Ադրբեջանը էյֆորիայի մեջ է. Փաշինյանը՝ Բաքվի հետ բանակցությունների մասին
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է եւ մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության՝ Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ եւ լոգիստիկ խաչմերուկ, ու նրա կարեւորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արեւմտյան երկրների համար մեծացել է: Բայց այս իրավիճակը ե՛ւ ռիսկեր ունի, ե՛ւ հնարավորություններ:
"Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերեւս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է, եւ դրանում ոչ պակաս կարեւոր է նաեւ Հայաստանի ու Վրաստանի դերը։ Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որովհետեւ եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետեւանքներով:
Բայց, իհարկե, խաղաղությունը կախված է նաեւ մեզնից եւ մեր դիրքորոշումներից, ու իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորը անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Արդյոք հնարավո՞ր է նման զարգացում: Կարծում եմ՝ իսկապես հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ, որոնց մի մասին վերը անդրադարձա, բայց, իհարկե, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում դրանք ավելի մանրամասն պարզաբանման կարիք ունեն:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների եւ որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն եւ պարտավորվեն այսօր եւ երբեւէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել",- շեշտեց Փաշինյանը: