24.11.2024
Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը. Աշոտյանը՝ որդուն
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը վախենում է և երկմտում․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ում վերջին շաբաթներին համոզում են առաջադրվել, դեռ երկմտում է: Նման երկմտանքները, որպես կանոն, ավարտվում են չառաջադրվելու որոշմամբ: Վերջին շաբաթներին Թաթոյանը քաղաքական տարբեր շրջանակների հետ կոնսուլտացիաներ է արել: Ոմանք խոստացել են աջակցել, սակայն Թաթոյանը հապաղում է: Մտերիմները կարծում են, որ Թաթոյանի վախերը` սեւ փիառից, փչանալուց, թույլ չեն տա առաջադրվել: Որոշ շրջանակներում անգամ քննարկում էին Թաթոյանի եւ Հայկ Մարությանի համատեղ հանդես գալը, կանխատեսում էին, որ դա կործանարար կլինի ՔՊ-ի համար։ Չի բացառվում, որ իշխանությունն ինքն է նպաստում այս վախերի խորացմանը` կասեցնելով մրցակցի առաջադրումը: Այս հինգշաբթի՝ կառավարության նիստում կորոշվի Երեւանի ընտրությունների անցկացման օրը: Իշխանությունը կանգ է առել սեպտեմբերի 17-ի վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են: Կալանավայրում մենակ նստելը համարվում է ամենածանր փորձությունը: Թե ինչու է Աշոտյանը նախընտրում մենակ նստել, դժվար չէ պատկերացնել։ Հիշեցնենք, որ մենախցի ռեժիմում է նաեւ մոտ 2 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ժամանակին մենակ է նստել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՔՊ-ական փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը նույնպես նախընտրել է մենակ նստել»:


«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկա օրերին կհայտարարի Երեւանի ընտրություններին չմասնակցելու մասին։ Չնայած Ծառուկյանն այդ մասին ուղիղ չի ասել, բայց թիմն այդպիսի տպավորություն ունի։ «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը որտեղից է, ոչ մի պաշտոնական որոշում չի եղել, երբ լինի, մենք հրապարակային կտեղեկացնենք»,- ասաց Արման Աբովյանը։ Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ոչ միայն կհայտարարի չմասնակցելու մասին, այլեւ հնարավոր է ասվի, որ կուսակցության անդամներն ազատ են ընտրության հարցում, որպեսզի ԲՀԿ-ականների՝ ոմանց հետ համագործակցությունը չվերագրվի ԲՀԿ-ին։ Ի դեպ, գրել էինք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ անդամներ Միքայել Մանրիկյանը եւ Մարկոս Հարությունյանը ԼՀԿ թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ քննարկել են համագործակցելու հարցը, չի բացառվում, որ Խաժակյանի ցուցակում լինեն, բայց բանակցում են իրենց անունից:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի վարած խաղաղամուրական քաղաքականությունը հանգեցրել է նաև նրան, որ, ի լրումն ամենի, Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներն արդեն առանց չնչին չափով իսկ նեղվելու, իրենց պարտք են համարում ուղիղ կերպով վիրավորել ու նվաստացնել հայերին, Հայաստանը, Արցախի հայությանը: Խնդրեմ, հիացեք. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը նշել է որպես «Խանքենդի»: Քաղաքականության մեջ ու առհասարակ կյանքում պատահական բաներ չեն լինում: Հենց այնպես չեն վերցնում ու Ստեփանակերտի փոխարեն կամ Ստեփանակերտին զուգահեռ գրում՝ «Խանքենդի»: Սա՝ իր հերթին: Հիշատակյալ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում մասնավորապես նշել է. «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունն ապահովելու նպատակով»: Այնպիսի տպավորություն է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին խոսողները, առաջին հերթին՝ Արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի անգամ ոչինչ չեն լսել Բաքվի հնչեցրած ուղիղ սպառնալիքների, Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրականացվող քայլերի, Բաքվի հրահանգներով իրականացվող կոնկրետ սպանությունների մասին:


Առհասարակ, բոլորը, ովքեր Արցախին մղում են Բաքվի գիրկը, այսպես ասած՝ «ուղիղ երկխոսության», պետք է առնվազն նշեն, թե ի՞նչ միջազգային երաշխիքներ կարող են ապահովել, ի՞նչ ձևաչափ է դա ունենալու, կողմերը որպես ո՞վ են բանակցելու, ո՞ր տերություններն են այդ բանակցություններին ու դրանցով գրանցվելիք պարտավորություն-պայմանավորվածություններին տեր լինում: Հարթակ կա՞: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերակով թեկուզ: Կարծես՝ չկա: Այսինքն, հարթակ չկա, երաշխիքներ չկան: Իսկ նման դեպքում՝ «ուղիղ երկխոսության մասին» հայտարարությունները, հորդորները, գրառումները դատարկախոսություն են և առանց այն էլ դժվարին ու անմարդկային վիճակում դրված Արցախի հայերին արնախում ու հակամարդ թշնամու երախը նետելու ստոր նպատակ հետապնդող մտադրություններ: Քաղաքակրթական ոչ պակաս արյունոտ շղարշով վատ քողարկված մտադրություններ, ի դեպ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հեղափոխական պաշտոնյաները պատգամավորի մանդատ կամ պաշտոն ստանալուց հետո են միայն կարողացել տուն ու ավտոմեքենա գնել կամ առնվազն դրանցից մեկը: Օրինակ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն ունի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, ավտոմեքենա գնել է 2019 թվականին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ Այդ տարի նա գնել է 2012 թվականի արտադրության «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորից նախարար դարձած Նարեկ Մկրտչյանը որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4 մլն 220 հազար դրամ, իսկ բանկային հաշվին նրա գումարները կազմել են 4 մլն 570 հազար դրամ եւ 7 մլն 168 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում նախարարը կարողացել է վաստակել 28 մլն դրամ, որից 20 մլն դրամը նրա նախարարի աշխատավարձն է եղել, 3 մլն դրամ վարձատրություն է ստացել Ամերիկյան համալսարանից, ինչպես նաեւ «Արդշին» եւ «Ակբա» բանկերից փոխառություններ ունի ստացած՝ 2 մլն 972 հազար եւ 1 մլն 400 հազար դրամի չափով։ Նրա վարկերի մնացորդը տարվա վերջում 8 մլն դրամի չափով է եղել։ Ծախսերի մասին որեւէ տեղեկություն նախարարը չի ներկայացրել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական իշխող մեծամասնությունը շարունակում է իր խայտառակ ու ոչ ադեկվատ գործելաոճը: Երեկ նրանք պաշտոնապես շրջանառության մեջ են դրել Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրինագիծը, որը պետք է քննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նիստերի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՔՊ-ականները անակնկալի են եկել՝ իմանալով, որ հարցն այնքան է լրջացել, որ ԱԺ նիստերի օրակարգ է մտել. մինչ այդ շատ պատգամավորներ անլուրջ են համարել նախաձեռնությունը: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանձնարարություն են ստացել Բաղրամյան 26-ից՝ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հետեւեն ԱԺ բոլոր ՔՊ-ական պատգամավորների քայլերին, ու հանկարծ չլինի մեկը, որն առանց հարգելի պատճառի բացակայի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելու հարցի քվեարկությունից: Ավելին՝ մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգվել է ՔՊ պատգամավորներին, ինչպես բոլոր կարեւոր քվեարկություններից առաջ, ԱԺ ընտրական գործընթացը սկսել հեռախոսի տեսանկարահանումը միացված: Այսինքն՝ պատգամավորը միացնում է հեռախոսը, եւ վիդեո կադրում պետք է երեւա, թե ինչպես է մտնում քվեախցիկ, քվեարկում հրահանգված սցենարով, ապա ծալում այն, բերում, նետում քվեախցիկը եւ դուրս գալիս: Ողջ գործընթացի ժամանակ չպետք է հեռախոսը անջատված լինի, որպեսզի կասկածների դեպքում ֆրակցիայի ղեկավարությունը ստուգի ՔՊ-ականների քվեարկությունը: Այսպիսով, կասկած չկա, որ ժողովրդավարության կեղծ քողի տակ ԱԺ-ն զրկվում է հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից եւ վերածվում է ՔՊ-ականների հավաքատեղիի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն պայթյունից տուժածներին կրկին հրավիրում է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մինչ այդ, նկատենք, որ ողբերգական դեպքից 1 տարի անց առեւտրի կենտրոնի սեփականատերերից որեւէ մեկին նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել։ Հիշեցնենք, որ իրավապահ համակարգը ողբերգական դեպքով այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված եւ միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել էր։ Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է գտնվում մեկ անձ. «խոշոր ձկները» մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավապահներն այդպես էլ մեկ տարի անց չկարողացան առաջ քաշել։ Հիշեցնենք, որ ողբերգական պայթյունը խլեց 17 հոգու կյանք, որոնցից մեկին փրկարարները այդպես էլ չգտան, ու հարազատները պայթյունի վայրից իրենց հարազատի ենթադրյալ մոխիրը հուղարկավորեցին։


«Փաստ» օրաթերթը գրում է. Տեղեկատվական անվտանգության խնդիրը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Հատկապես վերջին շրջանում քաղաքացիները մասնավորաբար սոցկայքերի միջոցով ավելի ու ավելի հաճախ են ստանում տարբեր բիզնեսներում ներդրումներ կատարելու առաջարկներ, և, ի վերջո, կորցնում են բավականին մեծ գումարներ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հուշում է՝ ինչպես հասկանալ առաջարկվող ներդրումը կե՞ղծ է, թե՞ ոչ, մյուս կողմից՝ օգնում հասկանալ՝ որտե՞ղ կարելի է վստահաբար ներդրումներ կատարել: Մարտիրոսյանն ասում է, որ կան հայկական բիզնեսներ, որոնք դառնում են բաց բաժնետիրական ընկերություններ, այսինքն՝ ցանկացած մարդ կարող է դառնալ դրանց բաժնետերը: «Այսօր այդ ընկերությունները դեռ շատ չեն, բայց կարելի է ընտրել՝ տրամաբանելով, թե որ բիզնեսներն ունեն կայուն հիմք և զարգանում են: Հայաստանում այսօր դրանք, օրինակ՝ բանկերն են: Տեղեկատվական տեխնոլոգիաները ևս շարունակում են զարգանալ, սա անխուսափելի գործընթաց է և կարելի է փորձել ներդրում կատարել, օրինակ՝ տելեկոմների մեջ»,-նշում է փորձագետը: Սամվել Մարտիրոսյանը որպես օրինակ է բերում «Թիմ» տելեկոմը, որը Հայաստանում առաջինն է հայտարարել բաժնետոմսերի վաճառքի մասին, և այսօր քաղաքացին կարող է դառնալ դրա բաժնետեր, գործարքը բավականին հեշտ է, լուրջ գիտելիքներ ունենալու կարիք չկա: Փորձագետը նշում է՝ նախ՝ վստահելի ընկերության մեջ ներդրում կատարելով՝ քաղաքացին կարող է վստահ լինել, թե որտեղ է ներդրում կատարում, բացի դա, փողը մնում է Հայաստանի տնտեսության մեջ, «ուստի շատ կարևոր է, որ մարդիկ ներդրումներ կատարեն հայկական բիզնեսներում», առավել ևս՝ չխաբվեն գայթակղիչ, բայց կեղծ առաջարկներից:


«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ոչ միայն համայն հայությանը, այլև, կարելի է ասել, աշխարհին հուզեց Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի կատարմամբ հնչած Կոմիտասի «Կռունկը»: Երաժիշտն արմատներով կապանցի է և այս օրերին հայրենի Կապանում է, որտեղ անցկացվում է միջազգային երաժշտական փառատոն, որի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի համայնքապետարանը: Ի դեպ, փառատոնի ընթացքում նաև տեղեկացվեց, որ Կապանը նոր, բավական թանկարժեք ու եզակի հնչողությամբ դաշնամուր ունեցավ՝ «Steinwat D 274» կարգի: Այն, ի դեպ, Վիեննայից մոտ 5000 կմ ճանապարհ է անցել, ընդ որում՝ բավական դժվարություններով։ Ի դեպ, հավելենք, որ այս փառատոնը համարվում է Սյունիքի մշակութային կյանքում եզակի և նշանակալի իրադարձություն, քանի որ, ինչպես կազմակերպիչներն են նշում, իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի երաժիշտների՝ ինչպես հանրապետության բոլոր տարածաշրջաններից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։