ՀՀԿ-ական. Պաշտոնյաներից 1000 դրամից ավելի պետք է գանձվի
Նախօրեին Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների մի փաթեթ, որի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ: Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն այդ թվում և յուրաքանչյուր աշխատող քաղաքացու կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարից:
Թեև հանրության կողմից բանակին աջակցությունը մշտապես եղել է առաջնային, այդուհանդերձ որոշումը որոշակիորեն քննադատության արժանացավ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից: Իրականում, սակայն, թիրախը ոչ թե 1000 դրամը չվճարելն է, այլ շքեղ կյանք վարող պաշտոնավորներն ու հատկապես ՊՆ աշխատակազմն ու գեներալիտետը, որոնք վարում են 30-40 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենաներ, հայտարարագրում եմ միլիոնավոր կարողություն, որը համարժեք է իրենց վարած շքեղ կյանքին:
Լուծումը տեսնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով առաջարկում է բարձր պաշտոններ զբաղեցնող անձանցից պետք է գանձել ավելի շատ, քան 1000 դրամն է:
«Բարձր պաշտոններ զբաղեցնող անձանցից պետք է գանձել ավելի շատ, քան 1000 դրամն է, իսկ միջին և ցածր աշխատավարձ ունեցողներին չանդրադառնալ` այդ բացը լրացնելով պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների աշխատավարձերից»,- ասաց նա:
Պատգամավորը հավաստիացրեց, որ պատրաստ է հանդես գալ այդ առաջարկությամբ, քանի որ ընդհանուր առմամբ այդ գաղափարին դրական է վերաբերվում.
«Կարծում եմ, որ բոլորը պետք է մասնակցեն բանակի խնդիրների լուծմանը»,- շեշտեց նա:
Հովհաննես Սահակյանը նշեց, որ դրանք այն միջոցներն են, որոնք միայն պետության վրա թողնելը իրատեսական ու ճիշտ չէ, որովհետև խոսքը միանվագ վճարների մասին է: Դա, ըստ նրա, ապահովագրության նոր ինչ-որ մոդել է, որին բոլորը մասնակցություն կունենան:
«Ապահովագրելու ենք թե' զինվորին, թե' ինքներս մեզ, որովհետև պատերազմի դեպքում բոլորը կգնան, կմասնակցեն` չիմանալով ինչպիսին կլինի այդ մասնակցության ելքը: Մահվան աչքերին ամեն օր նայող զինվորը պետք է հանգիստ խղճով մեկնի դիրքեր` վստահ լինելով, որ իր ընտանիքը անտեսված չի լինի: Այս նախաձեռնությունը լիովին տեղավորվում է ազգ-բանակ գաղափարի մեջ, դա ճիշտ նախաձեռնություն է: Հիմնադրամի շարժն էլ կլինի թափանցիկ»,-հավաստիացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա, ի դեպ, չհամաձայնվեց այն դիտարկման հետ, թե հանրությունը ըմբոստացել է այդ գաղափարին` հորդորելով չնույնականացնել իրականությունն ու սոցիալական ցանցերը:
Իսկ ահա հարցին` արդյո՞ք այս քայլով կառավարությունը անուղղակի ազդակներ չի հղում, որ սպասվում են լայնածավալ գործողություններ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց.
«Ես ամեն օր եմ սպասում լայնածավալ գործողություններ, ապրիլն էլ ի ցույց դրեց այն իրողությունը, որ հասարակությունը մի օր արթնացավ պատերազմական իրավիճակում»,- հավելեց նա: