Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, հեռու մնալ գետամերձ տարածքներից․ մարզպետ
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ հորդորելով չմոտենալ վարարած գետերին:
«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Խնդրում ենք՝
հեռու մնալ գետամերձ տարածքներից,
չմոտենալ վարարած գետերին,
ճանապարհներին լինել առավել ուշադիր»,- նշվում է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:
Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։
Սպասվող տեղումներով պայմանավորված՝ մարտի 27-28-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։