Wizz Air-ը Երևանից թռիչքներ կսկսի դեպի Բրյուսել և Էյնթհովեն
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունն ավելացնում է իր օդանավերի թիվը Հայաստանում՝ 2-ից հասցնելով 3-ի։ Ընկերությունը պատրաստվում է նաև թռիչքների համար նոր ուղղություններ գործարկել դեպի Էյնթհովեն (Նիդեռլանդներ) և Բրյուսել (Բելգիա)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Wizz Air ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինը։
«Մեր նպատակն է Եվրոպայում դառնալ ամենահուսալի և ցածր գներ ունեցող ավիաընկերությունը, որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները կկապի Հարավային Կովկասի հետ։ Մենք Հայաստանում ամենաառաջին ավիաընկերությունն ենք նստատեղի տարողունակության առումով, բացի դրանից մեզ համար կարևոր է շատ նոր օդանավեր ունենալը։ Այսօրվա լավ նորությունն այն է, որ Հայաստանում ավելանալու է մեր օդանավերի թիվը՝ առկա 2-ից հասնելով 3-ի։ Մենք այսպիսով բացում ենք երկու նոր ուղղություն՝ Էյնթհովեն (Նիդեռլանդներ) և Բրյուսել (Բելգիա)․ Էյնթհովենի համար՝ սկսած հոկտեմբերից՝ շաբաթը 3 անգամ, իսկ դեպի Բրյուսել՝ կրկին շաբաթը 3 անգամ՝ սկսած փետրվարից»,-հայտնեց Wizz Air ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենը։
Նա նաև հավելեց, որ ընկերությունն այդքանով չի սահմանափակվում և ավելացնում է թռիչքների քանակը նաև այլ ուղղություններով։ Այսպիսով՝ դեպի Բուդապեշտ չվերթը շաբաթական 2-ից կդառնա 4, դեպի Ֆրանկֆուրտ չվերթը՝ 2-ից կդառնա 3, ինչպես նաև շաբաթական 4 անգամ չվերթ կլինի դեպի Պրահա։