VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել, բայց նաեւ չբացառեց, որ նման որոշում կայացնեն. «Նման քննարկում չի եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեջ, տեղեկություն չունեմ՝ ՔՊ-ում նման հարց քննարկել են, թե ոչ: Եղել է քննարկում, որ մենք շատ արդյունավետ այս մեկ տարին անցկացրինք: Դրա վառ վկայությունն այն է, որ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ամենաբարձր ցուցանիշն է գրանցել վերջին 6 տարիներին. դա համատեղ աշխատանքի արդյունք էր՝ մեր՝ որպես ընդդիմության, իրենց՝ որպես իշխանության. սրա շուրջ է եղել քննարկում, այլ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ընտրություններն էլ սեպտեմբերին են, եւ որեւէ ուժ չկա, որն այս պահին կքննարկի դաշինքի հարց 6-7 ամիս հետո տեղի ունեցող իրադարձությունների մասին»: Մեր հստակեցնող հարցին՝ բացառում է արդյոք ՔՊ-ի հետ դաշինքը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ չի կարող բացառել, քանի որ նրանց հետ համատեղ անցած ճանապարհ ունեն. «Մենք ունենք համատեղ աշխատանքի փորձ: Ես կարող եմ ասել է՝ ում հետ ենք բացառում որեւէ համագործակցություն՝ բոլոր այն ուժերի հետ, որոնք ընտրությունները պատկերացնում են ոչ քաղաքական գործընթաց, առեւտրի առարկա կամ փող բաժանելու միջոց. այս ուժերի հետ հստակ բացառում ենք համագործակցությունը, իսկ այն ուժերը, որոնց հետ անցած քաղաքական ճանապարհ ունենք, նրանց հետ համագործակցությունը կարող է տարբեր ֆորմատներում տարբեր ձեւեր ստանալ, ուստի ես այս գլխից դա բացառել չեմ կարող»,- ասաց Խաժակյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին 2020-ի պատերազմից հետո արված հանգանակություններն էականորեն նվազել էին։ Իսկ վերջին շրջանում կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել, չնայած դրանց մեծ մասը՝ անանուն է։ Հիմնադրամին գումարներ են փոխանցել անհատներ Արմեն Ղազարյանը՝ 5 մլն դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25 հազար դոլար, Ղեւոնդ Էմյանը՝ 5 մլն դրամ, Ներսես Սիմոնյանը՝ 5 հազար դոլար։ Հայտնի չէ, թե ովքեր են այս մարդիկ եւ ինչ նկատառումներից ելնելով են վարչապետի կնոջ գրասենյակին փող փոխանցում։ Հակոբյանի հիմնադրամին 10 մլն դրամ է փոխանցել նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը պատկանում է 2013-2014 թվականներին Սյունիքի մարզպետ եղած Վահե Մաքսիմի Հակոբյանին՝ 100 տոկոս բաժնեմասով։ 10 մլն դրամ է փոխանցել նաեւ «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն։
Փորձեցինք պարզել թե ում է պատկանում «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն: Համացանցում «ԱՆ-ՆԱՐ» անվամբ մեկ ընկերություն կա, սակայն ընկերության մասին գրեթե տեղեկություն չկա, բացի այն, որ այն գրանցված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ ընկերության ներկայացուցիչը Ռոման Սարիկի Հարությունյանն է, եւ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ։ Պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «ԱՆՆԱՐ» ՍՊԸ անունով, որը պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արշավիր Խաչատրյանին: Վերջինս ներկայում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ է։ Անցած տարվա նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն էլ նկատեցինք․ օրինակ, Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը 2022-ին երկու փոխանցում է արել՝ մոտ 3 հազար դոլարի չափով։ Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում․ Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչեւ Ներքին գործերի նորաստեղծ նախարարության վրջնական կազմավորումը չավարտվի: Ինչպես Փաշինյանն էր ասում, գործընթացն արվում է անցումն անցնցում ապահովելու համար։ Եվ, ահա, ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռեւս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ի ներսում արդեն խոսակցություներ կան, որ վարչապետը Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական , մինչեւ նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն կգտնեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արգելել է իր հարազատներին գնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ, այսպես ասած, «ԿԳԲ-ի պադվալ» եւ տեսակցել իրեն: Բանն այն է, որ իրավապահ համակարգը թույլ է տվել, որ միայն պաշտպանության նախկին նախարարի մերձավոր հարազատները հնարավորություն ունենան տեսակցելու նրան, սակայն Տոնոյանը հարազատներին արգելել է իրեն տեսակցության գալ: Նշենք, որ «Անպիտան հրթիռների» գործով ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է: Մինչ օրս արգելված էր նրա որեւէ հարազատի տեսակցել Տոնոյանին: Այժմ արգելանքը վերացված է միայն մերձավոր հարազատների դեպքում:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մարտի 8-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել էին խորհրդարան` իր արտահայտությունների համար բացատրություններ տալու։ Պետնախարարը մասնավորապես ասել էր․ «Ես որեւէ կերպ չեմ պատկերացնում, որ երեւանյան եւ ստեփանակերտյան դիրքորոշումների միջեւ կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երեւանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման եւ կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։ Ավելի ուշ պետնախարարն իր աշխատակազմի, տեղեկատվության բաժնի միջոցով խմբագրել էր ինքն իրեն՝ նշելով, որ իր ձեւակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել, կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»։ Սակայն պատգամավորները սպասում են նրա այցին՝ հասկանալու համար, թե պետնախարարն ունի՞ նման համոզվածություն, թե՞ մտքերը լավ չի ձեւակերպել։ ԱՀ օրենսդիրները կարծում են, որ Ներսիսյանի արտահայտությունները հակասում են Արցախի հարցի վերաբերյալ մինչ օրս պետական մակարդակով եւ ԱԺ-ի կողմից արված հայտարարություններին եւ սահմանած «կարմիր գծերին»՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: Հայաստանի կառավարությունն իր ընդդիմախոսներին հետեւելու համար լրտեսող ծրագրեր է կիրառել: Այս մասին վկայում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ հրապարակված «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Freedom house-ն իր զեկույցում հիշեցրել է, որ դեռեւս 2022թ-ի մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը (TAG) Հայաստանի կառավարությանը կապել էր մակեդոնական Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերի օգտագործման հետ։ Cytrox ընկերության Predator ծրագիրը թիրախավորում է մարդկանց՝ տվյալներ հավաքելու, մանիպուլյացիայի ենթարկելու եւ նրանց սարքերն ու ինտերնետային հաշիվները շարքից հանելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ լրտեսող ծրագրերը օգտագործվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լրագրողների, այլախոհների եւ իրավապաշտպանների թիրախավորման համար: Հիշեցնենք, որ դեռ 2021թ-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ մեկ այլ լրտեսող ծրագրով՝ Pegasus ծրագրով, գաղտնալսել են իր եւ իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները։
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած ԱԺ նախորդ նիստի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ իշխող ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, սակայն ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։ «․․․Ողջամիտ ենթադրություն է ձեւավորվում, որ Սեդա Սաֆարյանը խախտել է ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմելու ՍԴ-ին՝ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով»,- նշվում է դրա մեջ։ Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանում այս նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնություն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր։Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջված` կանայք տղամարդկանց են փոխարինում, տղամարդիկ կանանց իրավունքներն են պաշտպանում: Չգիտես ինչու՝ Հայաստանից ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու է մեկնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով հանդես է եկել կանանց իրավունքների եւ հնարավորությունների հիմնահարցերին նվիրված ելույթով: Առհասարակ, միջազգային հանրությունը վերջերս նոր սեւեռում ունի` կանանց թեման: Հիմա այս թեման է քննարկվում ամենուրեք, այս թեմայով են տրվում գրանտները, եւ սրանով է զբաղված քաղհասարակությունը: