Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի: Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա բացատրեց, թե ինչ է նշանակում ինքնորոշում.
"Ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել՝ Ա կարգավիճակը վերանայել, դարձնել կարգավիճակ Բ, կամ վերանայել եւ չփոխել, կամ վերանայել, դարձնել Ա պլյուս 1 կամ Ա մինուս 1 կարգավիճակ - պայմանականորեն եմ ասում, որ լրացուցիչ քաղաքական կրքեր չբորբոքեմ, այլ կենտրոնանանք բովանդակության վրա - այսինքն՝ ապագա կարգավիճակը դարձնել ցանկացած այլ բան, եւ այստեղ ամեն ինչ պարզ է: Բայց առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում ես զարգացնել, փոխել եւ դարձնել Բ կարգավիճակ, ապագա որեւէ կարգավիճակի մասին, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել այս տրամաբանությամբ չի կարող, որովհետեւ եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմ ն կամ արդեն ինքնորոշվել ես կամ ինքնորոշման կարիքը չունես:
Հիմա, մենք ինքներս, սեփական ձեռքերով (ձեզ հայտնի ժամանակ) -էլի չեմ ասում, թե երբ, որ լրացուցիչ կրքեր չբորբոքեմ - բանակցային, քաղաքական, աշխարհքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, այլեւ ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի համար ցանկանում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը: Եւ սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Բայց էլի ուզում եմ ուշադրություն դարձնենք հետեւյալի վրա. առնվազն հիմա՝ ես չեմ ասում որեւէ մեկին մեղադրելու համար, այլ արձանագրելու, որ մինչեւ այս ակնհայտ փաստի եւ իրողության հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա: Երբեք:
Բայց, ինչպես ասել եմ, խաղաղությունը համարում եմ իմ քաղաքական հանձնառությունը՝ առանձնապես հիմա, առանձնապես 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեի վերահաստատումից հետո: Եւ այս համատեքստում, իհարկե, չափազանց կարեւոր է, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորվի, եւ այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման օրակարգի իրացումը",- ասաց Փաշինյանը: