Նոր հանրային քրեական հետապնդում՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալի նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ.Ն.-ի (Վահե Նիկոյան) նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար: Արդյունքում, հաղթող են ճանաչվել «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ՍՊ ընկերությունը, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը:
Հետագայում վերը նշված ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ ավել գումարներ են վճարվել՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:
Բացի դրանից՝ Վ.Ն.-ն նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը: Մասնավորապես՝ Վ.Ն.-ն իր հոր՝ Հ.Ն.-ի անվամբ գրանցված անշարժ գույքերը 2015 թվականին երկարաժամկետ վարձակալության է հանձնել նշված ընկերություններին՝ մինչ այդ պահը տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող վարձավճարով՝ 436 մլն 472 հազար 280 դրամով:
2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ու «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են: Արդյունքում Վ.Ն.-ն հոր՝ Հ.Ն.-ի համար, որպես այլ առավելության տեսքով կաշառք, 2015-2019 թվականների համար փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար 953 դրամ գույքային օգուտ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: