեղմ ասած, դրանք շատ չեն: Սա անհանգստացնում է էլեկտրական մեքենայի անցնել ցանկացողներին, որ հանկարծ գուցե մնան ճանապարհին: Մյուս խնդիրը արագ լիցքավորման հարցն է, քանի որ Հայաստանում գործող շատ կայաններում ամբողջական լիցքավորման համար ժամեր են անհրաժեշտ: Այս խնդիրն արդեն, կարծես, լուծում է ստացել մասնավորաբար «Թիմ Տելեկոմ Արմենիայի» շնորհիվ: Վերջինս մեկնարկել է «Թիմ Էներջի» նախագիծը, որի շրջանակներում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ընդ որում, խոսքը 160 կՎտ հզորությամբ արագ լիցքավորման կայանների մասին է, ինչը նշանակում է, որ էլեկտրական մեքենա ունեցող վարորդները Հայաստանում երբեք ճանապարհին չեն մնա, իսկ մեքենան «Թիմ Էներջի» կայաններում կարող են լիցքավորել կարճ ժամանակամիջոցում: Ի դեպ, մեր տեղեկություններով, նպատակ կա տեղադրել մինչև 240 կՎտ հզորությամբ կայաններ, ինչն առավել կարագացնի լիցքավորման ընթացքը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ հայտարարագիր ներկայացրել է մարտի 9-ին։ Դատավոր Չիչոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակելի շենքում եւ մի հողամաս. անշարժ գույքը ժառանգություն է ստացել Չիչոյանը։ Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, հողամասը Շողակաթ համայնքում է։ Չիչոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար։ Դատավոր Չիչոյանն ունի նման ֆինանսական միջոցներ, սակայն նրա տարեկան եկամուտները կազմում են 4 մլն 667 հազար դրամ։
Եկամուտներից 2 մլն 95 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, 2 մլն 80 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, իսկ 492 հազար դրամը վարկ է «Էվոկա» բանկից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 514 հազար դրամ։ Անհասկանալի է մնում եւ կասկածելի թվում, թե ինչպես է Չիչոյանը տարեկան եկամտի չափին հասնող վարկային միջոցները մարում։ Նաեւ հետաքրքիր փաստ կարող է դիտվել այն, որ դատավորի կանխիկ դրամական միջոցները 6,5 անգամ գերազանցում են նրա տարեկան եկամուտները։ Նա նաեւ չի նշել այս գումարների ստացման աղբյուրները, ինչը կարող է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ կասկած առաջացնել, եւ ԿԿՀ-ն որոշում կայացնի վարույթ հարուցելու։
Հիշեցնենք, որ Ժորա Չիչոյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մարտիրոսյանին կալանքի տակ վերցնելու որոշում կայացրած դատավորն է։ Այս որոշումից հետո մամուլը գրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր՝ Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով ԲԴԽ-ն հաշվի չառավ նախագահի առարկությունը, Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր: Իշխանության «սրտի դատավոր» Ժորա Չիչոյանն էլ, որ քար չգցի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, հորեղբոր` դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսայի` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի (որը նույնպես դատավոր է), կալանքի տարավ զոհվածի մորը: