Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նախագծերի քննարկմանը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգի ներդրման միտումներով:
Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կարողանա միանալ եւ ստեղծել մի խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը: Վերջինիս տվյալներն էլ հիմք կհանդիսանան գովազդի բաշխման համար: Այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ցանկանա, որ այդ կազմակերպությունն իրենց մասով չափումներ իրականացնի, նրանց մասով տվյալներ չեն հրապարակվի: Ստեղծվելիք կազմակերպությունն իր իրականացրած չափումների վերաբերյալ տվյալները պետք է անվճար եւ պարտադիր կերպով փոխանցի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովն ունի որոշակի վերահսկողական գործառույթներ: «Եւս մեկ անգամ ասեմ, որ սա մի կողմից պաշտպանում է հեռուստաընկերություններին, մյուս կողմից` գովազդատուներին, որոնք տարիներ շարունակ գումարներ են վճարել իրենց ապրանքանիշների գովազդի համար»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը եւ հավելել, որ ըստ իրականացված միջազգային աուդիտի` տարիներ շարունակ այդ չափիչ գործընթացը չի արտացոլել իրականությունը եւ գովազդատուների գումարները որոշակիորեն անարդարացի են բաշխվել:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ նույն չափիչ կազմակերպությունն է շարունակելու իրականացնել չափումներ, թե՞ մեկ այլ կազմակերպություն: Եվ որքանո՞վ է արդարացի, որ մեկ կազմակերպության ներկայացրած տվյալներն են ընդունվում: Ինչո՞ւ չպետք է լինեն մի քանի կազմակերպություններ, որպեսզի հնարավոր լինի համեմատել ներկայացված տվյալները: Ի պատասխան` Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագծի ընդունումից հետո հեռուստաընկերությունների ընտրած խորհուրդը կարող է ընտրել 2-3 չափիչ կազմակերպություններ, որոնք կարող են չափումներ իրականացնել. որեւէ սահմանափակում չկա: Նրա խոսքով այս պահին է գործում 1 կազմակերպություն, եւ տարբերությունն այն է, որ այս պահի դրությամբ այդ կազմակերպության նկատմամբ որեւէ վերահսկողություն չկա: Որեւէ բան հստակ չէ հեռուստաընկերությունների համար, նրանք չգիտեն, թե ինչպես են իրականացվում չափումները: Այդ պատճառով էլ հեռուստաընկերությունները պատվիրել էին միջազգային աուդիտ եւ պարզել, որ վերոնշյալ կազմակերպության ներկայացրած տվյալներն արդարացի չեն: Պատգամավորը նշել է, որ այս խնդիրների պատճառով էլ նախաձեռնվել է այս նախագիծը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Դրական էր նաեւ Կառավարության դիրքորոշումը. այն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Նման խնդրանքով նախագծի հեղինակին դիմել են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: