24.11.2024
Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» եւ Նիկոլի «Պրահյան գարնան» զեղումները. Աշոտյան
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ն Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է այդ օրը, Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը կոչվում է Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարել  է․ «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է»։ Մինչդեռ ՔՊ-ում նրանք, ովքեր փոքրիշատե գիտակցում են, թե ինչ կարող է լինել, աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի, քանի որ դա նոր աշխարհամարտի սկիզբ է դնելու՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր ճակատ բացելով, որից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում․ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին ելույթ է ունեցել հայերենով, այն պարագայում, երբ սեւծովյանի աշխատանքային լեզուն ռուսերենն է կամ անգլերենը, եւ նա երկու լեզվին էլ լիարժեք տիրապետում է։ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ «Նախորդ տարվանից Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայցեւ չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլեւ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար»: Խոսել է Լաչինի միջանցքը 5 ամիս փակ պահելու եւ ադրբեջանցիների տեղադրած անցակետի ու սպառնալիքների մասին՝ նշելով, որ այդ իրավիճակը «չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար»:


ՀՀ պատվիրակությունը տեղակայված է եղել «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ կազմակերպվել էր միջոցառումը։ Իսկ հյուրանոցից դուրս պաշտոնական ճաշերին մասնակցել է՝ հրավիրողի տրամադրած անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցել է Ուկրաինային, չնայած կարծիք կար, որ նա, պատերազմով պայմանավորված, հրաժարվելու է, եւ նախագահությունն անցնելու է Հայաստանին։ Որոշվել է, որ նիստերը տեղի կունենան Ստամբուլում»;


«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ սորոսական ՀԿ-ների պայքարին միացել են նաեւ սորոսամերձ շրջանակները։ Անցած շաբաթ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ԱԺ-ում փոխոստիկանապետից հաշիվ էր պահանջել, թե ինչու են «Պոլիգրաֆ» ակումբում «բռնություն» գործադրել։ Հիշեցնենք, որ թմրանյութ էին փնտրել՝ խուզարկություն արել, բերման ենթարկել 41 անձի, 4-ի մոտ թմրամիջոց էին գտել։ Իսկ նախօրեին Ղազարյանից հաշիվ էր պահանջում Մարիա Կարապետյանը։ Որոշ տեղեկություններով, ակումբ այցելողների մեջ կան սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դա է հուզել նրանց իրավունքների պաշտպանությամբ մտահոգ անձանց։  «Պարոն նախարար, ես այդ օրը կարող էի լինել այդ ակումբում: Որպես միջին վիճակագրական քաղաքացի՝ կարող եմ երաշխավորել, որ ամենաթունդ բանը, որ ես օգտագործում եմ, սուրճն է: Հետեւաբար, ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ մասշտաբի բացահայտման համար է, որ ես պետք է խուզարկության ենթարկվեմ եւ ձերբակալվեմ»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ մեծ աշխատանք է տարվել. «Փորձաքննության ավարտից հետո խոստանում եմ իրազեկել: Ինչ վերաբերում է՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ են, թե ոչ, դրանք կպարզեն նախաքննությունը եւ ծառայողական քննությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքացի Տաթեւ Վիրաբյանը պատրաստվում է դիմում ներկայացնել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը: Այս մասին օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Արցախի բնակիչ, լրագրող Տաթեւ Վիրաբյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաեւ սոցիալական ցանցի իր էջում: Եվ չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Եվ, ահա, Տաթեւ Վիրաբյանը գործուն քայլերի է դիմում։


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են։ ՔՊ-ից տեղեկացանք, որ մինչեւ հաջորդ քառօրյա նախագիծը կդրվի շրջանառության մեջ, ապա կմտնի լիագումար նիստ։ Նախագիծը մշակվում է պատկան հանձնաժողովում՝ Արթուր Հովհաննիսյանի եւ Ռուստամ Բաքոյանի ակտիվ մասնակցությամբ, իսկ թե ով է ամբիոնից ներկայացնելու, դեռ որոշում չկա։ Թովմասյանին պաշտոնազրկելու հիմքում այն փաստարկն է, որ նա ի պաշտոնե կարող էր նկատողություն հայտնել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, սակայն չի արել։ Չի բացառվում, որ նախագծում ընդգրկվի նաեւ Թովմասյանի իրականացրած ակցիան՝ ամբիոնը գրավելը, որով նա, ՔՊ-ի կարծիքով, խոչընդոտել է ԱԺ նիստի բնականոն ընթացքը։ Նշենք, որ հաջորդ հերթականը կմեկնարկի մայիսի 23-ին։ Ի դեպ, այս օրերին Թովմասյանն Արցախից տեղահանվածների հետ կապված ստորագրահավաք է իրականացնում «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում։ ՔՊ-ականները կարծում են, որ դա նախաձեռնել է իր պաշտոնանկությունը կանխելու եւ Արցախի հարցի հետ կապելու հետին մտքով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո իր մտերիմներից, բարեկամներից ում է հասցրել աշխատանքի տեղավորել: Արդեն գրել ենք, որ Հասմիկ Հակոբյանը պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: Մեզ հետ զրույցում հենց Հակոբյանը չէր հերքել այս տեղեկությունը: Պատգամավորը, սակայն, այսքանով չի սահմանափակվել: Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն եւս աշխատում է ԱԺ-ում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է: Ստացվում է՝ ՀՀԿ-ի օրոք «ԽԾԲ»-ն մերժող այս իշխանությունը, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում եւս փորձում է հետ չմնալ նրանցից եւ տարբեր պաշտոնների, ու աշխատանքների են նշանակում իրենց մերձավորներին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանի որոշմամբ՝ մայիսի 2-ին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Հանձնաժողովի գործունեության ժամկետը հոկտեմբերին արդեն մեկ անգամ երկարացվել էր: Այսինքն՝ սա վերջին անգամն է, որ հանձնաժողովի գործունեությունը երկարացվում է, իսկ արդեն 6 ամսից՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցը՝ պատերազմի հանգամանքների վերաբերյալ, պետք է արդեն պատրաստ լինի: Քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվում է ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: 44-օրյա պատերազմի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թ.-ի փետրվարի 10-ին: Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները, իսկ ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտել է այն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես փոխանցում է «Դատալեքս» կայքը, այսօր դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունենալու դատական նիստ, որն իր էությամբ աննախադեպ է։ Բանն այն է, որ ռուսաստանաբնակ գործարար, բարերար, Հայաստանի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել, ոչ ավել, ոչ պակաս, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Հետաքրքրականն այն է, որ ժամանակ առ ժամանակ սկանդալների կենտրոնում հայտնվող, նույնիսկ ուղղակի թուրքական կողմին որոշակի ծառայություններ մատուցելու համար մեղադրված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցանկացել է, որպեսզի դատարանը կալանք դնի Սողոմոնյանի հաշիվների վրա հայցադիմումով պահանջվող գումարի չափով, ինչն անուղղակի նշանակում է փորձել վնաս տալ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։ Այն, որ ՀՖՖ ղեկավարության գործուն ջանքերի «շնորհիվ» այսօր ազգային հավաքականում չէ ամենահայտնի հայը՝ Հենրիխ Մխիթարյանը, եւ այն, որ ազգային հավաքականները մեծամասամբ խայտառակ ելույթներ են ունենում՝ կրելով պարտություն պարտությունների հետեւից, դեռ քիչ է. մինչեւ վերջերս իշխանությունների անվերապահ վստահությունը վայելած Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը ձգտում են, որ «անպատիժ» չմնա նաեւ հայկական ֆուտբոլում սեփական միջոցներից հսկայական գումարներ ծախսած Արթուր Սողոմոնյանը, ու փորձում են հասնել նրան, որ վերջինս փակի հարյուրավոր աշխատատեղեր Հայաստանում եւ հեռանա։ 


Ֆուտբոլային մեր աղբյուրները պնդում են, որ բացարձակ ապաքաղաքական այս մարդու հետ խնդիրներն առաջացել են այն պահից, երբ վերջինս սկսել է խոսել ֆուտբոլում տիրող անառողջ բարքերից եւ փորձել ՀՖՖ-ին մատնանշել խնդիրները. սա դուր չի եկել նորաթուխ «չինովնիկներին», ու սկսվել են տարատեսակ ֆուտբոլային հետապնդումներ՝ ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը կամ իրական ազդեցություն կրող տեղակալ Արմեն Նիկողոսյանը ներկա չէին գտնվում «Փյունիկի»-ի եվրոգավաթային խաղերին, ինչն ավելին է, քան խայտառակություն։


Դատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, քննադատելով 2019թ․-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմի ձեւավորման մոտեցումները, նշել է, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ։ Մամուլը, համադրելով Սողոմոնյանի ասածները, հետագայում գրեց, որ խոսքը ՀՖՖ գործկոմում վերջերս հայտնված Դավիթ Սարգսյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում մայրը ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է։ Ստացվում է, որ այսպիսով երիտասարդը, ըստ էության, ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։ Ուժային կառույցներից մեզ փոխանցում են, որ նյութեր են նախապատրաստվում ԲԿՄԱ-ի մասով, իսկ մեկնարկած դատական պրոցեսը կարող է հանգեցնել բունտի հայկական ֆուտբոլում։ «Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերից ծնողներ կան, որ նախապատրաստում են բողոքի ակցիաներ, որով կպահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ կուղարկվեն համապատասխան գրություններ, ինչպես նաեւ կբարձրացվեն ՀՖՖ ղեկավարների ու ընտանիքների անդամների կողմից վերջին մեկուկես-երկու տարում ձեռք բերված գույքի ծագման աղբյուների մասին տեղեկություններ։