VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ հասած լուրերով, ՔՊ-ում արդեն սկսել են Երեւանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը։ Անցած օրերին քննարկել եւ, կարելի է ասել, որոշում են կայացրել առաջին հնգյակի մասով։ Այսպիսով, ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երեւանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը, որքան էլ տարակուսելի է, գործող ավագանու ամենասկանդալային կանանցից մեկն է՝ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը: Ի դեպ, հիշեցնենք․ օրենքի պահանջով՝ ցուցակի մեկ երրորդը կանայք են լինելու` երրորդ համարից սկսած։ ՔՊ-ում սկզբում դեմ են եղել Վարդանյանի` առաջին կինը լինելու հանգամանքին, քանի որ նա հայտնի է սոցցանցային գերակտիվությամբ եւ աղմկահարույց հայտարարություններով ու միանշանակ չի ընկալվում։ Սակայն, մյուս կողմից, այլ հարմար տարբերակ չեն գտել։ Նուարդ Վարդանյանի հայրը, հիշեցնենք, նախկինների ամենահայտնի ներկայացուցիչներից է` 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000 թթ․՝ բնապահպանության նախարար: Չորրորդը ՔՊ-ի ցուցակում լինելու է դե ֆակտո քաղաքապետ` քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար եւ առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, հինգերորդը՝ Արմեն Գալջյանը, ով ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է։ Իսկ ցուցակն ամբողջությամբ կկազմվի առաջիկայում, երբ մայրաքաղաքի տարածքային կառույցները ցանկերը ներկայացնեն վարչություն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դատարանը չբավարարեց Վիտալի Բալասանյանի կալանավորման միջնորդությունը: Ավելի վաղ ազատ էին արձակվել նաեւ մյուս ձերբակալվածները` որդին եւ եղբայրը: Իհարկե, մեղադրանքները տարբեր էին` որդուն մեղադրում էին 75 միլիոն դրամ պետական վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ Բալասանյանին` 336-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար: Հիշեցնենք, որ նա իր տուն խուզարկության եկած անձանցից պահանջել էր ասել, թե ինչ են փնտրում, եւ ցույց տալ դատարանի որոշումը` խուզարկության մասին։ ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել էին, եւ նա դիմադրություն էր ցույց տվել: Դրան հաջորդել էր ուժի կիրառմամբ Բալասանյանին բերման ենթարկելը: Հավանաբար, հանրային աղմուկը մեծ էր, եւ Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց: Սակայն մեզ հասած տեղեկություններով, Արցախում մի քանի օր քննարկել են խուզարկության կադրերը հրապարակելու հարցը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել դրանք հրապարակայնացելուց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի՝ 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի ներդրումները 2018թ.-ից հետո պակասել են. «2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում»։ Խորհրդակցությանը մասնակից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք քննարկել են բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերը՝ ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքների շուրջ, եւ ոչ մի խոսք Արարատի մարզի անվտանգության մասին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում է տեղեկությունը, թե վարչապետը ինչ է քննարկել կամ քննարկել է արդյոք որեւէ հարց՝ կապված կրակոցների տակ ապրող Երասխի եւ Արարատի մարզի այլ բնակավայրերի հետ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություններ է անում՝ իրականությունից կտրված, չքննարկելով անգամ մեր երկրի իրական ռիսկերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Արարատի մարզում 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84: Ատեստավորում անցած ուսուցիչներից միայն մեկի աշխատավարձն է հասել 463 հազար դրամի: Ըստ ԿՏԱԿ-ի` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Արարատի մարզում աշխատում է 2 հազար 426 ուսուցիչ: Այսինքն՝ 2 հազար 426 հոգուց միայն 106 հոգի է 2 տարվա ընթացքում ատեստավորվել: Ու միայն մեկ ուսուցիչ է հաղթահարել ատեստավորման բոլոր պահանջները եւ ստանում է 463 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն՝ այս իշխանության բոլոր նախաձեռնություններն են փուչիկ, խոստումները` թղթի վրա մնացող, ծրագրերը` անկատար: Եթե 2 հազար 426 ուսուցչից միայն 100-ն է 2 տարում մասնակցել ատեստավորմանը, կնշանակի՝ սա հերթական ձախողված ծրագիրն է, որի շուրջ երկու տարի է՝ ԿԳՄՍՆ-ն եւ ողջ իշխանությունը փիառ են անում, բայց տակն իրական բովանդակություն չկա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին հովանավորչություն կատարելու համար նրանից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է: Ու պարզվում է՝ սա միակ դեպքը չէ, որ բացահայտված է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ քննչական այս մարմինը նաեւ մի շղթա է բացահայտել ՀՀ պաշտպանության նախարարությունում, երբ շատ հրամանատարներ գումարի դիմաց զինվորների տեղափոխություններ են իրականացրել, ինչի համար հայտնվել են իրավապահների թիրախում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն Արարատի մարզում բացահայտվել է այսպիսի շղթա: Շուտով էլի հրամանատարներ են կալանավորվելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն է եղել վերջերս։ Բանն այն է, որ հուլիսի 10-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Սեւանի թերակզղում գտնվող հիդրոօդերեւութաբանական կայանում տեղադրված նոր ավտոմատ համակարգի բացմանը։ Կայանը, որը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում է տեղադրվել, չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։ Հենց այս պատճառով էլ մեծ աղմուկ է բարձրացել, եւ տհաճ խոսակցության առիթ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի եւ Հակոբ Սիմիդյանի միջեւ։ Փաշինյանը նրան մեղադրել է, որ հերիք չէ՝ սարքն առանց համապատասխան ստուգում անցնելու տեղադրվել է, նաեւ Սիմիդյանը մեծ միջոցառում է կազմակերպել եւ շատ կարեւոր հյուրեր հրավիրել։ Այս տեղեկության հավաստիությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ։ «Նմանատիպ գործունեություն ունեցող սարքը անհրաժեշտ չի, որ անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)։ Ասեմ նաեւ՝ դա եղել է պարզապես կայանի համալրում, համակարգը մեխանիկականից անցել է ավտոմատ գործարկման»,- ասաց Հակոբյանը։ Այսինքն՝ նա փորձում է հերքել, թե նման բան է տեղի ունեցել, սակայն մեր աղբյուրները հակառակն են պնդում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, պաշտոնյաները միամիտ եւ անմեղ դեմքերով զեկուցեցին, որ բեռնատար մեքենաները գտնվում են անսարք վիճակում, եւ այնպիսի տպավորություն էր, որ նոր են տեղեկացել այդ մասին։Սա՝ այն դեպքում, երբ միայն բեռնատար մեքենաների սպասարկման համար մեկ տարում ծախսվել է մոտ 1մլրդ դրամ («Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է գնումների կայքը, որտեղ նշված է, որ ամեն եռամսյակը մեկ, իսկ որոշ դեպքերում՝ երկու անգամ հատկացվել են 128-միլիոնական դրամներ): Բայց, չնայած ծախսված մոտ 2.5 մլն դոլարին, հիմա ունենք մի ամբողջ հիմնարկ՝ իր խոտանված մեքենաներով:Հետաքրքիր է, թե ուր են ծախսված գումարները։ Իհարկե, ղեկավար կազմը ցանկանում է մեղքի մեծ բաժինը դնել վարորդների վրա, սակայն վարորդները մեզ ահազանգում են, որ այս հարցում բացարձակ մեղք չունեն: Հիմնականում 2019 թվականի արտադրության մեքենաներ են աշխատում աղբահանության համար, որոնց յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, հերթական մեքենաների տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար ունենք այսօր այս վիճակը:
Բացի այդ, բազմաթիվ աշխատակիցներ ահազանգում են, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանի մեղմ ասած վատ վերաբերմունքի պատճառով (ծեծ, հայհոյանքներ, ստիպողաբար ավելի աշխատացնել եւ չվճարել եւ այլն) ազատման դիմումներ են գրում։ Նույնիսկ կան աշխատակիցներ, որոնք ցանկանում են ազատման դիմումներ գրել, սակայն վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն` ուղղակի աշխատանքի չեն հաճախում։ Ի՞նչ է կատարվում այս ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել քաղաքապետարան, որոնց պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել: Ազգային ժողովը 1 մլն 136 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը պետք է այդ գումարով նորոգի ԱԺ վարչական շենքի եւ ավտոտնտեսության ջրհորդանները: «Սահակյանշին» ՍՊԸ-ն այն ընկերությունն է, որը Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից հատվածում շինարարություն էր սկսել, ահռելի փոս փորել, ինչի հետեւանքով խճուղու երթեւեկելի մի հատվածը փլուզվել էր։ Հետագայում, երբ վերանորոգվեց այդ հատվածը, վերանորոգվեց ճանապարհի հաշվին, եւ մի ողջ երթեւեկելի գոտի պակասեց ճանապարհի այդ հատվածում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված տոնական ֆուրշետի արարողությունից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջոցառմանը հրավիրված են եղել ՀՀ վճռաբեկ դատարանում երբեւէ աշխատած բոլոր նախկին եւ ներկա դատավորները։ Միջոցառումը սկսվել է Վճռաբեկի նախագահ, իշխանությունների «սրտի դատավոր» Լիլիթ Թադեւոսյանի ելույթով, որից ներկաները որեւէ բան չեն հասկացել եւ կարծիք են հայտնել, որ նախագահը խոսեց «20 րոպե՝ ոչնչի մասին»։ Ավելի ուշ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձել է հումորներ անել մտերիմ երեկոն ամբողջացնելու համար, սակայն այդ հումորները եւս ներկա դատավորներից շատերի ամար անընկալելի են եղել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախկիններից միջոցառմանը մասնակցել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը, սակայն ուշագրավ է, որ միջոցառմանը չի մասնակցել Վճռաբեկի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Չի մասնակցել նաեւ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը։ Ի տարբերություն Խունդկարյանի, որը Երեւանում է, Մանուկյանը երկրում չէ, թեեւ հայտնի չէ՝ լինելու դեպքում կմասնակցեր, թե ոչ։ Իսկ ներկա դատավորները ներկայացուցչական կազմով բոլորը մասնակցել են միջոցառմանը։ Ավելին՝ ներկաներից լայն ժպիտով, առանձնակի հիացմունքով եւ հարգանքով մասնակցել են այնպիսի դատավորներ, որոնք սկզբունքորեն հաշտ չեն իշխանությունների արած քայլերի, դատական համակարգի նկատմամբ ճնշումների հետ։ Միջոցառմանը մասնակից մեր աղբյուրին զարմացրել էր նաեւ որոշ «սկզբունքային» դատավորների ջերմ, ակտիվ ձեռքսեղմումները, ողջագուրումները իշխանության ներկայացուցիչների հետ։ Հետաքրքիր է՝ իսկ շնորհավորանքների, ձեռքսեղմումների արանքում գոնե մի երկու բառ հնչեցրել են արդյոք իրենց մտահոգությունների մասին։