Աշխատել ու աշխատում եմ հանուն Սյունիքի ու Հայաստանի Հանրապետության. մարզպետի արձագանքը
Ֆեյքաբլոգերային, անանուն ու բամբասանքախառը, զրպարտող, սիրողական մակարդակի անհայտ ծագման կայքերում ու սոցիալական հարթակներում հրապարակվող գրոհներին պատասխանելու միտում չունեմ․ դիմում եմ ինձ ճանաչող, իմ գործունեությանն իրապես ծանոթ, իմ արժեհամակարգին, աշխարհայացքին ու Սյունիքին նվիրվելու անկեղծ աշխատելաոճին հավատացող քաղաքացիներին, որոնց մեջ կարող են հարցեր ծագել կամ թյուրըմբռնում լինել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
"Հասկանում եմ, որ Սյունիքի զարգացման իմ տեսլականով, ոչ պրոֆեսիոնալ ղեկավարման մոդելը չընդունելու, մասնագիտական ունակությունների բացակայությունը ու նույնիսկ հակաօրինական գործունեությունը չընդունելու իմ աշխատելաոճը ոմանց քիմքին հաճելի չէ։
Թող ոչ ոք չփորձի ինձնից առավել պետականամետ, կառավարության ու ՀՀ վարչապետի ծրագրերին, որդեգրած քաղաքականությանը համահունչ գործելու ջատագով երևալ։
Ինչ եմ արել կամ անում Սյունիքի զարգացման ու անվտանգային միջավայրի համար, գիտեն բոլորը, ովքեր հետաքրքրված են, սրտացավ ու մասնակից են այդ ամենին ու օր առաջ ուզում են համատեղ ջանքերով մի քար դնել ամուր Սյունիք ունենալու համար։ Ընդ որում, Սյունիքի բոլոր մակարդակների կառավարման օղակները երբեք այսքան միասնական չեն եղել ու համագործակցված աշխատող, ինչպես վերջին մեկուկես տարում։
Անընդունելի են անձնական, ընկերական, ընտանեկան կապերի տիրույթ մտնելու, մարդու ծննդավայրով պայմանավորված՝ ատելության խոսք, խառնակչություն, հայատյաց թեզեր գեներացնելն ու մեր հայրենիքի համար այս բարդ շրջանում միմյանց դեմ լարելու խոսույթը։
Անընդունելի է զուտ աշխատանքային, օրենսդրական հիմքերով պայմանավորված կադրային քաղաքականությունը միջանձնային երևակայական ինչ-ինչ խաղերի համատեքստում դիտարկելը։
Իրենց անմեղ կամ գործի նվիրյալ, պրոֆեսիոնալ համարող «բանախոսները» աշխատանքային պայմանագրի չերկարաձգվելը բողոքարկել են ՀՀ բոլոր մակարդակների դատական ատյաններում ու ստացել վճիռներ, որոնցով մարզպետարանի գործունեությունը համարվել է իրավաչափ ու օրինական։
Ճնշումներ հորջորջվող ստուգումները ազատված կադրի ղեկավարած կառույցում անհետևանք չեն մնացել, ինչպես փորձում է ներկայացնել․ արդյունքում քրեական գործ է հարուցվել ու դեռ իրավական գնահատական կլինի։
Բնակարան չեմ գնել․ ինչպես այսօր Հայաստանի Հանրապետությում բնակվող շատ ընտանիքներ, ձեռք եմ բերել բնակարանի գնման իրավունք՝ կառուցվող շենքում՝ վարկով, ու այդ ամենը հստակ երևում է իմ հայտարարագրում։ Այստեղից էլ բոլոր՝ «Որտեղից նրան գումար՝ տուն գնելու համար» հարցի պատասխանը՝ վարկ եմ վերցրել, որում արտառոց ոչինչ չկա։
Մարզպետ դառնալուց հետո մեքենաներ չեմ գնել․ ազգականներիս մեքենաների նկարները հրապարակելը՝ զուտ հանրային կարծիք ստեղծելու համար, մեղմ ասած, հնացած գործելաոճ է։
Իշխող կուսակցության անդամներին չբարևելը կամ բոլորի հետ չշփվելը զրպարտություն է, այդ մասին կփաստեն նույն այդ մարդիկ։ Այլ հարց է, որ հանրության մեջ , ինչպես բոլոր տիպի մարդկային հարաբերություններում, անհատը որոշ մարդկանց հետ առավել մտերիմ է լինում, որոշ մարդկանց հետ շփվում միայն գործնական հարաբերությունների շրջանակում։
Այլ մանր ու հնարովի մեղադրանքների չեմ ուզում անդրադառնալ․ աշխատել ու աշխատում եմ հանուն Սյունիքի ու Հայաստանի Հանրապետության",- գրել է Ղուկասյանը։