27.11.2024
Նիդերլանդները պատրաստ է շարունակաբար աջակցել ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումներին
prev Նախորդ նորություն

Հանդիպել են Վահագն Խաչատուրյանն ու Սյունիքի մարզպետը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի եւ հետագա անելիքների վերաբերյալ:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետեւողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել կառավարության կառուցողական ու գործուն քայլերի եւ պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաեւ դրական արձագաքնների է արժանացել միջազգային դիտորդների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։


Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ գնահատանքի խոսքերի համար եւ նշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ, բռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են եւ ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների եւ աշխատատեղերի ապահովմանը: