28.11.2024
Մերկելն անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման տագնապալից վիճակով
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՅԴ-ն համոզում է Սերժ Սարգսյանին կանխել Ծառուկյանի վերադարձը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հիմնական դերակատարներ համարվող «խոշոր ձկները» հայտնվել են ուռկանում: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նա ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, թե ինչու էր հայտնվել Սարի թաղում եւ ինչ էր անում: ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբորորդուն եւ եղբորը՝ ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանին եւս հարցաքննության են հրավիրել: Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանն այդ օրը լուսաձայնային նռնակը ձեռքին մարտնչում էր ՀՀ քաղաքացիների դեմ: ՀՔԾ-ում են եղել նաեւ ՀՀ ոստիկանապետի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը՝ Նասկին, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, եւ մինչ այս հիշատակված շատ այլ անդրդվելի դեմքեր»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է կադրային փոփոխությունները: Նա նշանակումներ է արել՝ արարողակարգի պետի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, կադրերի բաժնի պետի, ֆինանսատնտեսական բաժնի պետի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարներ, մրցույթներ հայտարարել, սակայն պարզ է, որ ԺՊ-ները հետագայում կհաստատվեն: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ է նշանակվել Համլետ Լյուդվիգի Գրիգորյանը, արարողակարգի վարչության պետի ԺՊ՝ Հովհաննես Սոկրատի Կարապետյանը, աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետի ԺՊ` Սուրիկ Անուշավանի Պարսամյանը եւ այլն: Բոլորը համակարգից են, մի քանիսը՝ Քննչական կոմիտեից, մյուսները դատախազության նախկին աշխատակիցներ են, որոնց ժամանակին ազատել էր Գեւորգ Կոստանյանը: Այժմ դատախազությունում թափուր են 2 վարչության եւ 2 բաժնի պետի պաշտոններ՝ գնումների եւ նյութատեխնիկական ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման եւ անվտանգության ապահովման, հանրային կապերի եւ ներքին աուդիտի»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»–ին հայտնի դարձավ, որ անցած տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը։ Վերջինս հեղաշրջում սկսելու համար գումար է տվել Արթուր Վարդանյանին։ Հայր Անտոնը Արթուր Վարդանյանին է փոխանցել 70 հազար ԱՄՆ դոլար։ Թոթոնջյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով։ Հիշեցնենք, որ հայր Անտոնը կալանավորվել է, ապա 2 ամիս անց հունվարին, ազատ արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն շարունակում է հնարավոր բոլոր փաստարկներով համոզել, որպեսզի Սերժ Սարգսյանը դեմ լինի Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին։ Նրանք վստահ են, որ վերջինս ԱԺ ընտրություններում ամբողջությամբ կտանի ժողովրդի սոցիալապես անապահով եւ ապաքաղաքական հատվածի ձայները։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Արմեն Ռուստամյանի եւ Հրանտ Մարգարյանի հետ վերջին հանդիպմանը ասել է, որ չի պատրաստվում հետ պահել Ծառուկյանին վերադառնալու մտքից, ավելին, նրանց լծակներն էլ ավելացնում է, եւ իրենց մնում է միայն աշխատել ու ապահովել նվազագույն անցողիկ ձայները»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու բարեփոխումներն անպայման արտացոլում են ունենալու իրենց կուսակցության մեջ եւ կուսակցության ղեկավար կազմում։ – Փոփոխությունների արդյունքում նոր մարդիկ կմտնե՞ն ՀՀԿ ԳՄ, եւ որոշ անդամներ դուրս կգա՞ն այնտեղից։ – Փոփոխությունները նշանակում են ամեն ինչ։ Փոփոխությունները կարող են վերաբերվել եւ ԳՄ-ի ընդհանուր թվակազմին, եւ նոր անդամների հնարավորությանն ու ԳՄ-ից դուրս գալուն։ Պարզապես զինվեք համբերությամբ մինչեւ մեր համագումարը։ Երկրում տեղի ունեցող բարեփոխումները չեն կարող ազդեցություն չունենալ իշխող կուսակցության ղեկավար մարմնի վրա։ – Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը երեկ պատասխանելով նրա՝ ՀՀԿ–ին անդամակցելու վերաբերյալ հարցին՝ ասել էր, որ այդ մասին վարչապետն ինքը կհայտարարի։ Այսինքն` արդեն հաստատ է, որ Կարապետյանը կմտնի ՀՀԿ։ Այդ դեպքում էլ նա, բնականաբար, կընդգրկվի ԳՄ։ – Մեզ համար, իհարկե, ցանկալի կլինի վարչապետի մուտքը ՀՀԿ, բայց դա ինքը պետք է նախաձեռնի եւ ինքը պետք է դա հայտարարի։ Իսկ եթե Կարեն Կարապետյանն անդամագրվի կուսակցությանը, ապա, բնականաբար, նա պետք է լինի կուսակցության ղեկավար մարմնում»։