VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության երեկվա նիստում վերջնականապես հաստատվեց, որ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Այսպիսով, հերթական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից։ Հայտնի է, որ այս քարոզարշավին լծվելու է ՔՊ ողջ կազմը, եւ խմբակցության պատգամավորներին եւս «բերման են ենթարկելու»՝ դրան մասնակցելու եւ իրենց թեկնածուի քարոզն անելու համար։ Այսպիսով, այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։ Հավելենք, որ Երեւանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին, ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին. այդ լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Օրենքի դրույթներից ելնելով՝ Երեւանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվեցին սեպտեմբերի 17-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ թույլ տալ, որ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնի Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաեւ արտահերթ նստաշրջանի ընթացքում։ ԱԺ կանոնակարգ օրենքում պատգամավորը փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, որն արդեն շրջանառության մեջ է դրվել եւ, որոշ լուրերով, հնարավոր է մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ մեկնելը արտահերթ նիստում օրենքի տեսք ստանա։ Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանափակում է, եւ դատախազը միայն հերթական նիստին կարող է նման միջնորդագիր ներկայացնել: Իր այս «հույժ կարեւոր» առաջարկը պատգամավորը հիմնավորում է նրանով, որ եթե նման անհրաժեշտություն առաջ գա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ հունիսի երկրորդ շաբաթից հետո, իրավապահները հարկադրված կլինեն 2-3 ամիս սպասել՝ մինչեւ աշնանային նստաշրջանը, որ սկսվեն հերթական նիստերը, եւ անձեռնմխելի անձանց նկատմամբ քրգործ հարուցելու, կալանավորելու հնարավորություն ստանան։ Այս շտապողականությունը մի բանի մասին է գուժում, որ առաջիկայում թերեւս ակտիվ պրոցեսներ են սպասվում, եւ իշխանությունն ընդդիմության գլխին նոր մահակ է նախապատրաստում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգը հայտնվել է բարդ իրավիճակում: Դատավորները քննարկում են այն իրավիճակը, որ չկա որեւէ ընթացակարգ, որը հիմք ընդունելով՝ դատարանը թույլ տա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից հանել եւ տանել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու: Ավելին, դատական համակարգում առաջ են քաշել այն հարցը, որ սովորաբար կալանավորին թույլ են տալիս դուրս գալ բանտից, երբ հարազատ մարդ է մահանում, կամ որեւէ քրեական գործով կալանավորին կանչում են հարցաքննության, քրեական վարույթով հույժ կարեւոր ցուցմունք տալու: Հիմա փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ Դավիթ Տոնոյանը միջնորդել է թույլ տալ իրեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, որի մասով չկա որեւէ ընթացակարգ, ուստի դատական համակարգը հայտնվել է բարդ իրավիճակում եւ չգիտի, թե ինչպես այս հարցին մոտենալ: Դատաիրավական համակարգը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը միգուցե մերժի միջնորդությունը, սակայն դեռեւս վերջնական որոշում չկա. հուլիսի 25-ին պարզ կդառնա՝ Տոնոյանին կմերժեն, թե ոչ: Հիշեցնենք, որ ԱԺ-ն հուլիսի 16-ին արձակուրդ է մեկնում։ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է նաեւ, որ Տոնոյանին հնարավորություն են տալու ընտրել՝ հանձնաժողովում հանդես գալ փակ ռեժիմով, թե ուղիղ եթերով, ինչպես արեցին վարչապետ Փաշինյանի դեպքում։ Քոչարյանը հույս ունի, որ դատարանը դրական որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանը որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: «Ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ՝ շատ ասելիք ունեմ հանձնաժողովին»,- հայտարարել էր նա:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 16-ից կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «տուլիկ» ուղարկելու համար բազմաթիվ մարդիկ ու խմբեր են դիմում ՀՀԿ-ին եւ Աշոտյանի մերձավորներին։ Կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենաանհավանական մարդիկ, որոնք բոլորովին այլ քաղաքական դաշտում են գտնվում, պատրաստակամություն են հայտնել՝ ինչով կարող են, աջակցել, զորակցել Աշոտյանին։ Գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկները կալանավորների հարազատներին թույլատրում են շաբաթը մեկ անգամ «տուլիկ»` սնունդ փոխանցել, սահմանափակ քաշով՝ 15-20 կգ: Անգամ շրջափակված Արցախից են նման պատրաստակամություն հայտնել, չնայած թվում էր, թե հենց իրենք ունեն օգնության կարիք։ Պատմում են, որ Աշոտյանի «տուլիկում» գերակշռում են գրքերը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությունը նախապատրաստվում է մեծ միջոցառման։ Այս տարի Երկրապահ կամավորականների միության կազմավորման 30-ամյակն է, որի կապակցությամբ տոնական միջոցառում կանցկացվի հուլիսի 23-ին՝ Մարզահամերգային համալիրում։ Չնայած Երկրապահի օրը Հայաստանում նշվում է մայիսի 8-ին, սակայն 1993 թվականի հուլիսի 23-ին է տեղի ունեցել Երկրապահների առաջին համագումարը, ու ստեղծվել է Երկրապահ կամավորականների միությունը։ Դրանից տարիներ անց ԱԺ-ում որոշում կայացվեց, որ մայիսի 8-ը նշվի որպես Երկրապահի տոն։ Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, լուսաբանման ենթակա չի լինի, կամ կհրավիրվեն ընտրյալ լրատվամիջոցներ։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ասաց, թե հանձնաժողով է ձեւավորվել, որը զբաղվում է միջոցառման նախապատրաստական հարցերով եւ հանդես կգա հայտարարությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 22-23-ը Երեւանի Զաքյան փողոցում տեղի է ունենալու գարեջրի փառատոն, որի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի տեսականին, առանձնահատկությունները, ավանդույթները եւ զարգացնել քաղաքային տուրիզմը, ինչպես նաեւ հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին համախմբել մեկ հարթակում: Այս տարի, սակայն, համախմբվածության եւ գարեջրի տեսականու մասով խնդիրներ կան, կարծես թե: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ, որ կազմակերպիչները նախորդ փառատոնի մասնակիցներին զեղչեր են խոստացել, չեն արել, դրան գումարած՝ այս տարի երաշխիքային մոտ 200.000 դրամ գումար են պահանջել ընկերություններից, նաեւ այլ դժվարություններ են առաջացրել այս տարի՝ փոխելով մասնակցության պայմանները, ինչի արդյունքում շատ արտադրողներ չեն մասնակցի այս փառատոնին: Հավանաբար կլինեն մի քանի խոշոր ընկերություններ, որոնք ֆինանսական դժվարությունները կհաղթահարեն, իսկ մանր արտադրողների մեծ մասը, որոնք եւ գարեջրի բազմազանությունն են ապահովում, չեն մասնակցի: Տեղեկացանք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներով զբաղվում է «ԷվենտՏուրա» ընկերությունը: Գարեջրի համտեսը համեմելու համար ներգրավված կլինեն մինչեւ 20 ռեստորանային ընկերություններ եւ կներկայացնեն սնունդ, որը կարելի է համադրել գարեջրի հետ։
Փորձեցինք կապվել «ԷվենտՏուրա» ընկերության հետ՝ ճշտելու, թե ովքեր են մասնակցելու փառատոնին, ինչու են կազմակերպիչները փոքր արտադրողների համար արհեստական խոչընդոտներ ստեղծում, սակայն մեզ փոխանցեցին, որ մեզ հետ կապ կհաստատի տնօրենը, սակայն այդպես էլ որեւէ մեկը մեզ հետ կապի դուրս չեկավ մինչեւ օրվա ավարտը: ArmLur.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հայկ Կոստանյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ խնդիրներ կան, որ ընկերություններն են մասնակցելու փառատոնին։ Կոստանյանը պատասխանեց, որ, որպես կանոն, մինչեւ վերջին օրն էլ մասնակիցները փոփոխվում են, եւ իրենք հստակ չեն կարող ասել, թե ովքեր կլինեն: Միայն պարզ է, որ փառատոնի համար Զաքյան փողոցը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Այսինքն՝ ծախսն ավելի քիչ է, քան կարելի էր պատկերացնել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ նախկինում փառատոնին մասնակցած գարեջրի փոքր արտադրությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու, թե արդյոք պատրաստվում են այս տարի եւս մասնակցել: «Ալավերդի», «Կելլերս» եւ «Թովմաս» ընկերութուններից մեզ պատասխանեցին, որ այս տարի չեն պատրաստվում մասնակցել փառատոնին: Մի խոսքով, խուլ դժգոհություն է հասունանում՝ փառատոնին ընդառաջ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց օգնականները Ազգային ժողովը դարձրել են սեփական դուքանը, որտեղ ում խելքին ինչ փչում, այն էլ անում է՝ մոռանալով, որ աշխատում են պետության թիվ մեկ քաղաքական` օրենսդիր մարմնում, որն անգամ աշխատանքային դրեսկոդ է սահմանում։ Նախօրեին մեծ աղմուկ բարձրացավ Հայկ Կոնջորյանի օգնականի՝ փուչիկներով լուսանկարների պատճառով: Օգնականը որոշել էր հավերժացնել իր ծննդյան օրը՝ ԱԺ շենքի դիմաց լուսանկարվելով, սակայն այս օգնականը, ինչպես ասում են, «մենակ չէ»` խորհրդարանում իրեն տնավարի զգացողների շարքում։ Երեկ մեր լրագրողը նկատել է, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ընտանյոք հանդերձ է այցելել ԱԺ՝ ամուսնու եւ մանկահասակ դստեր հետ: Նրանք ԱԺ բուֆետում ճաշելիս են եղել: Պարզել է նաեւ, որ Պալյանի ամուսինը պատգամավոր կնոջ օգնական-խորհրդականն է: Ի դեպ, այս ԱԺ-ում եւս` նախորդների նման, պատգամավորների օգնականների, վարորդների ու փորձագետների թվում քիչ չեն նրանց ամուսինները, զավակները, հարսներն ու փեսաները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի միջադեպի գործով նախաքննական մարմինը լռում է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները փորձում են գործը փակուղի տանել եւ կարճել, ինչպես անում է նախաքննական մարմինը ՔՊ-ական շատ պաշտոնյաների եւ նրանց հարազատների մասնակցությամբ միջադեպերի գործով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա. Ս.-ն ճանաչվել է տուժող, որից հետո նախաքննական մարմինը Թորոսյանին ազատ էր արձակել ու մեղադրանք առաջադրել։ Դեպքից անցել է մեկ ամիս, ու մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է սպասվում այս գործով ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին։ Փաստ է, որ նա արցախցի անչափահասին իջեցրել էր ավտոմեքենայից, թողել էր ամայի փողոցի վրա, այսօր շարունակում է մնալ իր պաշտոնին։ Հուսանք՝ այս միջադեպը չի արժանանանա ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի գործի ճակատագրին։ Վերջինս քաղաքացու կարտոֆիլը ոտքով հրել էր ու փողոցով մեկ շաղ տվել, ու պատգամավորի խուլիգանական վարքը քննության առարկա չդարձավ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից էր եղել, բայց նախաքննական մարմինը գործը կարճեց: Մյուս ՔՊ-ականների մասին՝ հաջորդիվ։