25.11.2024
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու 3 ներկայացուցիչ բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում
prev Նախորդ նորություն

Արցախի կառավարության անդամները հանդիպել են խաղաղապահների նորնշանակ հրամանատարին

Արցախի կառավարության անդամները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորակազմի նորնշանակ հրամանատարին։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը լսել է իրենց ու հայտնել, թե առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:


Արցախի պետնախարարի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը:


Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.


Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.
– Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,
– Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,
– Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:


Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:


Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:


Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:


Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»: