VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայրենի գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկել էր խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Փաշինյանին ու բոլոր նախարարներին, բացի արտգործնախարար Արարատ Միրզոյանից, շատ ջերմ ընդունել են, հատուկ դիմավորել են նրանց, մինչեւ նիստի սկսելը առանձին զրույցներ ունեցել նախարարների հետ: Միրզոյանը, սակայն, ԱԺ եկել է նիստը սկսվելուց քիչ առաջ ու ավարտվելուն պես հեռացել: ՔՊ-ականները առանձնապես չեն էլ շփվել նրա հետ, անգամ թիմում նրա մտերիմներն այլեւս առաջվա ջերմությամբ չեն շփվում նրա հետ: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին շատ սառն է եղել թիմակիցների հետ, չի շփվել նրանց հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի ուշ գիշերը՝ կառավարության շենքում տեղի ունեցած ծեծից հետո, Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ծայրահեղ լարվել են՝ չնայած նրան, որ մինչ այդ Միրզոյանը Փաշինյանի համար եղել է ամենավստահելի մարդը ՔՊ-ում: Հավանաբար, ՔՊ-ականներն էլ, ինչպես բոլոր հարցերում, որոշել են հետեւել Նիկոլ Փաշինյանի օրինակին, ու անգամ Միրզոյանի նախկին մտերիմներն են «ուրացել» ընկերությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովում դարձյալ վերանորոգումների շրջան է, հիմնովին «ռեմոնտ» է արվել եւ նորագույն սարքավորմամբ համալրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի դահլիճը: Եվս երեք նման դահլիճ պետք է նորոգվի, որոնք ծառայում են մշտական հանձնաժողովներին, այստեղ են նիստերն անցկացվում։ Նորացվել է նաեւ գույքը։ ԱԺ-ից տեղեկացանք, որ դահլիճների վերանորոգման եւ կահավորման աշխատանքներն իրականացվել եւ իրականացվելու են 2023 թվականի բյուջետային միջոցներով՝ ընթացիկ նորոգումների համար նախատեսված հատկացումներով, մեկ դահլիճի կահավորման եւ վերանորոգման համար ծախսվել է 5 մլն 345 հազար դրամ, ենթադրվում է՝ մյուս երեքի համար էլ գրեթե նույնքան գումար կծախսվի, իսկ թվայնացումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ Խոսքը մասնավորապես դահլիճների համակարգիչների, էկրանների, կոնֆերանս-համակարգերի, խոսափողների, սերվերների եւ տեսախցիկների ու դրանց ավտոմատ կառավարման համակարգերի մասին է։ Նշենք, որ եթե նախկինում այս սենյակներում ընդամենը մեկ ֆիքսված տեսախցիկ էր աշխատում՝ ապահովելով նիստերի ուղիղ հեռարձակումը՝ ընդհանուր կադրով, ապա այժմ՝ նոր թվայնացումից հետո, երեք տեսախցիկ է աշխատում եւ ելույթ ունեցող պատգամավորներին ցուցադրում է կադրում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանին, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին եւ էլի մի քանի պաշտոնյաների Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել աշխատանքից սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո: Մինչեւ հիմա իշխող թիմը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում: Իշխանական շրջանակներում առկա տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՀՀ արդարադատության նախարարին որպես հավանական փոխարինող թեկնածու քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տարբերակը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետն էլ շուտով լրանում է, եւ նրան նոր աշխատանքի տեղավորելու խնդիրը միանգամից կլուծվի՝ Գրիգոր Մինասյանին փոխարինող նշանակելով: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ժամանակը ցույց կտա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ, եւ օրեր անց պարզ կդառնա՝ ընտրապայքարին միացած քաղաքական ուժերից ով ինչքան ձայն է հավաքելու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը եւ քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն: Այն, որ Մարությանը չի կարող հավաքել բավարար ձայներ ու դառնալ քաղաքապետ, պարզ է նույնիսկ իր համար ամենալավատեսական հարցումների արդյունքներից, որոնք արվել էին նրա կողմից քաղաքապետի պաշտոնը լքելու պահին եւ այս տարվա սկզբին. հիմա նրա բարձր վարկանիշը զգալի անկում է ապրել: Եթե մեր տեղեկությունները հաստատվեն (իսկ դրանք ճշտելու համար մենք չունենք հնարավորություն, քանզի Մարությանն ու իր թիմը չեն արձագանքում մեր զանգերին, եւ առիթ էլ չունենք կասկածելու մեր տեղեկությունների աղբյուրների վրա), ապա Մարությանը, կարծես թե, եկել է խաղալու հերթական շոուն եւ հեռանալու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն մարդիկ, որոնք մայրաքաղաք Երեւանում շինարարական բիզնես ունեն, իշխանության հետ սերտ համագործակցում են, տարբեր ճանապարհներով օգնում են նրանց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում, որպեսզի շինթույլտվությունների հարցերը հեշտությամբ կարգավորեն: «Մոնարխ»-ի Արմեն Գինոսյանն ու նրա փեսա Արմեն Արչի-Սարդարյանը Կենտրոնի թաղապետի միջոցով են փորձում իրենց հարցերը կարգավորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ովքեր են շրջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ՝ որպես թիկնապահներ: Նրանք թաղային դեմքեր են, որոնց անունը շրջանառվել է այս կամ այն քրեական պատմության համատեքստում (Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկը եւ ալավերդյանցի Բոյովը, ինչպես նաեւ շինարարական բիզնեսով հետաքրքրված Արմեն Արչի-Սարդարյանը, որը շինթույլտվությունների խնդիր ունի):
Նրանք Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Աբովյան 22 հասցեի բակում էին թաղապետի հետ՝ իբրեւ թե ստուգելու արված աշխատանքները: Իսկ ինչո՞ւ էր գործարար Արմեն Արչի-Սարդարյանը, որը հայտնի եւ հաջողակ գործարար Արմեն Գինոսյանի փեսան է, Կենտրոնի թաղապետի հետ թիկնազորի դերում շրջում: Նա շինարարական բիզնեսի մեջ է, շինթույլտվությունների խնդիր ունի, դրա համար էլ Կենտրոնի թաղապետի հետ է մշտապես եւ ՔՊ-ի համար երկու նախընտրական շտաբ է բացել Երեւանի կենտրոնում, որոնց բոլոր ֆինանսական ծախսերը անում է անձամբ: Այդ շտաբների դիմաց մշտապես խցանումներ են, թանկարժեք ավտոմեքենաները կանգնում են երկրորդ՝ չթույլատրված գծում, խախտում երթեւեկության կանոնները, բայց իրավապահները դա չեն նկատում: Նկատենք, որ նույն Արմեն Արչի-Սարդարյանը նախկինում՝ 2018-ին, նախընտրական շտաբներ էր բացել եւ աշխատում էր Դավիթ Սանասարյանի համար, վերջինիս թանկարժեք նվերներ էր փորձում տալ: Նրա աները՝ Արմեն Գինոսյանը, որ օգնում է փեսային շտաբների ձեւավորման, ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործում, խոշոր գործարար է: Նրան է պատկանում Աբովյան-Պուշկին խաչմերուկի վրա գտնվող «Ալեքսանդր» լյուքս դասի հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, որտեղ 2018թ.-ին նշվել էր Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը:
Գինոսյանին է պատկանում նաեւ «12 ակումբը», «Մոնարխ» շինարարական ընկերությունը: Գինոսյանը նաեւ զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ: Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնի թաղապետին, ապա մամուլը գրել էր. «Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանն իր մարդկանց հետ ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Մեր տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու»: Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 19-ին, Շամշյանը հրապարակեց, որ Երեւանում՝ Պուշկինի 38 հասցեում գործող «Յասսու» ռեստորանային համալիրում, «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։ Տեսանյութ է առկա, որտեղ երեւում է, թե ինչպես է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում մի տղայի գլխին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին Երեւանում կայացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը: Թե ինչու այդ մասին որեւէ լրատվամիջոցում տեղեկատվություն չի հայտնվել, պատճառն այն է, որ Կարապետյանների ընտանիքը` Արցախի վիճակով եւ այլ հանգամանքներով պայմանավորված, շատ փոքր ու համեստ միջոցառում է արել: Նորապսակները պսակադրվել են եկեղեցում, ապա ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում 20-30 հոգով անաղմուկ նշել են պսակադրությունը, որին ներկա է եղել միայն բարեկամների նեղ շրջանակ: Հարսնացուն հասարակ ընտանիքի աղջիկ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալները գնալով մեծանում են: Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դուրս է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի դեմ: Իսկ ի՞նչն է պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պահանջելով, որ 20.06.2023թ. թիվ 1112-Ա հրամանը վերացնի եւ բարենպաստ վարչական ակտ կայացնի ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավ-արեւմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տալու մասին: Այսինքն՝ նախարարությունն արգելում է «ՄԼ Մայնինգ»-ին ավազ արդյունահանել, իսկ գործարարը ցանկանում է նպատակին հասնել դատարանի միջոցով: Շինարարական այդ խոշոր ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ տարբեր մարզերի տարբեր համայնքների ղեկավարներ են դատական հայցեր ներկայացնում: Օրինակ՝ Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել եւ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին որոշումը փաստացի չեղարկել: Այսինքն՝ ընկերությունը փաստացի ինչ-ինչ եղանակով ստացել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որը հիմա համայնքների ղեկավարները հետ են պահանջում:
Այն, որ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը արտոնյալների շարքում է ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, փաստ է: Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «ՄԼ Մայնինգ»-ին: Նշենք, որ ընկերությունը, բացի կառուցապատման եւ շինարարական աշխատանքներից, զբաղվում է նաեւ ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Դրանից առաջ էլ նույն ընկերությունը արտոնություն ստացավ 2018թ. հունվարի 25-ին՝ 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատվելով: Երկու արտոնություն էլ ստացել էր 2017թ.-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել այս ընկերության գործունեության մասով, որին կանդրադառնանք առաջիկայում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող, Մամիկոնյանց 60 եւ 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 եւ 853.6 քառ. մետր մակերեսներով շենք-շինությունները վաճառքի հանելու հարցը։ Խոսքը Բժշկական համալսարանին պատկանող շենքերի մասին է։ Վաճառքը տեղի է ունենալու աճուրդով, եւ մեկնարկային գին է սահմանվել 1 միլիարդ 847 մլն 300 հազար դրամը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ղեկավար շտաբը որոշել է իր կազմակերպչական ռեսուրսներով և հանրային վստահությամբ ապահովել Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը: Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ գործող իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել՝ փորձելով այս ընտրությունները ներկայացնել որպես սեփական վստահության քվե, հիմա արդեն ակնհայտ է, որ այդպես չի լինի: «Համարում ենք, որ, որպես քաղաքացիական նախաձեռնություն, մեր ջանքերը պետք է գործադրենք, որ քաղաքացու ձայնը հնարավորինս լսելի և որոշիչ լինի մեր երկրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Չալաբյանը:
Ընդգծում է՝ իշխանությունը ձևավորվել է 2021 թ.-ին ընտրությունների արդյունքում և ունի սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում: «Դա հանգեցրել է նրան, որ նա երկրում իրականացրել է համատարած իշխանազավթում, զավթել է և շարունակում է զավթել բոլոր հնարավոր պաշտոնները, դատավորի տեղ է ազատվում, հերթական կամակատարի է նշանակում և այլն: Համապետական նոր ընտրությունները տեղի են ունենալու երեք տարի հետո: Այդ միջակայքում տեղի ունեցող ցանկացած հնարավորության դեպքում պետք է օգնենք, որ քաղաքացիների ձայնը, եթե այն էապես տարբերվում է գործող իշխանության ձայնից, լսելի դառնա: Համապետական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրությունները երկրորդ ամենամեծ ընտրությունն է երկրում»,-հավելում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ որևէ ընտրություն չի կարող ապաքաղաքական լինել, քաղաքականությունն ընտրություններով է որոշվում:
Չալաբյանը նշում է՝ քաղաքացիներից շատերի շրջանում կա այն մտայնությունը, որ ինչ էլ անեն, նույնն է լինելու, իրենցից որևէ բան կախված չէ, իշխանություններն ընտրությունները կկեղծեն և այլն: «Ուզում ենք մեր քաղաքացիներին վստահեցնել, որ այդպես չէ: Եկեք և ձեր խղճին համապատասխան քվեարկեք, իսկ մենք հետամուտ կլինենք, որ ձայները ճիշտ հաշվարկվեն, և ընտրությունների արդյունքները որոշվեն քաղաքացիների ձայներով, ոչ թե որևէ մեկի պարտադրանքով»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը: