24.11.2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Շտայնմայերը քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերին:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ:


ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված ձևաչափով:


Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացմանը: Այդ համատեքստում, կարևորվել է երկու երկրների կառավարությունների ակտիվ փոխգործակցությունը:


ԳԴՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումների կարևորությունը:


Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և նշել, որ ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և երկոսւտեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Տիկին Աննա Հակոբյանը և Էլկե Բյուդենբենդերը կարևորել են պետությունների ղեկավարների տիկնանց ակտիվ գործունեությունը տարբեր ուղղություններով:


ԳԴՀ նախագահի տիկինը կարևորել է դուալ կրթության ոլորտի զզարգացումն ու այդ ուղղությամբ կյանքի կոչվող ծրագրերը` մանրամասներ ներկայացնելով Գերմանիայում իրականացվող քայլերի վերաբերյալ:
Վարչապետի տիկինը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը ևս ծրագրեր է իրականացնում դուալ կրթության ոլորտում:


Ընդգծվել է կանանց կարևոր դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում: Այս համատեքստում, տիկին Հակոբյանն Էլկե Բյուդենբենդերին հրավիրել է այս տարի Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին: