24.11.2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Գերմանիա
prev Նախորդ նորություն

Դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ.

Հարգելի՛ դիվանագետներ,


Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Դիվանագետի օրվա առիթով:


1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։ Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միացյալ ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնակայանի դիմաց։


Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։


Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:


Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Դիվանագետի օրվա առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։