Wizz Air ավիաընկերությունն ընդլայնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Մայիսի 2-ին, դեպի Հայաստան իրականացվող նոր ուղղությունների ընդլայնման կապակցությամբ Wizz Air ավիաընկերությունը հրավիրել էր մամուլի ասուլիս:
Ավիաընկերության ներկայացուցիչ Վալերիա Բրագարենկոն անդրադարձավ բյուջետային ավիաընկերության բիզնես մոդելին, հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը, ինչպես նաև Wizz Air-ի նոր երթուղիների գործարկման ազդեցությանը հայկական զբոսաշրջության ոլորտի վրա:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, ով ողջունեց ավիաընկերության հետ շարունակական համագործակցությունը, ինչն ավելի շատ զբոսաշրջիկների հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանը:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 30-ին ավիաընկերությունը մեկնարկել է 2 նոր ուղղություն՝ դեպի Սոֆիա (յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի) և Դորտմունդ (յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի):
Իսկ 2023թ. հունիսի 26-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: