25.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը
prev Նախորդ նորություն

Ծոցի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը կարևոր է, քանզի Ադրբեջանն ավելի շահեկան դիրքերում է

Այս օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում : VERELQ-ի հետ հարցազրույցում արաբագետ Արաքս Փաշյանը նշեց, որ ԱՄԷ-ն բավականին ազդեցիկ դեր ունի տարածաշրջանային կազմակերպություններում, այն կշիռ ունի նաև համաշխարհային առևտրի, տարանցիկ առևտրի հետ կապված: Բացի այդ՝ ԱՄԷ-ն նաև ռեսուրսային երկիր է , և Հայաստանի համար իսկապես կարևոր է նման երկրի հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը:

-Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ստեղծված քաոսային իրավիճակը, որտեղ Հայաստանն ունի խնդիր Սիրիայի հայկական համայնքի ուղղակի ֆիզիակական գոյության հետ կպված, որո՞նք են Հայաստանին հետաքրքրող խնդիրները Ծոցի երկների հետ հարաբերություններում:

-Առաջնային է Լեռնային Ղարաբաղի հարցը, որովհետև իսլամական աշխարհում Ադրբեջանը լուրջ աջակցություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որի ապացույցը Իսլամական համագործակցություն կազմակերպության դիրքորոշումն է: Այդ դիրքորոշումը, ինչպես հայտնի է, բավականին կոշտ է և ադրբեջանամետ: Բնականաբար արաբական երկրների հետ մեր կապերի ակտիվացումը և Ադրբեջանի քարոզչությանը հակազդելը բխում է Հայաստանի շահերից և այս առումով արաբական աշխարհի, այդ թվում և Ծոցի երկրների հետ համագործակցության ամրապնդումը կարող է ի շահ Հայաստանի լինել՝ մեր հետաքրքրությունների շրջանակում է: Իսկ Ծոցի երկրները բավական հանգուցային դերում են տարածաշրջանային մի շարք կազմակերպություններում: Բացի այդ, արաբական երկրների հետ համագործակցությունը կարևոր է նաև տեղի հայ համայնքների անվտանգության տեսանկյունից և այս առումով շատ կարևոր է համագործակցության հաստատումն ու խորացումը նույն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

-Դուք արդեն նշեցիք, որ Ադրբեջանը ավելի սերտ կապեր ունի արաբական երկրների հետ, իսկ Հայաստանը, կարծես, նոր է փորձում այդ կապերն ամրապնդել: Չե՞ք կարծում, որ պաշտոնական Երեւանն այս հարցում բավականին ուշացել է:

-Սխալ է ասել, որ մենք նոր ենք փորձում այդ կապերն ամրապնդել, մենք տարիներ ի վեր արաբական երկրների հետ կապեր ունենք և համագործակցում ենք, բայց մի քանի գործոններ կան, որ ի նպաստ Ադրբեջանի են: Նույն իսլամական գործոնը կապող օղակ է Ադրբեջանի և մի շարք արաբական երկրների միջև, հենց այդ գործոնով է պայմանավորված, որ Ադրբեջանը շատ ավելի շահեկան դիրքերում է այդ երկրների հետ համագործակցության մեջ, քան Հայաստանը: Դրա համար Հայաստանը միշտ էլ պետք է փորձի իր արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան ուղղությունը զարգացնել, ավելի առաջ տանել, որը պետք է ծառայի հանուն պետության ու ազգային շահերին:

-Հաշվի առնելով Ռուսաստանի դերակատարումը սիրիական ճգնաժամում, որտեղ Ռուսաստանն ու արաբական մի շարք երկրներ կարծես հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում և հաշվի առնելով ՀՀ՝ ԵԱՏՄ անդամ լինելը, ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ այդ հարաբերությունների խորացման գործընթացի վրա:

-Չեմ կարծում, թե շատ վճռորոշ, քանի որ Հայաստանը շատ հարցերում ունի ավելի չեզոք դիրքորոշում ու պարտադիր չի, որ Հայաստանը միանշանակ կերպով ասոցացվի Ռուսաստանի հետ: Հետո Հայաստանը մեծ կշիռ չունեցող պետություն է և այդ առումով շատ դեպքերում Հայաստանն ավելի աննկատ է մնում:

Զրուցեց Լիա Խոջոյանը