Հույս ունենք, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ մշակած խաղաղ նախաձեռնությունները. ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս ունի, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները կյանքի կկոչվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։
«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգույց, մի տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերը Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։
Նա անհարիր է որակել Հարավային Կովկաս ներթափանցելու Արևմուտքի փորձերը։ Նրա խոսքով, նման քաղաքականություն է իրականացվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտյաններն է՛լ ավելի են ակտիվացել»,- նշեց նա։
Զախարովան նաև հայտարարել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվը ինչ-ինչ պատճառներով, հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ, ավելանում է»։
«Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է ոտքը, կամ ձեռքը, կամ հավաքական Արևմուտքի միտքը, այն ավելի լավն է դարձել»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։