27.03.2026
Wizz Air-ը Երևանից թռիչքներ կսկսի դեպի Բրյուսել և Էյնթհովեն
prev Նախորդ նորություն

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. «Առաջարկ Հայաստանին»

Գյուղատնտեսությունը ոչ թե պարզապես կերակրում է մեր ժողովրդին, այլ հանդիսանում է մեր երկրի ազգային անվտանգության կարևորագույն գործոններից։ Այսօրվա փոփոխական և անկանխատեսելի աշխարհում ոչ մի երկիր չի կարող ապագա ունենալ` առանց կայուն, մտածված գյուղատնտեսական ռազմավարության և զարգացող գյուղատնտեսական արտադրության, այս մասին ներկայացված է «Առաջարկ Հայաստանին» ֆեյսբուքյան էջում։


«Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ունենալ և զարգացնել կայուն ու բազմաճյուղ գյուղատնտեսություն, և այս ոլորտում պետական քաղաքականությունը պետք է լինի մեր գլխավոր առաջնահերթություններից։


Գագիկ Ծառուկյան


Պետական քաղաքականությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում


1. Վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը


2. Գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ՝ բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։ Գյուղացու աշխատանքը և գործունեությունը պետք է լինեն եկամտաբեր։


3. Էապես բարելավել գյուղական կյանքի որակը՝ այն հարստացնելով մշակութային, կրթական, առողջապահական և այլ կարևոր բաղադրիչներով։


4. Գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ են պետական ներդրումներ՝ աղքատությունը և գյուղերից բնակչության արտահոսքը նվազեցնելու նպատակով։


5. ՀՀ գյուղատնտեսությունը պահանջում է հատուկ պետական քաղաքականություն և չի կարող դիտարկվել որպես շուկայական տնտեսության սովորական ճյուղ։ Այն իրականացնում է առնվազն չորս կարևոր գործառույթներ․


ա․ պարենային անվտանգության ապահովում


բ․ զբաղվածության կարգավորում և աղքատության հաղթահարում


գ․ տարածքների համաչափ և կայուն զարգացում


դ․ վերամշակման և արտահանման համար հումքի բազայի ձևավորում


6. Հայաստանի բոլոր 10 մարզերի համար անհրաժեշտ է մշակել համալիր զարգացման ծրագրեր՝ հաշվի առնելով խորհրդային տարիներից ձևավորված՝ արտադրական և գյուղատնտեսական մասնագիտացումը։ Միաժամանակ պետք է սահմանել տնտեսության զարգացման ոլորտային առաջնահերթությունները՝ կենտրոնանալով բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների և թվային ծառայությունների ներդրման, ինչպես նաև ժամանակակից մեքենա-տրակտորային կայանների զարգացման վրա։


7. Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերման կայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով, արտադրողի համար ապահովելով հուսալի և արդյունավետ իրացում։


8. Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին։


9. Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝ առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը։


10. Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ։


11. Տարիներ շարունակ վարկային ծանր բեռը հազարավոր քաղաքացիների կանգնեցրել է իրենց ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ, հատկապես սպառողական և գյուղատնտեսական վարկերի դեպքում, երբ տոկոսները, տույժերն ու տուգանքները հաճախ գերազանցում են մայր գումարը։ Պետությունը՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ, պետք է սահմանի փուլային կարգավորումներ՝ տույժերի մեղմման, վարկային արձակուրդների կիրառման և պարտքերի վերակառուցման համար։ Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 2.5–3%։


Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանում գյուղատնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթացում։


Առանցքային բանաձևեր.


- Պետությունը չի միջամտում այնտեղ, որտեղ շուկան գործում է, բայց պարտավոր է միջամտել այնտեղ, որտեղ շուկան աշխատում է սննդի անվտանգության և արտադրողի եկամտի դեմ։


- Պարենային անվտանգության նպատակը հիմնական ապրանքների երաշխավորված նվազագույն սեփական արտադրությունն է և արտաքին ցնցումներին դիմակայությունը։


- Գյուղատնտեսությունն ազգային անվտանգության տարր է, այլ ոչ՝ ընդամենը շուկա։


- Գյուղմթերքի արտահանումը սկսվում է ոչ թե մաքսակետից, այլ՝ դաշտից, այգուց և ֆերմայից։


Հայաստանի գյուղատնտեսության արդյունավետությունը որոշվում է հետևյալ հիմնական գործոններով.


Ոռոգում. ոլորտի հիմքը


Ուշադրության կենտրոնում պիտի լինեն ֆիզիկական ենթակառուցվածքները, կառավարումն ու արդար բաշխումը, կորուստների նվազեցումը, էներգաարդյունավետությունը։


Սուբսիդիաներ և ապահովագրություն


Սուբսիդիաները և ապահովագրությունը դիտվում են որպես ռիսկերի կառավարման միասնական մեխանիզմ, այլ ոչ՝ որպես ցրված միջոցառումներ:


Տեխնիկա


Առաջնահերթությունը հասանելիությունն է (լիզինգ, սպասարկման կենտրոններ), և ոչ թե՝ տիրապետումը։


Պարարտանյութեր և արտադրության միջոցներ


Պետության խնդիրն է ոչ թե ամրագրել գները, այլ՝ ապահովել մատչելիությունը, կայունությունը և կանխատեսելիությունը:


Արտադրանքի իրացում. շուկան՝ որպես քաղաքականության կենտրոն


Ներքին շուկա


Որակի և գնի հավասար պայմաններում առաջնահերթությունը տեղական արտադրանքն է։


Արտահանում


Արտահանումն արդյունք է, ոչ թե նպատակ:


Որակ և սերտիֆիկացում


Ոչ միայն ԵԱՏՄ, այլև՝ ԵՄ շուկաներ մուտք գործելու նպատակով անհրաժեշտ են.


․ ժամանակակից լաբորատորիաներ


․ հավաստագրման կենտրոններ»։