ՄԻՊ-ի արձագանքը հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելու մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելուն:
«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: