ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը մտահոգություն են հայտնել Արցախում ստեղծված իրավիկակի մասով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:
Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նախորդ տարի արձանագրված տնտեսական ցուցանիշները եւ նշել, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կյանքում: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի առավել զարգացման եւ առեւտրատնտեսական համագործակցության խթանման կարեւորությունը:
Դեսպան Քվինը փոխվարչապետին է փոխանցել ԱՄՆ հանձնառությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի տնտեսական եւ քաղաքական օրակարգին:
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: