25.11.2024
Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում
prev Նախորդ նորություն

ԵՄ առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տարածաշրջանում կայունության ապահովման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:


Իր ելույթում նա անդրադարձել է ԵՄ առաքելության տեղակայմանը.


«2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց, մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նշեցին, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, բացահայտորեն մատնանշեցին ագրեսորին՝ Ադրբեջանին, ընդգծեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը՝ ընդգծելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը Հայաստանի տարածքում։


Իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևոր քայլ էր նախագահ Մակրոնի, նախագահ Միշելի, նախագահ Ալիևի և իմ քառակողմ հանդիպումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ-ի կարճաժամկետ մոնիտորինգային առաքելության տեղակայման վերաբերյալ:


Երբ այս առաքելության մանդատն ավարտվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Հայաստանի խնդրանքով ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքում երկու տարի ժամկետով նոր, լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայել։


Հայաստանի կառավարության անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ մեր խնդրանքին աջակցելու համար։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, և ես արդեն հանդիպել եմ առաքելության ղեկավար, միջազգային տեղակայման ոլորտում մեծ փորձ ունեցող ձեր հայրենակից պարոն Մարկուս Ռիտերի հետ Երևանում:


Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում մեր գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում։