23.11.2024
Ադրբեջանն ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ընդդիմության նոր կեցվածքը՝ քար լռություն. ամաչո՞ւմ եք, համակերպվե՞լ եք

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր վերածվեց ՔՊ-ականների բենեֆիսի: Ի դեպ, երբ նիստը սկսվեց ու պարզ դարձավ, որ բացի հանձնաժողովի նախագահ Թագուհու Թովմասյանից նիստին ընդդիմության որևէ այլ ներկայացուցիչ չի ներկայացել, արդեն իսկ պարզ էր թե՛ դրա ընթացքը, թե՛ բովանդակությունն ինչ ճանապարհով ու երանգավորմամբ են ընթանալու: Մինչդեռ, հիշեցնենք, նիստում քննարկվելու էր ՄԻՊ թեկնածուի հարցը և նույն այդ ընդդիմությունը թեկնածու է առաջադրել՝ ի դեմս Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի:

Վերջինիս առաջադրումը ի սկզբանե հարցեր առաջ քաշեց, որոնց ի պատասխան ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» պարզաբանում էին, թե հասարակական շրջանակներն են դիմել Ղազարյանին առաջադրելու համար, իրենք էլ, դե, ընդառաջել են: Այս պարզաբանումը ավելի շատ արդարանալու էր նման, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ են արդարանում, եթե հենց իրենք են Ղազարյանին առաջադրել:

Մի կողմ թողնենք Էդգար Ղազարյանի անձը, նրա անցյալը, ներկան ու հենց ապագան: Հարցն այստեղ ավելի շատ “տղայական” տիրույթում է պետք դիտարկել, կամ Սենտ Էքզյուպերիի հայտնի ասույթով՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք: Ի վերջո, եթե առաջադրել եք, բա տեր կանգնեք ձեր թեկնածուին, ինչու չկաք, ո՞ւր եք, ինչու եք թողել նրան միայնակ այս ոհմակի հետ: Չգիտեի՞ք, թե ինչ է սպասվում Էդգար Ղազարյանին: Վստահ ենք՝ գիտեք: Բա այդ դեպքում ձեր չգալը ինչո՞վ է պայմանավորված: Նրանով, որ ուզում էիք մեկընդմիշտ Էդգար Ղազարյանին քաղաքական ասպարեզից հեռացնել, իր կյանքի թերևս ամենախայտառակ և նվաստացուցիչ երկու ժամերի միջով անցկացնելո՞վ: Սա ոչ միայն քաղաքական առումով բացատրելի չէ, այլև, կներեք, տղայական:

Իհարկե, երբ վերջապես վախերը անցնեն ու հեռախոսներին սկսեք պատասխանել, այդ ժամանակ կարդարանաք, թե ամենքդ կարևոր գործեր ունեիք: Բայց, օրինակ, նույն հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ Արեգնազ Մանուկյանն ու Զեմֆիրա Միրզոևան ո՞ւր էին, ինչու ներկա չէին նիստին: Էլ չենք խոսում այն մասին, որ վախվորած հեռախոսազանգերին էլ չեն պատասխանում...

Ամաչո՞ւմ էիք Ղազարյանից, չէի՞ք հավատում այս առաջադրման հաջողությանը, խուսափո՞ւմ եք քաղաքական պատասխանատվությունից:

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: