Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի շեմին
ՀՀԿ Խորհրդի անդամ Արթուր Թովմասյանը գրում է.
"Երբ 1920-21 թթ. Հայաստանը սովետիզացվեց, բնակչության թիվը կազմում էր մոտ 720 հազար մարդ, 1 միլիոնի շեմը հատել էր ընդամենը 10 տարի անց, 1930 թվականին. 1920-1991 թթ. Հայաստանի բնակչության թիվն ավելացել էր 4,9 անգամ՝ հասնելով 3,57 միլիոնի։ Եթե Սովետական Միությունը դավադրաբար չփլուզեին, ապա 1976 թվականին արված կանխատեսումներով Հայաստանի բնակչությունը 2000 թվականին պետք է կազմեր 4,650 միլիոն մարդ:
Վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թիվը նվազել է շուրջ 800.000-ից մինչև 1 միլիոն մարդ, որից 500.000՝ 1991-1994 թվականների ընթացքում (ղարաբաղյան պատերազմ, տնտեսական շրջափակոմ, էներգետիկ ճգնաժամ)։
Սովետական Հայաստանը ստեղծելով բարենպաստ պայմաններ և վերցնելով ծնողների հոգսը, մատաղ սերունդների դաստիարակության և կրթության հարցը իր վրա, ինքնստինքյան լուծում էր դեմոգրաֆիական հարցը:
Այսօր պետությունը չի՛ ստեղծում բարենպաստ պայմաններ և չի՛ խրախուսում երիտասարդներին ամուսնանալ, ընտանիք ստեղծել և երեխա ունենալ, ավելին ասեմ, պետությունը ծնողին միայն դիտարկում է որպես փողի աղբյուր՝ լավ իմանալով ՀԱՅ ծնողի վերաբերմունքը և սերը առ զավակ, ստիպում է նրան գնալ ամեն քայլի (տոկոսով փող, բանկերից վարկ), խոշոր գումարներ վճարել, թե՛ պետությանը, և թե՛ մասնավոր անձանց (մանկապարտեզ, ԲՈՒՀ), երեխայի ապագան ապահովելու համար: Բայց այս տարի բուհերում 350 անվճար և 8764 վճարովի տեղ մնացել է թափուր (ԵՊՀ է ընդունվել 2156 ուսանող, որից 454-ը՝ անվճար, իսկ 1702-ը՝ վճարովի հիմունքով։ Թափուր է մնացել 349 տեղ, որից 41-ը՝ անվճար, իսկ 308-ը՝ վճարովի): Մի ժողովուրդ, որը չի ձգտում կրթվել, դատապարտված է ստրկության, սա է մեր ողբերգությունը, կործանումը հենց սրանից է սկսում:
Հայաստանի դեմոգրաֆիան լուրջ խնդրի առջև է կանգնած, Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Համաձայն ՄԱԿ-ի առաջարկած սահմանման, ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որտեղ ընդհանուր բնակչության 65 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7%-ը, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 11-12%: Միջազգային զեկույցները և վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի շեմին:
Դե գնա երիտասարդ ու ծակ գրպանով ամուսնացի...",- գրել է նա: