Արցախի հասցեին Ադրբեջանի սպառնալիքները հակաարդյունավետ են. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հակաարդյունավետ է համարում մարտի 5-ին Արցախի ոստիկանների վրա ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումից հետո Արցախի հասցեին Ադրբեջանի սպառնալիքները։
«Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է: Դա չի օգնում առաջ մղել խաղաղության օրակարգը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի օգտագործման հետ կապված։
Մենք նաև կարծում ենք, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի լուծումների որոնմանը կնպաստի ներկայիս լարվածության թուլացմանը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով VERELQ-ի լրագրողի հարցին։
Նա պատասխանեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ միջադեպից հետո ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում ուղղակիորեն չի նշվում էսկալացիայի մեղավորը, ի տարբերություն ՌԴ ՊՆ տեղեկագրի։
«Ինձ թվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը մանրամասն տեղեկատվություն է պարունակում այս միջադեպի մասին՝ հաշվի առնելով տեղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը։ ԱԳՆ-ի մեկնաբանությունը քաղաքական գնահատական է տալիս կատարվածին. դրա բանալին կողմերին զսպվածության, իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում բանակցություններին վերադառնալու կոչն է։ Ես կարող եմ մեր դիրքորոշումը ձեւակերպել բացարձակապես պարզ ու հասկանալի»,- ասել է Զախարովան։