26.11.2024
Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
prev Նախորդ նորություն

Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին. Բուրլանժը` Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին:


Այս համատեքստում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը արձանագրել է, որ երկու ամիս առաջ Ժան-Լուի Բուրլանժի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել:


Ալեն Սիմոնյանը խնդրի կարգավորման հարցում շեշտել է քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը` այս առումով բարձր գնահատելով առաջին հերթին Ֆրանսիայի նախաձեռնողականությունը եւ պաշտոնական Փարիզի քաղաքական աջակցությունը: «Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին, միասին պայքարելու այն արժեքների համար, որի կրողն է ձեր երկիրը»,- նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:


Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ դատապարտելու հումանիտար աղետը: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից: