25.11.2024
Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ-ին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը օրինակելի է

Հայաստանում հանքաարդյունաբերության ոլորտում իրական հնարավորություններ կան, բայց այդ հնարավորությունները պետք է իրացվեն բնության պահպանությամբ և աշխատողների անվտանգության պահպանմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովի մեկնարկից առաջ նա ասել է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը այս ոլորտում նոր մշակույթ է բերում՝ ներկայանալով իբրև բնապահպանական չափանիշների կիրառմամբ կենսունակ հանքարդյունաբերություն ապահովող հնարավորության վառ օրինակ: Բայց միևնույն ժամանակ նա կարևորել է կառավարության կողմից վերահսկողությունը ոլորտի նկատմամբ:

Միլսի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտում եղած հնարավորությունների ճիշտ օգտագործումը կբերի նոր աշխատատեղերի բացմանը, ինչը կարևոր է երկրի զարգացման համար:

Նշենք, որ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը պարբերաբար ահազանգում է Ամուլսարի շահագործման հետ կապված խնդիրների մասին: Գլխավոր ահազանգն այն է, որ Ամուլսարը շահագործում է օֆշորային ընկերություն՝ «Lydian International»-ը, որն ընդամենը մի փոքրիկ, շարքային օֆշորային ընկերություն է, որի նմանները հազարներով բուսնում են երկրագնդի տարբեր անկյուններում։ Այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը և ստեղծվել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում: Հանքարդյունահանման ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող այս ընկերությունը փորձ է կատարել շահագործել ևս երկու հանքավայր Կոսովոյում և Վրաստանում, ինչը տարբեր պատճառներով «բարեհաջող» ձախողել է:

Իր հերթին բնապահպանները ահազանգում են, որ ոսկու շահագործումը անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Մասնավորապես, դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը։