Ծառայելու եմ Երևանին ու Հայաստանի Հանրապետությանը. Տիգրան Ավինյան
Հոկտեմբերի 10-ին գումարված Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստում ավագանու քվեարկությամբ Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը:
Շնորհակալություն հայտնելով երևանցիներին ու ավագանու անդամներին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ծառայելու է Երևանին ու Հայաստանի Հանրապետությանը՝ բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռևս 2018թ. հայտարարել են:
«Ազնվությունը և արդարությունը, կարծում եմ, այս առումով միշտ հաղթում են, որովհետև ժողովրդական արժեքները, որոնք 2018 թվականից գերակա են ՀՀ-ում, ամենակարևոր ինստիտուցիոնալ հենքն են ստեղծում մեր երկրի, Երևան քաղաքի զարգացման համար»,- ընդգծել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ Երևանի քաղաքապետարանը, գործադիր մարմինն իր ամբողջ ուժով ծառայելու է այն ընդհանրական դրույթների իրականացմանը, որոնք բոլոր ուժերի ծրագրերում կան:
Անդրանիկ նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները:
Օրակարգային երկրորդ հարցով ավագանին ընտրեց ֆինանսավարկային և տնտեսական, Իրավական, Քաղաքաշինության և հողօգտագործման, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին:
Ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին:
ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք՝ ավագանու նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները ստորագրել են հուշագիր:
Տիգրան Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: