Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2024 թվականի նախագծով կազմում է 755 մլրդ 290 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 101 մլրդ դրամով: Այս նախարարության ոլորտում իրականացնում ենք ծախսերի ամենամեծ բաժինը: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Նախարարը հայտնել է, որ գերատեսչությունն իրականացնելու է 19 ծրագիր եւ 83 միջոցառում:
«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված իրականացվելիք սոցիալական ծրագրերը բյուջեում դեռ ներկայացված չեն: Այդ ուղղությամբ ծախսեր իրականացնելու համար դեռեւս 10 մլրդ դրամի հայտ ենք ներկայացրել: Առաջիկայում, երբ ծրագրերն ամբողջությամբ մշակված լինեն, թոշակների ու նպաստների մասով ավելացումներ կլինեն: 101 մլրդ դրամի ավելացումը չի արտացոլելու այն իրական պատկերը, որն ունենալու ենք հաջորդ տարի»,- ասել է Ֆինանսների նախարարը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ բյուջեի աճը հիմնականում պայմանավորված է ժողովրդագրական վիճակի բարելավման, կենսաթոշակային, սոցիալական ապահովության եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ուղղված ֆինանսական միջոցների աճով:
«Կշարունակենք իրականացնել երեխա ունեցող ընտանիքների աջակցության եւ խրախուսման ծրագրերը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը` հնարավորինս բացառելով խտրականության դրսեւորումը նրանց հանդեպ, բնակչության ապահով խմբերի շրջանում կրթության եւ աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը, աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, հետեւողականորեն կանխարգելումը երեխաների մուտքը մանկատներ, նրանց` ընտանիք վերադարձի ապահովումը եւ այլ ծրագրեր»,- նշել է նախարարը: Նա անդրադարձել է թվային ցուցանիշներին, համաձայն որոնց` 2024 թվականի սոցիալական պաշտպանության ծրագրերի բյուջեի 62,4 տոկոսը կուղղվի կենսաթոշակային ապահովության ծրագրերին, սոցիալական ապահովությանը` 14,4 տոկոս, ժողովրդագրական վիճակի բարելավմանը` 8,8 տոկոս, անապահով սոցիալական խմբերի աջակցությանը` 4 տոկոս:
Նախարարը ներկայացրել է գերատեսչության՝ 2024 թվականի ռազմավարությունը, նշել, թե որ ծրագրի համար որքան բյուջետային հայտ է ներկայացվել:
«Ո՞ր ծառայությունն է զբաղվում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղեկատվության հավաքագրմամբ, կա՞ արդյոք ամբողջական տվյալների բազա, այն փոխկապակցվա՞ծ է մյուս գերատեսչությունների` համապատասխան բաժինների հետ, ի՞նչ կառուցվածք ունի այն ու հնարավո՞ր է այդ բազային ծանոթանալ»,- հետաքրքրվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Խորհրդարանականի հարցին ի պատասխան` նախարարը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը գործող կայանում հնարավոր է ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Ավելին, բոլոր այն տվյալների բազաները, որոնք հասանելի են եղել ՀՀ կառավարությանը, առկա են, օգտագործվում են տարբեր գերատեսչությունների կողմից:
Զարուհի Բաթոյանի հարցը վերաբերել է նախարարության քաղաքականությանն ու իրականացվող սոցիալական ծրագրերին: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է բռնության ենթարկված անձանց ապաստարանների տրամադրման ծառայություններով: «Բռնության ենթարկված անձանց ապաստարանների տրամադրման ծառայության շահառուների թիվը գնալով ավելանում է, բայց նախարարության ֆինանսավորումը մնում է նույնը: Բյուջետային հայտի ավելացում չի նախատեսվո՞ւմ»,- նախարարին հարց է ուղղել պատգամավորը:
«Ցանկացած նոր ծրագրի ընդլայնում պետք է համապատասխանի երկրի ֆինանսատնտեսական հնարավորություններին` հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնել ենք բոլորս` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ծառայությունների եւ տարբեր աջակցության ծրագրերի տրամադրման համատեքստում»,- ասել է նախարարը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն էլ անդրադարձել է մեր երկրում աշխատանքի խթանմանը:
«Սոցիալապես անապահով մեկ մարդու համար տարեկան 400 հազար դրամ ենք վճարում, նվազագույն աշխատավարձ ստացողին` 900 հազար դրամ: Ստացվում է` նվազագույն աշխատավարձ ստացողին ամսական ընդամենը 35.000 դրամ ավելի ենք հատկացնում, քան չաշխատողին: Մեր սոցիալական քաղաքականությունը խթանո՞ւմ է աշխատանքը, թե` ոչ»,- հարցրել է հանձնաժողովի նախագահն ու վերահաստատել` սոցիալական աջակցությունը պետք է միտված լինի մարդկանց աշխատել մոտիվացնելուն:
Հարցին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանն ասել է, որ վարչապետը եւս շեշտել է` պետք է կարողանանք խրախուսել աշխատանքն ու հնարավորություն տալ, որ մարդիկ արժեք ստեղծեն: Նա նշել է, որ նպաստի համակարգում կան մարդիկ, որոնք աշխատանքային տարիքում են, աշխատունակ, չունեն հաշմանդամություն եւ որեւէ խոչընդոտող հանգամանք, բայց շարունակում են պետությունից աջակցություն ստանալ: «Նրանք վնասում են պետությանը»,- ասել է նախարարը եւ հավելել, որ անապահովության գնահատման նոր համակարգ է ստեղծվում, ինչի գործարկման արդյունքում նման մարդիկ դուրս կգան նպաստի համակարգից. նրանց աշխատաշուկայում այլընտրանք կառաջարկվի:
Պատգամավորները, ի թիվս այլ հարցերի, նախարարից հետաքրքրվել են զբաղվածության ծրագրերից, սոցիալական ծառայություններից եւ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովության ծրագրից: