Հանրության դեմ տարվող հիբրիդային պատերազմը ագրեսիվ կերպով տարվում է հենց երկրի ներսում
Հայ հանրության դեմ տարվող հիբրիդային պատերազմը գնալով նոր թափ է ստանում: Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դա անում դրսից, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ դա ագրեսիվ կերպով տարվում է հենց մեր երկրի ներսում: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
"Դրա գլխավոր կազմակերպիչը ու հովանավորը ՀՀ իշխանություններն են, նրանց հարող լրատվականներն ու փորձագիտական շրջանակները: Փաշինյանի յուրաքանչյուր հակապետական միտք՝ Արցախի կամ ՀՀ տարածքների հետ կապված արագորեն սկսում են տարածել նրան հարող «փորձագետները»՝ փորձելով ապացուցել, որ մենք թույլ, անկարող ենք և գոյություն ունենալու միակ երաշխիքը դա Ադրբեջանի պայմաններն իրագործելն է: Իհարկե, նրանք չեն պատասխանում այն պարզ հարցին, թե ինչի՞ է հանգեցնելու այդ պայմանների իրագործումը, մինչ ու՞ր ենք զիջելու և արդյոք այդքանից հետո պետություն ունենալու ենք, թե չէ:
Հիմնական թեզը հետևյալն է՝ Ռուսաստանը մեզ չի օգնում, Ադրբեջանի կողմից են, մենք էլ ռեսուրս չունենք պայքարի: Առանձնապես չվերլուծելու դեպքում ստացվում է, դե ճար չկա, պետք է հանձնվել:
Այս քարոզչական թեզը բացառում է, որ մենք որևէ բանի ունակ ենք, որ մենք որևէ հարց կարող ենք լուծել, սա, ըստ էության, նպատակ ունի բերելու այն եզրահանգնման, որ մենք պետականություն չպետք է ունենանք, դե անկարող մարդիկ ենք:
Բայց մեր պատմությունն ապացուցել է, որ ինչի մենք հասել ենք, ինչ ստեղծել ենք դա արել ենք հենց մեր ուժերով, ցավոք, միայն երբ դանակը ոսկորին է հասել: Դրա օրինակն է՝ Նժդեհի պայքարը հանուն Սյունիքի, 90-ականների պատերազմը, որի նպատակն էր բացառել Արցախի հայերի ցեղասպանությունը և բազմաթիվ այլ դրվագներ: Մենք պետություն ունենք հենց պայքարի շնորհիվ, ամեն անգամ, երբ մենք հանձնվել ենք, մեզ սպանել են, մենք պետություն ու տարածք ենք կորցրել:
1915 թ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ ապացույցն է: Հենց այդ նպատակով էլ իշխանությունները «փակում են» Ցեղասպանության ճանաչման թեման, քանի որ պետք է ջնջել պատմական հիշողությունը, դա խանգարում է իրենց՝ «հանձնվելու» թեզի տարածմանը:
Պայքարի անհրաժեշտության քարոզն է իրատեսությունը, քանի որ դա ապացուցված է փաստերով: Իսկ միջոցները տարբեր են՝ տեղեկատվականից սկսած բանակի արդիականացմամբ վերջացրած: Այսօր մեր դեմ պայքարում են ոչ միայն զենքով, այլև հենց տեղեկատվական դաշտով՝ ազդելով մեր ուղեղների վրա: «Հանձնվենք, որ փրկվենք» թեզը ցույց է տվել, թե որքան կործանարար է ու վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել: Բոլոր այն մարդիկ, որոնք զբաղված են այս թեզի տարածմամբ տանում են մեզ հայոց պետականությունը կործանման ճանապարհով",- գրել է ադրբեջանագետը: