25.11.2024
Էդգար Ղազարյանը դատական կարգով վիճարկելու է ՄԻՊ ընտրելու Ազգային ժողովի որոշումը
prev Նախորդ նորություն

Մեր գլխավոր նպատակն է ունենալ զարգացող համայնքներ և մրցունակ ենթակառուցվածքներ. նախարար

2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 247 մլրդ 750 մլն գումար, որից ծախսվել է 235 մլրդ դրամը կամ 95 տոկոսը: Իրականացվել է 24 ծրագիր, 146 միջոցառում: Այս մասին ապրիլի 19-ի ԱԺ արտահերթ նիստում բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ:


Հարակից զեկուցողի խոսքով նախարարության գլխավոր նպատակն է ունենալ կայուն զարգացող համայնքներ եւ մրցունակ, որակյալ ենթակառուցվածքներ: «Մեր հիմնական աշխատանքները միտված են այս ուղղություններով առաջընթաց գրանցելուն»,- ընդգծել է նախարարը: Ըստ նրա՝ տարածքային կառավարման եւ ՏԻՄ ոլորտում նախարարությունը շարունակական կերպով փորձել է մեծացնել տարածքային եւ տեղական դերակատարների կարողությունները:


Նշվել է, որ նախորդ տարի համապատասխան օրենքներում իրականացված փոփոխությունների արդյունքում մարզպետարանի փոխարեն ունենք մարզպետի աշխատակազմ՝ նոր կանոնադրությամբ, նոր կառուցվածքով, փոփոխված գործառույթներով: Նախարարի գնահատմամբ համայնքների միավորման ու խոշորացման գործընթացում մարզպետարան-համայնք կառուցվածքային որոշակի նմանության ապահովումը կունենա դրական ազդեցություն:


«Նախորդ տարի շարունակվել է համայնքների միավորման գործընթացը, եւ համայնքային խմբի մեջ միավորվել են 13 համայնքային փնջեր: Արդյունքում` Հայաստանում ունենք 71 համայնք, այդ թվում` Երեւանը եւ Գյումրին»,- ընդգծել է նախարարը եւ հավելել` 71 համայնքներից 64-ը խոշորացված համայնքներ են:


Գնել Սանոսյանի կարծիքով իրականացված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն կա ավելի ակտիվացնել ապակենտրոնացման գործընթացը եւ ընդլայնել ՏԻՄ լիազորությունները:


Նախարարն անդրադարձել է համայնքներում ծառայությունների էլեկտրոնային մատուցման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: «Այստեղ հսկայական դերակատարում ունեն համայնքներում հիմնվող քաղաքացիների սպասարկման գրասենյակները»,- ասել է զեկուցողը եւ տեղեկացրել, որ նախորդ տարի հիմնվել են եւս 5-ը, եւ այս պահին 59 համայնքներում առկա է քաղաքացիների սպասարկման 75 գրասենյակ, որտեղ մատուցվում են տարաբնույթ ծառայություններ, եւ բնակիչները կարիք չունեն այցելելու պետական այլ գերատեսչություններ:


Նախարարը կարեւորել է էլեկտրոնային եղանակով գույքահարկի հավաքագրման գործընթացը: Նշվել է, որ 2022 թվականին համայնքների համար մշակվել է միջնաժամկետ ծախսային ծրագրեր իրականացնելու գործընթաց:


Գնել Սանոսյանի խոսքով Կառավարությունն ավելացնում է համայնքներին տրամադրվող դոտացիաները. 2018 թվականին այն կազմում էր 48 մլրդ, 2022 թվականին 64 մլրդ է, 2023 թվականին նախատեսված է 69 մլրդ:


Ըստ նախարարի` գործադիրը շարունակում է աջակցությունը սահմանամերձ համայնքներին. նախորդ տարի տրամադրվել է 996 մլրդ դրամի աջակցություն: Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերը, ճանապարհաշինության ոլորտում կատարված ասֆալտապատման աշխատանքները: