VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունում շարունակում են հակառուսական գիծն անշեղորեն առաջ մղել եւ խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այդուհանդերձ, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ջերմ վերաբերմունքի արժանացնել Հայաստանի իրենց գործընկերներին։ Նախորդ շաբաթ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին։ Տեղեկացանք, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Սիմոնյանը գործուղման մեկնել է վերջինիս բորտով, այլ ոչ թե հայաստանյան պատվիրակության հետ։ Վոլոդինը հրավիրել է Սիմոնյանին Մոսկվա, որ միասին թռչեն Մինսկ, նույն ճանապարհով էլ ԱԺ նախագահը վերադարձել է Երեւան, իսկ հայաստանյան պատվիրակները նրանից մեկ օր հետո են վերադարձել։ Մեր տեղեկություններով, ինքնաթիռում գործընկերները ոչ պաշտոնական զրույց են ունեցել հայ-ռուսական փոխհարաբերությունների մասին։ Եվ Վոլոդինը փորձել է ինչ-որ բաներ բացատրել իրենց՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականության հետ կապված։ ՔՊ-ում կարծում են, որ ռուսները գիտակցում են իրենց անգործության հետեւանքները, սակայն չեն կարողանում փոխել իրավիճակը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Տեւական դադարից հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանգստյան օրերին Փաշինյանին ուղղված հասցեական քննադատությամբ հանդես եկավ՝ մի բան, որը չէր անում պաշտոնավարման վերջին շրջանում եւ պաշտոնանկությունից հետո։ Նա Արցախի Հակոբավանքից ուղիղ եթերում անդրադարձավ Փաշինյանի եւ նրա կնոջ՝ վերջին շրջանի մի քանի հայտարարություններին, ապա դիմեց Փաշինյանին. «Դուք վտանգավոր բան եք անում»։ Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդանյանի եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական որոշ ուժերի միասնությամբ ձեւավորված ճակատում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, եւ այդ քննարկումների ժամանակ էլ որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում՝ չտրվելով վերջիններիս սադրանք-մեղադրանքներին, թե Հայաստանի փողերով են Արցախը պահում։ Որոշ տեղեկություններով՝ Վարդանյանն առաջիկա օրերին՝ գուցե մայիսի 24-25-ին, Անվտանգության խորհրդին ու նախագահին ներկայացրած՝ ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կներկայացնի հանրությանը՝ փորձելով հանրային ճնշման ճանապարհով հասնել դրա իրագործմանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում ներքաղաքական գործընթացները շարունակում են նոր զարգացումներ ստանալ: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող «քաղաքական կոնսուլտացիաների» հիմնական կռվախնձորը պետնախարարի պաշտոնն է և ուժային կառույցների համակարգման հարցը: Թերթին հայտնի է դարձել, որ այս փուլում պետնախարարի փոփոխության հարցն առժամանակ օրակարգից դուրս է եկել, իսկ Սամվել Բաբայանը շարունակում է ուժայինների վերահսկողության հարցով «բազարներ» տանել՝ նախագահին կից նոր մարմին ձևավորելու շրջանակներում: Մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը տարբեր խմբերի հետ հանդիպումներում հայտարարել է, թե հայտնվել է «երկու քարի արանքում»: Ի մասնավորի, Հարությունյանը դժգոհում է հատկապես այն պատճառով, որ շարունակվում են ճնշումները Նիկոլ Փաշինյանի կողմից, մյուս կողմից՝ ճնշումներ կան Արցախի նախկին նախագահների կողմից, ովքեր դեմ են իշխանությունը Փաշինյանի կողմից հովանավորվող դեմքերին փոխանցելուն: Նախկին նախագահները կարծում են, որ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնումն իրականացնել արցախցիների ձեռքով: Ըստ այդմ, Արցախում փորձում են ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը:
Արցախից փոխանցում են նաև, որ Արայիկ Հարությունյանը նշել է, թե Բաբայանի կողմից կազմակերպված հանրահավաքն ամբողջությամբ տապալված է եղել, քանի որ «մի քանի հարյուր մարդով հանրային պահանջ չեն ներկայացնում», մանավանդ, որ Արցախում առնվազն 5-6 մարդ կա, ովքեր կարող են ավելի մեծ հանրահավաքներ անել ու հանրային աջակցություն ստանալ: Այլ բնորոշմամբ, Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Բաբայանի առումով «ֆորա» է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին պատկանող՝ շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը հաշփտակելու քրեական վարույթով: Ուշագրավն այն է, որ իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը: Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված կեցավայր մուտք գործած անձը ոսկյա զարդերը գրավադրել էր գրավատանը եւ ժամանակին չի կատարել գրավադրման պարտավորությունները, գրավատունը այն վաճառել էր: ԱԱԾ-ն հայտնաբերել է գրավատնից այն գնած քաղաքացուն, որն էլ խոստովանել է, որ ինքն էլ գնած ոսկին վերավաճառել է, ու այսպես իրավապահները չեն կարողանում զարդերը հետ վերադարձնել վարչապետի ընտանիքին: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 3 տարի անց նոր հանգամանք էր հայտնել 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու դեպքերով:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Տիգրան. Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երեւան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ եւ միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին: Այնուհետեւ Տ. Պ-ն քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն, մուտք է գործել առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը եւ ապարանջանը: Իհարկե, Տիգրան Պ.-ն կալանավորված է, բայց Աննա Հակոբյանի զարդերը չկան: Հիշեցնենք, որ պատերազմի ավարտն ազդարարող հրադադարի հայտարարության պահանջներից դժգոհ քաղաքացիները հենց կեսգիշերին հավաքվեցին կառավարության դիմաց, ապա շարժվեցին կառավարական ամառանոց, որտեղից էլ գողացան վարչապետի կնոջը պատկանող՝ շուրջ 4 մլն արժողությամբ ոսկյա զարդերը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ եղել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և այցելել տիկին Գայանեին։ Թագուհի Թովմասյանը գրառում է արել.«Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր… Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջեւ, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաեւ անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր, իր որդու՝ Ժորա Մարտիրոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհել: «Ամուր լինենք, պինդ լինենք, հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- ասաց տիկին Գայանեն: Անշուշտ, որեւէ մեկի երեխան չպետք է պատասխանատվության ենթարկվի ծնողի արարքների համար, բայց այն խտրականությունը, որ դրսեւորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է: Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց: Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նոր պաշտոն ստացավ: Ինչպես հայտնի է, դեռ 2022 թվականի նոյեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես հաստատեց, որ վարչության ընտրությունները կեղծվել են. արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում էին պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ քվեաթերթիկների վերահաշվարկը, երբ արդեն հայտնի էր, որ Համբարձում Մաթեւոսյանը կեղծման գլխավոր դերակատարներից էր, վերջինս ոտքի է կանգնել եւ ասել, թե իր տեղը կզիջի Արսեն Թորոսյանին, միայն թե չարժե աղմկել, որ խայտառակությունը չբացահայտվի: Նիկոլ Փաշինյանը Մաթեւոսյանի այս արարքը բարձր է գնահատել եւ ասել, որ հանուն կուսակցության հեղինակության նման անձնազոհության դրսեւորումը շատ կարեւոր է, ինչը պետք է գնահատել: Կարճ ժամանակ անց, իհարկե, Փաշինյանը գնահատեց Համբարձում Մաթեւոսյանի արարքը եւ նրան նշանակեց իր խորհրդական:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, իր լուսավոր դարաշրջանում, համաձայն կենսագրության՝ աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում։ Սակայն չգիտես ինչ պատճառով` 2017 թվականին ԱԺ ընտրություններից առաջ դա չի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս։ (ներկայացվում է փաստաթղթի պատճեն):
Տեղեկացնենք, որ Կոնջորյանը 2014-2016 թվականներին աշխատել է lragir.am կայքում՝ որպես վերլուծաբան:
Եղել է «Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական հաղորդաշարերի հեղինակ և վարող։
2017-2018 թվականներին եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող։ (էլի ներկայացնում ենք պաշտոնական փաստաթուղթը):
Տվյալ դեպքում Կոնջորյանը մեկ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը` նա պետք է լիներ չգրանցված աշխատող` այսինքն օրինախախտ:
Պարզ է դառնում, որ Կոնջորյանը «Para.tv»- ում կամ չգրանցված աշխատող է եղել կամ էլ կեղծ տվյալ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ արարքը համարվում է օրենքով պատժելի և ճիշտ կլինի Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովը վարույթ հարուցի սույն հարցի կապակցությամբ։