VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, Մոսկվայից հրահանգների է սպասում։ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա փոքր-ինչ հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացի կրկնել է Բաքվի խոսույթը, որ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա։ Հարությունյանը կարծում է, որ ինքն այլեւս անելիք չունի նախագահի պաշտոնում, եւ պատրաստվում է հրաժարական տալ։ ԱՀ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ կա՛մ Մոսկվայից նրան կտարհամոզեն, կա՛մ հրաժարականի դիմում կգրի։ Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, եւ նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել ԱԺ լուծարումից, եւ օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել։ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետ է սահմանել մինչեւ մարտի 21-ը, որից հետո արդեն խորհրդարանը սահմանադրական փոփոխության նախագիծը կքվեարկի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած «Իրավունքի» աղբյուրների հավաստմամբ` հրաժարական կտա Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս հարցում, կարծես թե, վերջնական որոշում է կայացվել` կանաչ լույս վառելով քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի համար: Սրանով իշխող ուժը նախեւառաջ խնդիր է լուծում ընդդիմության կողմից հնարավոր իշխանափոխության օրակարգով նոր ալիքը վիժեցնելու ուղղությամբ: Ըստ էության, ներքաղաքական դաշտը դնելով նախընտրական «ռելսերի» վրա` ընդդիմությունը փոխանակ իշխանափոխության օրակարգի վրա կենտրոնանալու` կշտապի դիրքավորվել նախընտրական քարոզարշավի մեջ: Հատկապես, վերջին ասուլիսից հետո` Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն, ուստի` պետք է օր առաջ քաղաքային իշխանությունը պահպանելու մասին մտածել: Ինչ վերաբերում է պատերազմի վտանգներին, ինչի մասին նույնիսկ Փաշինյան Նիկոլն է փաստում, սա էլ այս փուլում կարող է աշխատել հօգուտ ՔՊ-ական նախընտրական «կոմպանիայի»: Չէ որ հնարավոր սահմանային լարվածությամբ պայմանավորված` որեւէ մեկը «սիրտ չի ունենա» զբաղվել քարոզարշավով, մինչդեռ Ավինյան Տիգրանն արդեն վաղուց դեֆակտո սկսել է քարոզարշավը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել: Նիստերին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչության անդամներին նախապես ասվել է, որ այդ օրերին՝ երեկոյան ժամերին, հետաձգեն բոլոր իրենց գործերը, որպեսզի առանց բացառության բոլորը ներկա լինեն նիստերին: ՔՊ-ականները նման որոշում են կայացրել՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը հաշվի առնելով: Բանն այն է, որ ՔՊ-ում էլ շատ լավ գիտակցում են պահի լրջությունը, հասկանում են, որ Հայաստանն ու Արցախը փակուղում են, «մանեւրելու» տեղ այլեւս չունենք: Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը չթաքցրեց, որ բանակցությունները փակուղի են մտել, Ադրբեջանը հրաժարվում է մինչ այս ստանձնած իր պարտավորություններից, ավելին՝ գնալով մեծացնում է իր պահանջները, տարածքային նկրտումները ոչ միայն Արցախի, այլեւ արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ: Խոսքը, ամենայն հավանականությամբ, հենց Սյունիքով միջանցքի մասին է: ՔՊ-ականները պարբերաբար ակնարկում են, որ հիմա բանակցային դաշտում ողջ ջանքերը ուղղված են Սյունիքը պահելուն, իսկ Արցախի հարցը թողել են բախտի քմահաճույքին, կամ ինչպես իրենք են ասում, «Արցախի ժողովուրդը եւ ղեկավարությունը իրենք հենց պետք է որոշեն իրենց ճակատագիրը»: Բացի սա, լարված է նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքը. պարբերաբար ՔՊ-ականների կոռուպցիոն «հերոսությունների» մասին նոր տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, ինչի արդյունքում ՔՊ-ն հայտնվում է մամուլի ու հասարակության քննադատության կիզակետում: Այս ամենը հաշվի առնելով՝ ՔՊ-ականները որոշել են ամեն շաբաթ հանդիպել, որպեսզի վարչապետից տեղեկանան արտաքին զարգացումների մասին, ինչպես նաեւ քննարկեն իրենք հետագա անելիքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կնշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ Նշենք, որ նա 2022 թվականի սեպտեմբերից հրաժեշտ էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այդ ժամանակից առ այսօր նոր պաշտոնի չէր անցել։ Թեեւ նրան խոստացել էին կրթական հաստատություններից մեկի ղեկավարումը հանձնել, սակայն մինչ օրս չէին նշանակել: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի նոյեմբերի 25-ի համարում, Արթուր Դավթյանն աշխատանքի կանցնի Արցախում։ Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար, եւ Արթուր Դավթյանը կփոխարինի հենց նրան։ Քաղաքական որոշումն արդեն կայացվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգն առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնում է։ Գործը հասնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանին եւ երկու անգամ բավականին երկար պահել նրան նախաքննական մարմնում: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են նաեւ բժշկական կենտրոնի աշխատակիցներ, ու չի բացառվում, որ առաջիկայում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ձերբակալություններ լինեն: Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետական եզակի բժշկական կենտրոններից է, որը 2020-ի ապրիլից գործել է որպես բացառապես քովիդ-կենտրոն:
«Հրապարակ» թերթը գրում է. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինն առաջիկայում կնշանակվի Աշտարակի քաղաքային մշակույթի տան տնօրեն։ Հատուկ մարզպետի կնոջ համար որոշել են վերակազմակերպել կառույցը, ավելի խոշորացնել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։ Կառույցը գրեթե ձեւավորված է։ Եկող շաբաթ պաշտոնանկ կանեն Աշտարակի մշակույթի տան ներկայիս տնօրեն Արմինե Հեպոյանին ու կնշանակեն նոր տնօրենին՝ Մարինա Մկրտչյանին, ով ներկայում Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի փոխտնօրենն է։ Դեռեւս տնօրեն Արմինե Հեպոյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց, որ ուրբաթ օրը կամ երկուշաբթի նոր ձեւավորված կառույցի տնօրեն է նշանակվելու։ Թե ով՝ ասաց, որ տեղյակ չէ․ «Ըստ էության, խոշորացվելու է, համայնքների տնօրեններն այդուհետ կլինեն վարչական պատասխանատուներ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա: Նա կլինի բոլոր զորամասերին համապատասխան հանձնարարականներ տվողը: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ArmLur.am-ը փետրվարի 2-ին գրել էր, որ Արտակ Բուդաղյանին Պաշտպանության նախարարությունում լուրջ պաշտոն են առաջարկել, եւ առաջիկայում նրա նշանակումը կլինի, եւ, ահա, նրա նշանակումը եղել է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Հովհաննիսյանը իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, եւ նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ Գեւորգ Սավթալյանը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ նրանց մոտ, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչություն եւ հարց ուղղել, թե վերոնշյալ գործը ինչ հանգուցալուծում է ստացել, եւ արդյոք մեղադրանք առաջադրված է եղել Արթուր Հովհաննիսյանին, թե ոչ:
Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարությունից ստացել ենք պատասխան, որում ասվում է. «28.11.2017թ.-ին Ա. Հ.-ին եւ Գ. Ս.-ն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեո-Զեյթունի բաժին։ 05.12.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): հարուցվել է քրեական գործ, եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»: Այս նույն հարցով դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե, որից էլ ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Քրեական գործով որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իսկ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում 2018 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին»: Գերատեսչությունների պատասխաններից անհայտ է մնում, թե ինչու է որոշվել գործը կարճել, սակայն փաստ է մեկ բան, որ նա բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով (իրացում, վաճառք, օգտագործում): «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ հարցում է ուղարկել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դարձել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ թմրամիջոցերի ապօրինի շրջանառության գործը կարճելու որոշման հիմքը: Շարունակելի…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սեւ շուկան: Ավելին՝ մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. մարտի 6-ին տեղեկութուն հրապարակվեց այն մասին, որ սկսվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային տոմսերի առցանց վաճառքը: Ընդ որում՝ տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս: ՀՖՖ-ից նաեւ հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ, սակայն արդեն մարտի 13-ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են, եւ մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի: Եվ, ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը, դարձել տոմսերի սեւ շուկայում ընթացող վաճառքի զարգացման հիմք: Օրինակ՝ արեւելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը, 3-5 հազար դրամի փոխարեն, ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային եւ հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը, 2 հազար դրամի փոխարեն, 20 հազար դրամ է, արեւմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի՝ 10 հազար դրամի փոխարեն: Ավելին՝ մոտավոր 15 հազար հանդիսական տեղավորող մարզդաշատի համար, պարզվում է, ոչ բոլոր տոմսերն են հանվել վաճառքի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական եւ վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այսինքն՝ մի կողմից՝ ոչ բոլորն են կարողացել տոմս գնել, մյուս կողմից էլ՝ ՀՖՖ-ն չի կարողանում վերահսկել սեւ շուկան, եւ վերավաճառողներն անարգել հարստանում են:
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Նախօրեին համայնքապետարաններն այդպիսի գրություն են ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։ Գրությամբ տեղեկացվում է․ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։ Այս որոշումը ցայտնոտի մեջ է գցել ՏԻՄ իշխանություններին, նրանց կարծիքով՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի։