25.11.2024
Եկեք միասնաբար փոխենք
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը կողմ է Ադրբեջանի առաջարկին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է, խանութները գրեթե դափ-դատարկ են, առաջին անհրաժեշտության մթերքները սահմանափակ քանակով են մարդկանց հասանելի։ Արցախից մեզ պատմեցին, որ թերսնման հետեւանքով ուշագնացության դեպքերը շատացել են: Միայն վերջին հանրահավաքի ժամանակ 3-4 երիտասարդ կին է ուշագնաց եղել, որոնցից մեկը՝ հղի: Շտապօգնության բժիշկներն ախտորոշել են, որ երիտասարդ կանանց ուշագնացության պատճառը թերսնվածությունն է: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, վատացածներից մեկը հենց նրա կողքին է եղել։ Եվ չնայած այս ծանր վիճակին, Ադրբեջանի մեկնած «մարդասիրական ձեռքը»՝ Աղդամով առեւտուր անելու առաջարկը, բոլոր արցախցիների համար մերժելի է, եւ սրանով էր պայմանավորված բետոնապատնեշով Աղդամ տանող ճանապարհը փակելու ակցիան։ Բայց Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իշխանություններին համոզել, որ ընդունեն այդ առաջարկը, որ բնակչությունը սովամահ չլինի, չհուսահատվի եւ հետագայում չլքի Արցախը: Այսինքն` Արցախի ինտեգրումն Ադրբեջանին համարում են նվազ վտանգավոր, քան այս իրավիճակը: Այդ ուժերի առաջամարտիկը Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքն» է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։ Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը հայտնվել է բարդ իրավիճակում: Դատավորները քննարկում են այն իրավիճակը, որ չկա որեւէ ընթացակարգ, որը հիմք ընդունելով՝ դատարանը թույլ տա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից հանել եւ տանել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու: «Ավելին` դատական համակարգում առաջ են քաշել այն հարցը, որ սովորաբար կալանավորին թույլ են տալիս դուրս գալ բանտից, երբ հարազատ մարդ է մահանում, կամ որեւէ քրեական գործով կալանավորին կանչում են հարցաքննության, քրեական վարույթով հույժ կարեւոր ցուցմունք տալու»։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ Դավիթ Տոնոյանը միջնորդել է թույլ տալ իրեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, որի մասով չկա որեւէ ընթացակարգ, ուստի դատական համակարգը չգիտի, թե ինչպես այս հարցին մոտենալ: Եւ, ահա, հրահանգով որոշվել է Տոնոյանին թույլատրել ներկայանալ խորհրդարան:


«Հրապարակ» թերթը գրում է․ Քաղաքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Տիգրան Ավինյանին հաջողվում է իր մտերիմներին գրել ավագանու ցուցակում, չնայած Փաշինյանը նեղ շրջանակում ասել էր, որ ցուցակն ինքն է կազմելու։ Առաջին հնգյակում «դրսից» միայն Արմեն Փամբուխչյանն է, մնացածն ավագանու ներկայիս անդամներն են: Հաջորդ հնգյակում լինելու են փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը։ Կանանց հարցն է բարդ` ամեն երրորդը, ըստ օրենքի, պետք է կին լինի։ Տեղեկացանք, որ քննարկվել է ամիսներ առաջ կալանավորված, ապա ազատ արձակված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հարցը, ում Ավինյանը նախապես իր ցուցակի հնգյակում էր ուզում գրել, որոշվել է չգրել նրա անունը, որ ավելորդ կրքեր չբորբոքվեն։ Ինչ վերաբերում է Ավինյանի մարդկանց, Փաշինյանի շրջապատից ասացին, որ նրանց կգրեն ցուցակում, բայց ընտրություններից հետո շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն: Իսկ ավագանի կգան ցուցակի հետին հորիզոնականներում գտնվողները, որոնք լինելու են Փաշինյանի մարդիկ։


«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի ընտրություններին քիչ ժամանակ է մնում, մինչդեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ թիմակիցների, դեռ վերջնական որոշում չունի` առաջադրվել, թե ոչ։ Հստակ չէ նաեւ, թե որ կուսակցության կողմից է առաջադրվելու, իսկ նորը հիմնադրելու ժամանակ արդեն չկա։ Ընտրությանը մնացել է 2 ամիս, գրեթե բոլոր թեկնածուների մասին կա տեղեկատվություն, իսկ Մարությանը շարունակում է մոնոներկայացումները։ Ի դեպ, ասում են, որ վերջին ներկայացումների տոմսերը ոչ թե վաճառվել են, այլ հիմնականում բաժանել է, որ դահլիճը կիսադատարկ չլինի։ Մյուս կողմից, փակված չեն նաեւ տարբեր չարաշահումների առիթով հարուցված քրգործերը։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել անգամ Չեխիայում Մարությանի բարեկամների, այդ թվում` կնոջ եւ հարազատների հաշիվներին փոխանցված գումարների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները։ Եվ նա, ըստ ամենայնի, չի ցանկանա դառնալ իշխող կուսակցության թշնամին` այս նախաքննության ֆոնին։ Մանավանդ որ գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Տիգրան Ավինյանը թեկնածուների մեջ առաջատարն է, ինչը Մարությանին մտածելու տեղիք է տվել, որովհետեւ գիտակցում է, որ 50+1 տոկոս հավաքելու եւ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը բացառված է։ Հետեւապես, մեծ ռեսուրսներ եւ ջանք թափել՝ Երեւանի ավագանիում մի քանի հոգանոց խմբակցություն ունենալու համար, անիմաստ է։ Ավելին, Մարությանին չի հաջողվել համոզել երկրում գործող որոշ հայտնի կուսակցություններին` առաջադրելու իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ նա ստիպված է լինելու առաջիկա 1-2 շաբաթվա մեջ հավաքել թիմ, մտնել մարդ-կուսակցություններից մեկը, կազմել ցուցակ։ Մինչդեռ մյուս մասնակիցները վաղուց հստակեցրել են այդ հարցերը եւ մտել քարոզչական փուլ։ Այնպես որ, Մարությանի առաջադրման հարցը դեռ հարցականի տակ է։


«Հրապարակ» թերթը գրում է․ ԿԸՀ-ն հաղորդեց, որ Երեւանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը՝ մինչեւ օգոստոսի 18-ը: Թեկնածուներն արդեն ցուցակների վերջին ճշգրտումներն են անում: Ինչպես հայտնի է` քաղաքապետի թեկնածուների մեջ է նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով: Նրա ցուցակում հիմնականում մասնագետներ են ընդգրկվելու, որոնք քաղաքային տնտեսությունից գլուխ են հանում: Մեկը Վարդան Աղաբեկյանն է` մասնագիտությամբ ինժեներ-շինարար, աշխատել է «Քաղբարեկարգշին» շինարարական վերանորոգման վարչությունում, եղել է N1 ճանապարհաշինարարական ձեռնարկության տնօրեն, Նոր Նորք շինարարության-բարեկարգման կոմունալ տեսչության բաժնի պետ, Կենտրոնի կոմունալ բաժնի պետ: Ցուցակի առաջին կինը, հավանաբար, կլինի ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը` «Կենաց տուն» ՀԿ հիմնադիր Վանո Դադոյանի կինը, 5 երեխայի մայր․ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բաժինը, մանկավարժ, մշակութային նախաձեռնությունների հեղինակ եւ կազմակերպիչ։ Մնացականյանի ցուցակում է նաեւ 38-ամյա Արթուր Բաբայանը` մասնագիտությամբ մարզական լրագրող։ Եղել է Կենտրոն վարչական շրջանում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի աղբահանության պատասխանատուն, այնուհետեւ՝ ՀՈԱԿ-ի աղբահանության համակարգման եւ կառավարման բաժնի պետը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում»: Այս հոդվածը տարիներ շարունակ գործել է եւ կիրառվել, ու թեեւ մասնավորեցված չէ, թե որ պատգամավորները կարող են օգտվել այս դրույթից, ավանդաբար այս հոդվածով ընձեռնված հնարավորությունից օգտվել են պատգամավորներ, որոնք մարզերից են ընտրվել՝ մեծամասնական ընտրակարգով: Այսինքն՝ նախկինում, երբ գործում էր նաեւ ընտրության մեծամասնական ձեւաչափը, երբ ընտրողները իրենց համայնքներում ու մարզերում էին պատգամավորներ ընտրում, պատգամավորները ստիպված էին լինում մարզերից գալ Երեւան ու վարձով բնակվել մայրաքաղաքում, դրա համար էլ պատգամավորների երաշխիքների մասին օրենքում նշված է եղել, որ պետք է նրանց ապահովել բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:


Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության պատգամավորները որոշել են օգտվել օրենքի վերը նշված հոդվածից, եւ ով տուն չունի, պետության հաշվին վարձավճարի փոխհատուցում է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից պահանջել է տրամադրել, թե 2021, 2022, 2023 թվականներին որ պատգամավորներն են վարձավճարի փոխհատուցում ստացել: Օրինակ՝ ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը 2021 թվականին, երբ ԱԺ պատգամավոր է ընտրվել, պատգամավորի աշխատավարձին, ներկայացուցչական ծախսի համար նախատեսված գումարին եւ պարգեւավճարներին զուգահեռ, նաեւ ամսական 100 հազար դրամ գումար է ստացել՝ որպես բնակարանի վարձավճար: Ըստ կենսագրության՝ Արփինե Դավոյանը 2009-ից աշխատել է Երեւանի դպրոցներից մեկում՝ որպես հոգեբան, այսինքն՝ երկար տարիներ բնակվել է Երեւանում, տուն չի ունեցել: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թվականին ու սկսել է պետության հաշվին վարձավճար ստանալ: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ պետբյուջեն մսխողներ կամ պետբյուջեի հաշվին սեփական բարեկեցությունը կառուցողներ: Հիմա, թերեւս, իր կողքին հենց այդպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ պետբյուջեին վերաբերվում են, ինչպես սեփականության. բոլոր հնարավոր եղանակներով նրանք գումար են կորզում պետբյուջեից: Ծագումով ապարանցի Մաթեւոս Ասատրյանը, օրինակ, որ 11 անշարժ գույք ունի, ամեն ամիս պետությունից 100 հազար դրամ տան վարձի փոխհատուցում է ստացել: Պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը 2023 թվականի հունվարին բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն այն ձեռք է բերել 800 հազար դրամով, որը գտնվում է Երեւանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Բացի այս տարածքից, որի միանձնյա սեփականատերն է նա, Ասատրյանը տնօրինում է եւս տասը անշարժ գույքի՝ երկու բնակարան, 5 հողամաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն եւ հողին ամրացված այլ անշարժ գույք եւ մեկ ավտոտնակ։ Երկու բնակարանները գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում, որոնք նա ձեռք է բերել նույն օրը՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Այդ բնակարաններից մեկի պարագայում նա համասեփականատեր է, իսկ մյուսի դեպքում 1/3 բաժինն է իրենը։ Մյուս բոլոր գույքերը նա ունեցել է մինչեւ հեղափոխությունը։ Այս ամենը նա գնել է՝ ունենալով միայն պատգամավորի աշխատավարձը՝ որպես եկամուտ, որը մեկ տարվա ըթացքում կազմել է 7 մլն 886 հազար դրամ։ Ու թեեւ Մաթեւոս Ասատրյանը պատգամավոր եղած ժամանակ Աջափնյակ վարչական շրջանում 2021 թվականին 2 բնակարան է գնել, այնուամենայնիվ, օգտվելով պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 9-րդ հոդվածից, այն է՝ եթե պատգամավորը Երեւանում չունի բնակարան, նրան վարձավճարի փոխհատուցում է տրվում, ստացել է 100 հազար դրամ ամսական փոխհատուցում: ԱԺ լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են՝ 2021 եւ 2022 թվականներին Մաթեւոս Ասատրյանը օրենքի խախտմամբ ստացել է վարձավճարի փոխհատուցում: Մանրամասները՝ առաջիկայում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ի ընտրացուցակի 3-րդ համարը՝ առաջին կինը, մայրաքաղաք Երեւանի քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտակական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն է: Թեեւ նա ի պաշտոնե պետք է քաղաքաշինական ճգնաժամի մասին հոգ տանի, բայց մայրաքաղաքը ճկում է քաղաքաշինական բեռի տակ. առանց բացառության բոլոր համայնքներում շինարարություն է ընթանում՝ հաճախ իրավական նորմերին չհամապատասխանող, բայց Վարդանյանը Երեւանի փողոցների անվանափոխության հարցում է առավել ակտիվ: Հիմա էլ զբաղված է երեւանցի արվեստագետների հետ քաղաքային իշխանության հարաբերությունների ջերմացմամբ: Իսկ քաղաքաշինությունը նրան հետաքրքրում է՝ զուտ ազգակցական կապերով պայմանավորված, քանի որ նրա հորեղբայրը՝ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը՝ հայտնի մականունով, չի կտրվում Երեւանի քաղաքաշինության ոլորտից: Լեւոն Վարդանյանը Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կադրերից է, որը նաեւ Արթուր Մեսչյանի ժամանակ էր շարունակում «գերիշխող» դիրք ունենալ քաղաքային այդ ոլորտում:


Այսինքն՝ քաղաքաշինական ոլորտում շարունակում են թելադրող մնալ նախկին կադրերն ու բարքերը: Դե իսկ Նուարդ Վարդանյանի ամուսինն էլ նորահայտ բիզնեսմեն է. Ստեփան Մարգարյանը ՀՀ կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսի բաժնետերն է: Այսինքն՝ ՔՊ ավագանու ընտրացուցակի 3-րդ համարը ե՛ւ նախկին է, ե՛ւ նոր հարստացած ներկա: Ի դեպ, Նուարդ Վարդանյանի քույրը ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն է, որը պետբյուջեի հաշվին ամենաշատը գործուղման մեկնած պատգամավորներից է: Իսկ Նուարդի հայրը Ժոկոն է՝ Գեւորգ Վարդանյանը. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար: Նուարդ Վարդանյանը հայտնի դարձավ հանրությանը իր ագրեսիվ մի արտահայտությամբ, երբ հայտարարեց. «Ես՝ որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Ահա «ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է: Հերթով կանդրադառնանք թեկնածուներին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նման որոշում կընդունվի կառավարության վաղվա նիստում։ Նախագիծը ընդգրկված է չզեկուցողների շարքում եւ նաեւ գաղտնի կետ է պարունակում։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի կետ ունեցող հարցով բյուջեից գումար է տրամադրվում։ Իսկ ինչո՞ւ է գաղտնի. այն պարզ պատճառով, որ մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար: Սա՝ այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերում անգամ կենսական ջրի ու կենցաղային խնդիրներ կան, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որ տարիներով չեն նորոգվում։