24.11.2024
Կաթողիկոսը ցավակցել է Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին
prev Նախորդ նորություն

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը

Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:


ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ նախորդ օրը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ:


ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ, վարել են անձնազոհ մարտ՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ: Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:


«Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր եւ վիրավորներ: Զոհվել է 4, վիրավորվել՝ 6 զինծառայող»,- ասել է ԱԺ փոխնախագահը:


Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են զոհված զինծառայողների հիշատակը, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:


ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին հրավիրել Ազգային ժողով՝ պատգամավորների հետ քննարկելու ստեղծված իրավիճակը:


ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է առաջարկը, քննարկման ձեւաչափը կորոշվի: