Էրդողանի առաջարկած ձևաչափը կարող է կայունացնող նշանակություն ունենալ. քաղաքագետ
1994 թ. զինադադարից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկ ձևաչափ էր գործում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա: Ըստ էության, այն ձախողվեց և կարգավորման գործընթացը ոչ մի քայլ առաջ չգնաց: Հիմա կարևոր չէ, թե ով էր մեղավոր դրանում, հայկական, թե ադրբեջանական կողմը: Մեղավորի որոշումը վերջին հաշվով այժմ չի կարող որևէ օգուտ տալ, այդ գործը մնաց ապագա պատմաբաններին: Նրանք ինչ կգրեն, չեմ կարող ասել, բայց իմ համոզմամբ՝ 26 տարի բանակցել, հետո կողքից դիտել 44-օրյա արյունահեղությունը, մեղմ ասած, դատապարտելի երևույթ է: Հիմա, ինչպես ասում էին Բաքվում, "քաղաքական տուրիստների" խումբը չի գործում: Այս մասին գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
"Իրավիճակը մնում է լարված: Արդեն բոլորն են միակարծիք, որ երրորդ պատերազմը արդեն նոր սերնդի զինատեսակներով, ավելի մեծ թվով զոհեր է տանելու: Այս հանգամանքը ստիպում է, որ մենք փոփրենք մեր միտքը և ամեն գնով բացառենք նոր պատերազմը, որովհետև ուժերը խիստ անհավասար են, Հայաստանը դեռ ոտքի չի կանգնել:
Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հարթակները առաջընթաց չեն գրանցել: Այսպիսի իրադրության պայմաններում ինձ այսօր շատ հետաքրքրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնողական առաջարկությունը քսռակողմ հանդիպման կազմակերպման մասին` ՌԴ, Թուրքիա, ՀՀ և Ադրբեջան կազմով: Չեմ ցանկանում առանց հիմքի լավատես լինել, բայց այս ձևաչափը կարող է կայունացնող նշանակություն ունենալ, որովհետև երկու հակամարտող կողմերն են նստում բանակցային սեղանին, տարածաշրջանում առավել հզոր ազդեցություն ունեցող երկու դերակատարների հետ:
Այս քառակողմ բանակցային նոր ձևաչափը դժվար, թե դուր գա ԱՄՆ-ին, բացառված չէ նաև Բրյուսելյան ղեկավարներին: Կստացվի Արևմուտքի դուրս մղում Հարավային Կովկասից: Եթե Էրդողանի առաջարկը սկսի գործել, այդ ժամանակ առավել հստակ կերևա":