27.03.2026
Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը
prev Նախորդ նորություն

Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. Փաշինյան

Պատերազմի՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը մի թեզ է որդեգրել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արժանապատիվ չէ: Ինչո՞վ են հիմնավորում նրանք այդ թեզը, հիմնավորումներից մեկն այն է, որ Ադրբեջանը, նկատի ունենալով 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները, ներխուժում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածք: Դա տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի իրավիճակում: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նախորդող շրջանի բոլոր ներխուժումները երկու կողմերից տեղի են ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով, պատերազմի պատճառով: Ընդհակառակը, խաղաղության օրակարգի ու գործընթացի շնորհիվ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի ճանաչում է տեղի ունեցել»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ ներխուժումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ-ն ունեցել է դե յուրե անվտանգության երաշխիքներ և երաշխավոր:


Ինչ վերաբերում է անազատության մեջ հայտնվածներին, ապա, ըստ Փաշինյանի, նրանք անազատության մեջ հայտնվել են ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով:


«Կոնֆլիկտի շարունակությունն անգամներով նվազեցնում է, եթե չասենք՝ անհնար է դարձնում նրանց ազատ արձակվելը, իսկ խաղաղությունն անգամներով ավելացնում է, եթե չասենք՝ երաշխավորում է նրանց ազատ արձակումը»,- ասաց նա:


Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե անարժանապատիվն այն է, որ ուրիշի հույսով, դրդմամբ ու կազմակերպմամբ մտել ենք կոնֆլիկտի մեջ և թույլ ենք տվել, որ մեզ օգտագործեն ուրիշների դեմ, արդյունքում՝ օգտագործվել ենք ինքներս մեր դեմ:


«Երբ պետությունն արժանապատիվ դիրքում է, իհարկե, արժանապատիվ վասալն արդեն հայտնվում է անարժանապատիվ վիճակում. սրա հետ է կապված նրանց դիսկոմֆորտը:


Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. սա է իմ եզրակացությունը»,- ասաց նա:

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման դեպքեր
Հաջորդ նորություն next